Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՍՏՂԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՍՏՂԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-19729 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-197)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 197 | «ԱՍՏՂԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՍՏՂԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 405-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աստղիկ Մխիթարյանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աստղիկ Մխիթարյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին ու 63-րդ հոդվածին հակասող և անվավեր»: Ըստ դիմողի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ անձը, դիմելով դատարան, պետք է կարողանա իր գործն ամբողջովին ներկայացնել թե՛ փաստական հիմքերի շրջանակներում, թե՛ իրավական հիմքերի ու հիմնավորումների տեսանկյունից: Հաշվի առնելով քաղաքացիական դատավարության առանձնահատկությունները կողմերի հավասարության տեսանկյունից գործը դատական տարբեր ատյաններում քննվելիս պետք է երաշխավորված լինի երկու կողմերի հավասարությունն առ այն, որ դատարանները համակողմանի քննեն կողմերի ներկայացրած փաստարկները և իրավական հիմնավորումները: Դիմողի կարծիքով «Արդյունավետ դատական պաշտպանությունը ենթադրում է, որ իրավական ակտը պետք է ամբողջովին վերանայվի, այլ ոչ թե` մի մասով: Ուստի Վճռաբեկ դատարանը, իրավակիրառ պրակտիկայում որպես իրավական ակտերի բովանդակային առումով վերջնական մեկնիչ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին հաղորդել է հակասահմանադրական բովանդակություն անտեսելով Դիմողի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները»: Ըստ դիմողի իր նկատմամբ կիրառված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որով թույլատրվում է Վճռաբեկ դատարանին բեկանելու և փոփոխելու վերաքննիչ դատարանի որոշումը, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, խախտել է դիմողի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ու 63-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր տվյալ դեպքում հաշվի առնել այն հանգամանքը, որ անձի նկատմամբ կարող է տեղի ունեցած լինել կամայական հետապնդում, ինչպես դա դիմողի կողմից նշվել է իր հայցադիմումում: Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանը, իհարկե, չէր կարող ինքնուրույն որոշել արդյո՞ք համապատասխան փաստ առկա է, թե ոչ, քանի որ Վճռաբեկ դատարանը ոչ թե փաստի, այլ իրավունքի դատարան է: Սակայն հենց այդ հանգամանքը հաշվի առնելով անհրաժեշտ էր գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության, որպեսզի ապահովվեր դիմողի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացումը»: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում հաղորդած բովանդակությամբ խախտել է իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև հաշվի չի առել Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…)

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական դիմումներին ներկայացվող վերոգրյալ պահանջները սույն դիմումում պահպանված չեն։ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, համաձայն որի ի թիվս այլնի, դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու պատճառահետևանքային կապը վիճարկվող օրինադրույթների և ենթադրյալ խախտման փաստի միջև բավարար հիմնավորումներ։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումում դիմողը հղում է կատարում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, սակայն չի ներկայացնում բավարար հիմնավորումներ, թե ինչպես է վիճարկվող նորմին տրված մեկնաբանությունը խախտում իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, այսինքն չի ներկայացնում վիճարկվող նորմին հաղորդած մեկնաբանության և իր իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ավելին դիմողը չի մատնանշում, թե ինչպիսի մեկնաբանություն է տրվել քննության առարկա նորմին, այլ սահմանափակվում է միայն վիճարկվող նորմին տրված մեկնաբանություն» ձևակերպմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիմա վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա: 3.2. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի հիմնական դժգոհությունը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի կողմից իր նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ, համաձայն որի, վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Մասնավորապես` դիմողը նշում է հետևյալը. Վճռաբեկ դատարանը պարտավոր էր տվյալ դեպքում հաշվի առնել այն հանգամանքը, որ անձի նկատմամբ կարող է տեղի ունեցած լինել կամայական հետապնդում, ինչպես դա Դիմողի կողմից նշվել է իր հայցադիմումում: Դիմողը պնդում է, որ Վճռաբեկ դատարանը, իհարկե, չէր կարող ինքնուրույն որոշել արդյոք համապատասխան փաստ առկա է, թե ոչ, քանի որ Վճռաբեկ դատարանը ոչ թե փաստի, այլ իրավունքի դատարան է: Սակայն հե՛նց այդ հանգամանքը հաշվի առնելով անհրաժեշտ էր գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության, որպեսզի ապահովվեր Դիմողի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացումը»: Վերոնշյալից զատ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տվյալ գործում խոսք է գնում նաև խտրական վերաբերմունքի մասին, ինչն արգելված է Սահմանադրության 29-րդ հոդվածով, և որն իր արտացոլումն է ստացել նաև Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում (...)»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը ձևականորեն խոսելով վկայակոչված նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասին, իրականում բարձրացնում է իր նկատմամբ ընդունված դատական ակտերի իրավաչափության, մասնավորապես` Վճռաբեկ դատարանի կողմից իր նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման իրավաչափության հարց, ինչի գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, հետևաբար` սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև Սահմանա-դրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Աստղիկ Մխիթարյանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատաս-խանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-197

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-197
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել