Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-557 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հոկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 55 | ՀԱՍՄԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 7 հոկտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հասմիկ Աբգարյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Աշոտ Պողոսյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, որով Դիմողը խնդրել է.

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Հիմք ընդունելով Սահմանադրության, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ ԱԳԲՄՕ), Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) համապատասխան իրավակարգավորումները՝ Դիմողը գտնում է, որ ԱԳԲՄՕ-ի վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, չարդարացված միջամտություն է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ իրավաբանական օգնություն ստանալու իր հիմնական իրավունքին: Վերջինս, առաջին հերթին, երաշխավորվում է նրանով, որ անձը հնարավորություն ունենա իր իսկ ցանկությամբ և կամահայտնությամբ կնքել համապատասխան պայմանագիր և իր պաշտպանությունը վստահել իր ընտրած փաստաբանին: Պետությունը որոշ դեպքերում պարտավորվում է պետական միջոցների հաշվին ապահովել անձին փաստաբանական ծառայություններով:

Ըստ Դիմողի՝ իրավաբանական օգնություն ստանալու՝ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքը սահմանափակման ենթակա չէ և այդպիսով ծառայում է արդարադատության իրականացման շահերին: Ուստի՝ օրենսդրի կողմից ընդունված ցանկացած օրենք և դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանություն, որը սահմանափակում է նշյալ իրավունքը, ինքնին հակասահմանադրական է:

Դիմողի պնդմամբ՝ իր նկատմամբ դատարանի կողմից ԱԳԲՄՕ-ի 14-րդ հոդվածի 7-րդ մասը կիրառվել է հակասահմանադրական բովանդակությամբ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է դատարանի այն դիրքորոշմանը՝ ըստ որի՝ փաստաբանի հատուցման ծախսերը պետք է լինեն ողջամիտ, մինչդեռ նշյալ իրավադրույթում «ողջամիտ» եզրույթը չի օգտագործվում: Ըստ Դիմողի՝ խնդիրն այն է, որ ի տարբերություն ՔԴՕ-ի համապատասխան հոդվածներով նախատեսված՝ փաստաբանի վճարի փոխհատուցման դեպքերի՝ ԱԳԲՄՕ-ում խոսվում է փաստաբանի վճարի ի սկզբանե հատուցման մասին, ինչը բովանդակային առումով բոլորովին այլ իրավահարաբերություն է: Դատարանի սույն մեկնակաբանությունը, ըստ Դիմողի՝ սահմանափակում է Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու՝ սահմանափակման ոչ ենթակա իրավունքը:

Դիմողի դիրքորոշմամբ՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ խոսքը ԱԳԲՄՕ-ի մասին է, որի շրջանակում հայցվորի դերում հանդես է գալիս պետությունը՝ ի դեմս գլխավոր դատախազության, և սահմանափակվում են մասնավոր անձանց մի շարք հիմնական իրավունքներ՝ ի տարբերություն ՔԴՕ-ի, որի շրջանակում քննվող գործերով երկու մասնավոր կողմեր հանդես են գալիս «զենքերի հավասար պայմաններում» և սեփական ռիսկով մտնում են դատական գործընթացների մեջ: Ըստ այդմ՝ սույն դատավարական իրավահարաբերություններում մրցակցության սկզբունքի ապահովումը հնարավոր է միայն անկախ չափից՝ փաստաբանի ծախսերի՝ անհրաժեշտության դեպքում նաև արգելանքի տակ գտնվող նյութական միջոցների հաշվին հատուցումը թույլ տալու միջոցով, ինչպես որ սահմանվել է օրենսդրի կողմից:

Ըստ Դիմողի՝ հաշվի առնելով քննարկվող վարույթով իր իրավունքների պաշտպանության համար Օրենքով սահմանված սեղմ ժամկետները՝ լիովին ողջամիտ է օրենսդրի մոտեցումն առ այն, որ փաստաբանի վարձատրության համար նախատեսված ռեալ (իրական), այլ ոչ թե ՔԴՕ-ի իմաստով ողջամիտ ծախսերը պետք է իրականացվեն առկա միջոցների հաշվին:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական նշյալ նորմն իր ամրագրումն է ստացել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(….) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(….) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(....) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

Դիմողը վկայակոչել է իր՝ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումներ, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր համապատասխան հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ փաստի և վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անկախ վիճարկվող իրավադրույթով ամրագրված՝ «փաստաբանի ծախսերը» ձևակերպմամբ «ողջամիտ» եզրույթն ուղղակիորեն վկայակոչված չլինելու հանգամանքից՝ փաստաբանի ծախսերի ողջամտության ապահովումն անկյունաքարային նշանակություն ունի մի կողմից՝ համապատասխան անձի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի համատեքստում արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքի երաշխավորման, մյուս կողմից՝ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում ենթադրյալ ապօրինի գույքի կապակցությամբ հնարավոր չարաշահումները բացառելու (արգելադրված գույքի ենթադրյալ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի հաշվառմամբ) և գործի պատշաճ քննությունն ապահովելու համար: Ավելին, ողջամտությունը, սույն պարագայում՝ փաստաբանի ծախսերի ողջամտությունը, գնահատողական կատեգորիա է, որը յուրաքանչյուր գործով ենթակա է գնահատման և որոշման դատարանի կողմից՝ տվյալ կոնկրետ գործի փաստական հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Ուստի՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:

Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ անգամ դիմումի հիմնավորվածության պահանջների պահպանման պայմաններում դիմումի առարկան ինքնին ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ սահմանված՝ դիմումի ընդունելիության օրենսդրական չափանիշների շարքում անդրադարձ է կատարվել նաև դիմումի առարկայի վերաբերելիությանը Սահմանադրական դատարանի իրավասությանը: Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը գտել է, որ «(…) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Տվյալ պարագայում Դիմողի կողմից, ըստ էության, բարձրացվել է փաստաբանի վարձատրության՝ որպես դատական ծախսի հաշվարկման՝ իր գործով դատարանի կողմից կիրառված կարգի սահմանադրաչափության հարց: Սույն կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ փաստաբանի ծախսերի չափի որոշումն իր բնույթով գնահատողական է, կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և տեղավորվում է դատարանի անկախությունից բխող նրա սահմանադրաչափ հայեցողության շրջանակում: Միևնույն ժամանակ, դատարանի նշյալ հայեցողության գործնական իրացումը չի բացառում կոնկրետ դատական գործով վերաբերելի հանգամանքները քննարկելիս դատական սխալը, սակայն գործի քննությունը նման դիտանկյունից չի մտնում Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության 167-168-րդ հոդվածներով սահմանված գործառույթների և լիազորությունների մեջ:

Սույն հետևության հիմնավորվածությունը բխում է նաև Վճռաբեկ դատարանի՝ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում 2024 թվականի մայիսի 2-ին կայացված որոշումից, որով արձանագրվել է հետևյալը.

«(....) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավահարաբերություններում Օրենսդիրն ընդհանուր կանոնից կատարել է բացառություն և Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերին (...), Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով (...), ավելացրել է ևս մի քանի հիմք, որոնցից սույն գործին վերաբերելի մասը՝ փաստաբանի ծախսերը կատարելն է։ Այլ կերպ ասած, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով անձը Դատարանին միջնորդում է, որպեսզի մասնակի վերացնի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ Դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը՝ իր փաստաբանի ծախսերը հոգալու համար, ապա Դատարանը պարտավոր է նման միջնորդությունը քննել նժարին դնելով ինչպես անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքը, այնպես էլ արգելադրված գույքի ենթադրյալ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը։ Այս տեսակետից հարկ է նշել, որ այն հանդիսանում է Դատարանին պատկանող հայեցողություն, սակայն այդ հայեցողությունը պետք է լինի համաչափ սահմանափակվող իրավունքին։ Յուրաքանչյուր դեպքում Դատարանը պետք է որոշի, թե որքանո՞վ է արդարացված ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը արգելանքից հանելը, միաժամանակ, հիմքում ունենալով նաև անձի՝ արդար դատաքննության իրավունքը (անձի փաստաբանով ներկայացված լինելու իրավունքը)։ Այս հարցը լուծելիս Դատարանը պետք է հավասարակշռի նժարին դրված երկու արժեքները և ըստ այդմ կայացնի պատճառաբանված որոշում։

(...) Իր հերթին, եթե Դատարանը համաչափության սահմաններում, օգտվելով իր հայեցողությունից, որոշում է մասնակի վերացնել կիրառված հայցի ապահովումը և ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն ազատել արգելադրումից՝ անձի կողմից փաստաբանի ծախսերը հոգալու համար, ապա Դատարանը չի կարող չանդրադառնալ փաստաբանական ծախսի ողջամտության հարցին։ Օրենսդրի կողմից Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում «փաստաբանական ծախսերը» հասկացությունից առաջ «ողջամիտ» բառի չօգտագործումը չի նշանակում, որ Դատարանը պետք է բավարարի ցանկացած գումար, որը կպահանջի անձը՝ ներկայացնելով համապատասխան փաստաբանական ծառայությունների մեկ կամ մի քանի պայմանագրեր կամ գործում ներգրավելով մեկ կամ մեկից ավելի փաստաբաններ։ Օրենքի նման մեկնաբանումն ակնհայտորեն հակասության մեջ է մտնում օրենսդրի նպատակի հետ»:

Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը փաստացի վիճարկում է դատարանի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման իրավաչափությունը, որը դուրս է Սահմանադրական դատարանի առարկայական ընդդատության շրջանակից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հասմիկ Աբգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

7 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-55

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-55
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել