«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 3 | «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 հունվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Միքայել Դանիելյան և Վարդան Վարդանյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 29-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) Որոշել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ և 78-րդ հոդվածներին»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/0529/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ թեև վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարանների դատական ակտերում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման մասին ուղղակի նշում առկա չէ, այլ կերպ՝ դրանցում հղում չի կատարվում վիճարկվող իրավադրույթին, սակայն դրա փոխարեն վկայակոչվում, մեջբերվում ու կիրառվում է թիվ ՎԴ/10671/05/24 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2025 թվականի մարտի 31-ի որոշումը, որում ուղղակիորեն քննարկվում, մեկնաբանվում և կիրառվում է վիճարկվող իրավադրույթը. ուստի՝ վերջինս փաստացի կիրառվել է Դիմողի նկատմամբ՝ վերջնական դատական ակտով և Դիմողի համար առաջացրել է իրավական հետևանքներ:
Դիմողը նշում է նաև, որ վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարանները սույն անհատական դիմումով վիճարկվող իրավադրույթի հիման վրա արձանագրել են, որ գրավոր վարչական ակտը վարչական վարույթի մասնակից և վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձանց համար ևս ուժի մեջ է մտնում, ըստ այդմ՝ բողոքարկման ժամկետի հոսքը մեկնարկում է վարչական ակտը հրապարակման եղանակով իրազեկելուն հաջորդող օրվանից՝ անկախ այն հանգամանքից՝ վարչական վարույթի մասնակից և վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձինք փաստացի իրազեկվե՞լ (ծանուցվել) են տվյալ գրավոր վարչական ակտի մասին, թե՝ ոչ:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, ինչի հետևանքով փաստացի տեղի է ունեցել իր արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, մասնավորապես, դրա տարրերից՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտում, ավելին՝ խախտվել և անպաշտպան է մնացել նաև իր մտավոր սեփականության իրավունքը:
Ըստ Դիմողի՝ իր կողմից բարձրացված հարցի համատեքստում հատկանշական է, որ գրավոր վարչական ակտի գոյության և բովանդակության մասին վարույթի մասնակից չհանդիսացող և վարույթի առկայության մասին օբյեկտիվորեն անտեղյակ այլ անձի՝ փաստացի ուշ տեղեկացված լինելը, ինքնին, վերջինիս մասով դատավարական ժամկետը վերականգնելու և դատավարական գործողություններ թույլատրելու հիմք չէ, ինչը հաստատվել է նաև խնդրո առարկա վարչական գործով վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարանների որոշումներով:
Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավադրույթով սահմանված չեն անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար պատշաճ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ինչի արդյունքում գրավոր վարչական ակտի մասին հրապարակման եղանակով վարչական վարույթի մասնակից չհանդիսացող անձի իրազեկումը՝ առանց տվյալ անձի փաստացի իրազեկված լինելու հանգամանքի առկայության, վերջինիս համար փաստացի իրազեկմանը բնորոշ իրավական հետևանքների առաջացման հիմք է, ինչն էլ հակասում է Սահմանադրության նաև 75 և 78-րդ հոդվածներին:
Դիմողը եզրահանգում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, ինչպես նաև դրանց իրացման սկզբունքներ, երաշխիքներ և օժանդակ պահանջներ սահմանող 75 և 78-րդ հոդվածներին այնքանով, որքանով վարույթի մասնակից չհանդիսացող և վարույթի առկայության մասին օբյեկտիվորեն անտեղյակ անձի համար նախատեսում է գրավոր վարչական ակտի մասին հրապարակման եղանակով իրազեկվելու օրվան հաջորդող օրվանից տվյալ ակտի ուժի մեջ մտնելու, հետևաբար նաև՝ իրավական հետևանքներ առաջացնելու և բողոքարկման ժամկետի հոսքը պայմանավորելու պայման՝ առանց այդ վարչական ակտին տվյալ անձի փաստացի իրազեկված (ծանոթացած) լինելու պայմանի:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ թիվ ՎԴ/0529/05/25 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Դիմողի ներկայացրած դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում խնդրո առարկա վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Դիմողը վիճարկվող՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ վարչական գործի շրջանակներում վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի (թիվ ՎԴ/0529/05/25 վարչական գործի շրջանակներում) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
14 հունվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
