Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7726 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-77)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 77 | «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով «Արդշինբանկ» ԲԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Արդշինբանկ» ԲԲԸ-ն (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Պավել Մարտիրոսյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 12-ին), խնդրել է հետևյալը.

«1. Սույն դիմումն ընդունել վարույթ:

2. Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև դրա հետ համակարգային փոխկապակցվածությամբ կիրառվող 1225-րդ հոդվածի 3-րդ մասի, 1239-րդ հոդվածի 4-րդ մասի, 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 423-րդ, 424-րդ և 434-րդ հոդվածների՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրության 59-րդ, 60-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը, համաձայն որի՝ ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում պարտատիրոջ կողմից պահանջ չներկայացնելը հանգեցնում է հիմնական պարտավորությունից բխող նյութական պահանջի, այդ պահանջն ապահովող գրավի իրավունքի և հիմնական պարտավորությունից բխող իրավունքների իրականացման կորստին՝ այն դեպքում, երբ հիմնական պարտավորությունը փաստացի չի կատարվել, օրենքով նախատեսված որևէ հիմքով չի դադարել, իսկ դրա ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՌԱՆՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԶԵԼԻՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ՉԷ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՁԻ ՀԵՏ»:

2. Դիմողը նշում է, որ թիվ ԵԴ2/4706/02/24 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերից հետևում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին, ինչպես նաև դրա հետ փոխկապակցվածությամբ կիրառված 1239, 1225, 247, 423, 424 և 434-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի արդյունքում ժառանգության բացման օրվանից օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում պարտատիրոջ կողմից պահանջ չներկայացնելը դիտարկվել է ոչ միայն որպես ժառանգների նկատմամբ պահանջ ներկայացնելու հնարավորությունից զրկում, այլ որպես նյութաիրավական հետևանք առաջացնող իրավաբանական փաստ՝ հանգեցնելով հիմնական պարտավորությունն ապահովող գրավի իրավունքի փաստացի կորստին և պարտավորության նկատմամբ պարտատիրոջ իրավունքների իրականացումը բացառող իրավական հետևանքի: Մինչդեռ Դիմողի գնահատմամբ՝ նման մեկնաբանությունը չի բխում վերոնշյալ նորմերի ո՛չ առանձին, ո՛չ էլ համակարգային մեկնաբանության բովանդակությունից:

Ելնելով վերոնշյալից՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի պայմաններում ընթացակարգային բնույթի ժամկետային կարգավորումը վերածվել է չնախատեսված նյութաիրավական հետևանքի՝ հանգեցնելով պարտավորության և գրավի իրավունքի դադարման:

Բացի դրանից, Դիմողը նշել է նաև, որ օրենսդիրը ձևավորել է իրավաչափ ակնկալիք, որ պարտատերը, նախքան Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով նախատեսված ժամկետի հաշվարկը, կունենա իր իրավունքն արդյունավետ իրականացնելու իրական հնարավորություն: Սակայն սույն գործով նոտարի կողմից օրենքով սահմանված պարտականությունը չի կատարվել: Չնայած դրան՝ Դիմողի մասնակցությամբ քննվող քաղաքացիական գործով կայացված վերջնական դատական ակտով Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով հենց պարտատերն է կրել այդ անգործության բացասական հետևանքները: Արդյունքում պետական մարմնի կողմից օրենքի պահանջի չկատարումը հանգեցրել է մասնավոր անձի գույքային իրավունքի կորստի:

Դիմողը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածն իր բովանդակությամբ կարգավորում է ժառանգության բացումից հետո պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու ժամկետը և ընթացակարգը: Ըստ Դիմողի՝ նշված նորմից չի բխում, որ այդ ժամկետի բացթողումը դադարեցնում է հիմնական պարտավորությունը, վերացնում է պարտատիրոջ նյութական պահանջի իրավունքը կամ դադարեցնում է այդ պահանջն ապահովող գրավի իրավունքը: Հետևաբար՝ Դիմողի կարծիքով, երբ իրավակիրառ պրակտիկայում Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին տրվում է այնպիսի մեկնաբանություն, ինչի արդյունքում պարտատերը զրկվում է պարտավորությունն ապահովող գրավի իրավունքից, ապա ընթացակարգային նորմին վերագրվում է այնպիսի հետևանք, որը օրենքով հստակ և կանխատեսելի կերպով նախատեսված չէ: Նման մոտեցումը խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված՝ իրավական որոշակիության, ինչպես նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից:

