Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՈՒՐԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՈՒՐԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-717 ապրիլի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 ապրիլի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 7 | ԳՈՒՐԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

17 ապրիլի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով քաղաքացի Գուրգեն Ղազարյանի և այլոց անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գուրգեն Ղազարյանը և այլոք 2012թ. մարտի 28-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 14.1-րդ, 18-րդ, 42-րդ և 83.5-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերին։ Մասնավորապես, վիճարկվող 8-րդ կետի «բ» ենթակետը սահմանում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար ոչ գույքային բնույթի պահանջի գործերով այն կազմում է բազային տուրքի տասնապատիկի չափ։

Դիմողների կարծիքով, ի տարբերություն առաջին ատյանի դատարանում վճարման ենթակա պետական տուրքի հաշվարկման կանոնների, որի դեպքում հիմք է ընդունվում ներկայացված պահանջների քանակը, բնույթը, վերաքննիչ դատարանում պետական տուրքը հաշվարկվում է հիմք ընդունելով բացառապես ներկայացված պահանջների բնույթը, իսկ դրանց քանակը օրենքը չի կարևորում սահմանելով, որ պետական տուրքը վճարվում է հաշվի առնելով օրենքի պահանջները, և իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը, քանի որ դատարանը փաստորեն կատարել է սույն նորմի կամայական մեկնաբանություն առանց հաշվի առնելու օրենքի տառը։

Դիմողների կարծիքով, նշված հոդվածին տրված սխալ մեկնաբանության արդյունքում անհիմն սահմանափակվում է, ի թիվս այլնի, արդարադատության մատչելիության իրավունքը։

2. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ անհատական դիմում) կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»։

Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներում վկայակոչված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները։ Ինչ վերաբերում է դիմողների կողմից վիճարկվող դրույթին, ճիշտ է, այն ներառված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում, սակայն այն չի կիրառվել դիմողների նկատմամբ ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձին ներկայացվող վիճարկվող օրենքի դրույթի ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառված լինելու պահանջի տրամաբանության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, դիմողների կողմից ներկայացվող փաստարկներն ուղղված են վերաքննիչ դատարանում դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքի համար, այլ ոչ թե դրանում պարունակվող պահանջների համար պետական տուրքի գանձման հիմնավորմանը։ Այսինքն դիմողները, հիմք ընդունելով օրենքի այն տրամաբանությունը, որ, ի տարբերություն առաջին ատյանի դատարանում վճարման ենթակա պետական տուրքի հաշվարկման կանոնների, որի դեպքում հիմք են ընդունվում ներկայացված պահանջների քանակը, բնույթը, վերաքննիչ դատարանում պետական տուրքը հաշվարկվում է հիմք ընդունելով բացառապես ներկայացված պահանջների բնույթը, մատնանշելով հանդերձ, որ նշյալ դրույթին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում ևս պետական տուրքի հաշվարկումն իրականացվում է առաջին ատյանի դատարանում վճարման ենթակա պետական տուրքի հաշվարկման կանոններով, ինչը և հանգեցրել է իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտմանը, չեն վիճարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որը պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում իրենց սահմանադրական իրավունքների հետ։ Դիմողների կողմից վիճարկվող դրույթը սահմանում է դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար, պահանջի բնույթից ելնելով, պետական տուրքի դրույքաչափը։ ՀՀ սահմանադրական դատարանը 2008թ. ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել «օրենքի դրույթի կիրառում» հասկացության վերաբերյալ, ընդգծելով, որ դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի վկայակոչումը կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Խնդրո առարկա դիմումի համատեքստում, կարծում ենք, որ վիճարկվող դրույթը դիմողների համար իրավական հետևանքներ չի առաջացրել, ուստի հիմնավորված չէ վիճարկվող դրույթը դիմողների նկատմամբ կիրառված լինելու հանգամանքը։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով և 69-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Գուրգեն Ղազարյանի և այլոց անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

17 ապրիլի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 ապրիլի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել