«ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-98)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 մայիսի 2021թ. ՍԴԱՈ - 98 | «ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի ապրիլի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ գլխավոր դատախազի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանության հարցը որոշելու մասին: Դիմողը խնդրել է որոշել վիճարկվող դրույթների սահմանադրականությունն այնքանով, որքանով դրանք անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքն այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, և այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ու բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման: Դիմողը, վերլուծելով մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումները (309.1-ին հոդված), ինչպես նաև դրանց առնչությամբ Վճռաբեկ դատարանի, Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, հանգում է այն եզրակացության, որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում «... մեղադրողի կողմից մեղադրանքի փոփոխության բոլոր ռեժիմների գործադրման հիմքը մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների, դրանց կապակցությամբ մեղադրողի հետևությունների փոփոխությունն է: Բացի այն, որ Վճռաբեկ դատարանն ուղիղ է սահմանում, որ մեղադրանքը փոփոխելու երկու ռեժիմները կարող են գործադրվել մեղադրանքի փաստական հանգամանքների փոփոխության պարագայում, այդ մոտեցումն ուղղակիորեն հետևում է նաև նշված ռեժիմները սահմանող նորմերի բովանդակությունից: (...), իսկ երկրորդ ռեժիմի դեպքում մեղադրանքը փոփոխելու հիմք հանդիսացող, փոփոխությունը պայմանավորող փաստական հանգամանքներն անհերքելիորեն հաստատվում են հենց դատարանում ապացույցների հետազոտման արդյունքում: (…)
(…) Եվ քանի որ ապացույցների հետազոտումը, որպես մեղադրանքի փոփոխման պայման, ուղղակիորեն կապված է մեղադրանքի փաստական կողմի հետ, դրա անմիջական արդյունքում փոփոխվել կարող են բացառապես մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքները: Իսկ արարքի իրավաբանական որակումն, արտահայտելով մեղադրանքի «փաստ-իրավունք» բաղադրիչների կապը, չի տեղավորվում «ապացույց-փաստ» կապի շրջանակներում, ուստի դրա փոփոխությունը չի կարող հանդիսանալ ապացույցների հետազոտման անմիջական արդյունք, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը իրավաբանական որակումը, ինքնուրույն առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող»: Արդյունքում դիմողը եզրակացնում է, որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում մեղադրողը զրկված է մեղադրանքն այն դեպքում փոփոխելու հնարավորությունից, երբ առաջ է գալիս միայն արարքի իրավաբանական որակումը փոխելու օբյեկտիվ անհրաժեշտություն: Մյուս կողմից, դիմումում վերլուծության ենթարկելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 366-րդ հոդվածների կարգավորումները, այդ դրույթներին Վճռաբեկ դատարանի տրված մեկնաբանությունները դիմողը հանգում է այն հետևության, որ «... քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքներն ունեն անվերապահ բնույթ և ի հայտ գալուց հետո պարտադիր հիմք են մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու կամ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարելու և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու կամ կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար»: Դիմողն արձանագրում է նաև, որ «Քրեական վարույթը բացառող հանգամանքներն ու դրանց ի հայտ գալու հետևանքները սահմանող նորմերը, ինչպես նաև դրանց դատական մեկնաբանությունները, չեն նախատեսում այդ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջից որևէ բացառություն, վերապահում կամ այդ պահանջի կատարման որևէ պայման, այդ թվում այն դեպքերի համար, երբ ի հայտ եկած քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է անձի կոնկրետ արարքի իրավաբանական որակմանը, սակայն նրա այդ արարքը կամ դրա մի մասն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ այլ արարքի հատկանիշներ»: Դիմողն արձանագրում է, որ «Քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքների վերը մեջբերված իրավակարգավորումները, սակայն, այդ հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո առաջ բերելով համապատասխան դատավարական հետևանքներ առաջացնելու համապատասխանաբար մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու պարտականություն, հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը, կամ այդ ուղղությամբ կատարել որևէ դատավարական գործողություն հանգեցնելով վիճակի, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված և որով որակված է անձի արարքը, այլևս չի գործում, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին, սակայն առնվազն այդ արարքի կապակցությամբ վարույթը չբացառելու դատավարական հնարավորություն առկա չէ»:
2. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 71-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջները, և առկա է գործի քննությունը մերժելու Օրենքի29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համապատասխան դրույթն արտացոլված է Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում: Օրենքի հիշյալ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գլխավոր դատախազը կարող է դիմել Սահմանադրական դատարան տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո մինչև օրենքով սահմանված կարգով այն իրավասու դատարան ուղարկելը: Օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված է, որ նույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումում գլխավոր դատախազը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որևէ լիազորության պատշաճ իրականացումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բնագավառում ՀՀ գլխավոր դատախազի իրավասուբյեկտության հարցին անդրադարձել է 2011 թվականի փետրվարի 4-ի ՍԴՈ-934 որոշմամբ մասնավորապես, նշելով. «… ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի իմաստով «գլխավոր դատախազի վարույթ» հասկացությունը վերաբերում է ՀՀ դատախազության` ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառույթների իրականացմանը: Այդ գործառույթներից յուրաքանչյուրն իրականացնելիս, եթե ի հայտ է եկել դատախազության պաշտոնատար անձի կողմից կոնկրետ գործով իր իրավասության շրջանակներում կայացվելիք որոշման հիմքում դրվող նորմատիվ ակտի դրույթի սահմանադրականության գնահատման հարց և այդ հարցի բարձրացումը չի խոչընդոտում պետական իշխանության այլ մարմնի լիազորությունների բնականոն իրացմանը, ապա այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազն իրավասու է դիմել ՀՀ սահմանադրական դատարան: Այլապես, ՀՀ գլխավոր դատախազը կզրկվի սահմանադրական դատարան դիմելու իր սահմանադրական լիազորությունն իրականացնելու հնարավորությունից: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ընդհանուր տրամաբանության շրջանակներում, առաջին հերթին վերաբերում է մինչդատական վարույթի փուլին, քանի որ այս փուլում իրականացվող գործողությունների օրինականության ապահովումն ամբողջությամբ ՀՀ դատախազության սահմանադրական պարտականությունն է: Դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում ՀՀ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս: Օրենսդրորեն այս հանգամանքը հաշվի առնելը հնարավորություն կտա առավել արդյունավետ ու ամբողջական իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածում սահմանադրական արդարադատության բնագավառում ՀՀ գլխավոր դատախազի իրավասուբյեկտության խնդրին հետևողական և համակարգային լուծում չի տրված: Հիմնախնդիրն օրենսդրական լրացուցիչ կանոնակարգման անհրաժեշտություն ունի: Համապատասխան օրենսդրական կարգավորումները պետք է հաշվի առնեն, որ ընդհանուր իրավասության դատարանում գտնվող կոնկրետ գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունը կանոնակարգելով հանդերձ, այն պետք է սահմանափակվի երկու պայմանով. 1) դատարանի վարույթում գտնվող գործով ՀՀ գլխավոր դատախազը կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ վիճարկվող նորմն ուղղակիորեն առնչվում է դատախազի` մեղադրանքի պաշտպանության շրջանակներում իր իսկ սահմանադրական գործառույթի իրականացմամբ պայմանավորված ինքնուրույն որոշման կայացմանը, 2) եթե այդ նորմի վիճարկումն անխուսափելիորեն չի պահանջում կոնկրետ գործով վարույթի կասեցում: Ներկա իրավակարգավորման շրջանակներում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասում հստակ սահմանված է, որ «Դատարանները կարող են դիմել սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը` տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո` մինչև այն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը»: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի պահանջն առ այն, որ համապատասխան սուբյեկտները կարող են ՀՀ սահմանադրական դատարան դիմել «Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով», ինչպես նաև 100-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` սահմանադրական դատարանն իրավական ակտերի դրույթների սահմանադրականությունը որոշում է «օրենքով սահմանված կարգով», ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկա իրավակարգավորման շրջանակներում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի և 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն տվյալ գործի վարույթը ենթակա է կարճման` նույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով»: Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ նշված հիմնախնդրի օրենսդրական լրացուցիչ կանոնակարգման հարցին, ըստ էության, լուծում չի տրվել: Մասնավորապես, Օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան ՀՀ գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով. ՀՀ գլխավոր դատախազը կարող է դիմել Սահմանադրական դատարան տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո մինչև Օրենքով սահմանված կարգով այն իրավասու դատարան ուղարկելը (2-րդ և 3-րդ մասեր): Այսպիսով Օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերելի դրույթը բովանդակային առումով նույնական է «Սահմանադրական դատարանի մասին» 01.06.2006թ. օրենքի (ուժը կորցրել է 09.04.2018թ.) 71-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան դրույթի հետ, այսինքն վկայակոչված դրույթը բովանդակային առումով փոփոխության չի ենթարկվել: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 մայիսի 2021 թվականի
ՍԴԱՈ-98
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-98
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