Միաժամանակ Դիմողը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 423 և 424-րդ հոդվածներից բխում է, որ պարտավորությունը կարող է դադարել միայն օրենքով, իրավական ակտով կամ պայմանագրով նախատեսված հիմքով, իսկ պարտավորության դադարման հիմնական հիմքը դրա պատշաճ կատարումն է: Դիմողը նաև հավելում է, որ իր մասնակցությամբ քաղաքացիական գործով վարկային պարտավորությունը կատարված չի եղել, չի փոխարինվել այլ պարտավորությամբ, չի դադարել օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով: Ընդհակառակը, ըստ Դիմողի՝ գործի հանգամանքները վկայում են, որ պարտավորությունը շարունակել է գոյություն ունենալ, իսկ պարտապանի մահից հետո կատարվել են նաև վարկի մասնակի մարումներ: Այս պայմաններում ընթացակարգային ժամկետի բացթողումը հիմնական պարտավորության դադարման հետ նույնացնելը հանգեցնում է այնպիսի իրավական հետևանքի, որը խախտում է անձի սեփականության իրավունքը, տնտեսական գործունեության կանխատեսելիությունը և իրավական որոշակիությունը:

Բացի վերոնշյալից, Դիմողը նաև նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 434-րդ հոդվածից բխում է, որ պարտապանի մահն ինքնին չի հանգեցնում պարտավորության դադարմանը: Օրենսդիրը նման հետևանք նախատեսել է միայն այն դեպքերի համար, երբ պարտավորության կատարումն անհնար է առանց պարտապանի անձնական մասնակցության կամ այն անխզելիորեն կապված է նրա անձի հետ: Միաժամանակ Դիմողը հավելում է, որ սույն դեպքում գործի նյութերով հիմնավորվել է, որ պարտապանի մահից հետո վարկային պարտավորությունը շարունակվել է կատարվել, ինչը վկայում է, որ այն շարունակում էր գոյություն ունենալ և ենթակա էր կատարման: Այդ պայմաններում իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մեկնաբանությունը, որի արդյունքում պարտատերը զրկվել է իր գույքային պահանջի և այն ապահովող հիփոթեքի իրավունքի իրականացումից, փաստացի ստեղծում է պարտավորության դադարման նոր հիմք, որը օրենքով նախատեսված չէ: Նման իրավական հետևանքը չի բխում օրենքից և հանգեցնում է Դիմողի սեփականության իրավունքի և տնտեսական գործունեության ազատության անհամաչափ սահմանափակման:

Ամփոփելով վերոնշյալը՝ Դիմողը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ինչպես նաև դրանց հետ համակարգային փոխկապակցվածությամբ կիրառվող նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասին, 1239-րդ հոդվածի 4-րդ մասին, 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 423, 424 և 434-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խնդրահարույց է Սահմանադրության 59, 60, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև դրանց հետ համակարգային փոխկապակցվածությամբ կիրառվող 1225-րդ հոդվածի 3-րդ մասի, 1239-րդ հոդվածի 4-րդ մասի, 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 423, 424 և 434-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն անհամաձայնություն է հայտնում թիվ ԵԴ2/4706/02/24 քաղաքացիական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև դրանց հետ համակարգային փոխկապակցվածությամբ կիրառվող 1225-րդ հոդվածի 3-րդ մասի, 1239-րդ հոդվածի 4-րդ մասի, 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 423, 424 և 434-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Արդշինբանկ» ԲԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Ս. Սաֆարյան

26 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-77

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-77
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել