ՄԱՍԻՍ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մայիսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 7 | ՄԱՍԻՍ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
19 մայիսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ`Ա. Պետրոսյանի
Մ. Թոփուզյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Մասիս Խաչատուրյանի անհատական
դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի
համաձայն`քաղաքացի Մասիս Խաչատուրյանը 30.04.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով` «որոշել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի և դրանով ձևավորված իրավակիրառ պրակտիկան ՀՀ Սահմանադրության 1, 3, 6, 14, 14.1, 19, 30.1, 42, 43, 44 և 47-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության հարցը»:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթն իր անորոշությամբ առաջացնում է տարաբնույթ մեկնաբանություններ և ձևավորում դրանց համահունչ իրավակիրառ պրակտիկա, ինչն էլ հակասություն է առաջացնում Սահմանադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի պահանջների միջև:
Դիմողը նշում է, որ երեխայի ծնողներից մեկի կողմից ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում ՀՀ-ում փաստացի չի կիրառվում «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջը, դրա փոխարեն իմպերատիվ կերպով կիրառվում է միայն նշյալ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերությունը: Դատական կազմը, ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` գտնում է, որ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունների վերաբերյալ
Վիճարկվող` «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը բաղկացած է չորս պարբերությունից, սակայն դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները դատարանների կողմից չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Եվ ՀՀ վարչական դատարանի, և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` խնդրո առարկա գործի կապակցությամբ ընդունված դատական ակտերում հղում է կատարված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, որևէ հիշատակում նշյալ դրույթների մյուս պարբերությունների առնչությամբ բացակայում է: Դատական ակտերի ընդհանուր բովանդակությունից նաև բխում է, որ դրանք կառուցված են բացառապես «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության տրամաբանության հիման վրա:
Հարկ է նշել, որ սահմանադրական արդարադատություն հայցող անձը կարող է օգտվել իր` սահմանադրական դատարան դիմելու իրավունքից միայն այն դեպքում, երբ դատարանների կողմից կայացված դատական ակտով նրա նկատմամբ կիրառված օրենքի դրույթով խախտվել է սահմանադրական որևէ իրավունք, ինչն էլ, որպես իմպերատիվ պահանջ, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հետևաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք:
2. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության վերաբերյալ
ա/ սույն դրույթի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Դիմողի իրավական փաստարկները` ուղղված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորմանը, հիմնականում վերաբերում են նշյալ հոդվածի 2-րդ պարբերությանը: Մասնավորապես, դիմողը նշում է, որ «...իրավակիրառական պրակտիկայում վարչական մարմիններն ինքնուրույն են որոշում երեխայի քաղաքացիությունը, առանց հաշվի առնելու երեխայի` ՀՀ քաղաքացիություն ընդունած ծնողի գրավոր համաձայնությունը, կամ, ...կարծես «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը բաղկացած է միայն 1-ին պարբերությունից և այլն»: Դիմողի մյուս փաստարկները ևս` իրավական անորոշությանը, համաչափության սկզբունքին, իրավահավասարության սկզբունքի խախտմանը վերաբերող, ուղղված են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ պարբերությունների հիմնավորմանը: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր` 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում:
Դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,
բ/ միաժամանակ, դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Մասիս Խաչատուրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
19 մայիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-7
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մայիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-7
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
