ՍՎԵՏԼԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 ապրիլի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | ՍՎԵՏԼԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
28 ապրիլի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սվետլանա Կարապետյանի և այլոց
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սվետլանա Կարապետյանը և այլոք 12.04.2012թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«1. ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով որքանով պարտավորեցնում է գործին մասնակցող անձանց ապացույց ներկայացնել դատարան կոնկրետ գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ։
2. ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը «գործում եղած ապացույցների» բառակապակցությունն այնքանով որքանով ընդհանրական է և չի բացառում դատավորի անգործության հետևանքով գործից դուրս մնացած ապացույցներին։
3. ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետը այնքանով, որքանով բողոքաբեր անձին պարտավորեցնում է հիմնավորել բողոքը քննության ընդունելու հիմնավորումները։
4. ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետը այնքանով որքանով վճռաբեկ բողոքի վերադարձման հիմքում դնում է Օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։
5. ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 92-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, սույն դիմումով ներկայացված հիմնավորումներով տրված բովանդակության շրջանակներում։
6. ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 92-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը, դրան իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ և այնքանով որքանով հնարավորություն է տալիս ՀՀ վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումները թերի կամ անհիմն պատճառաբանել։
7. ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդված 2-րդ մասը այնքանով որքանով վճռի բեկանման հիմքերի շարքում նախատեսված չէ այն հիմքը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
8. ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասը, այնքանով որքանով չի նախատեսում այն թերությունները, որոնց դեպքում վճռաբեկ բողոքը վերադարձնելիս կտրվի ժամկետ»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմողները գտնում են, որ նշված իրավանորմն այնքանով, որքանով պարտավորեցնում է գործին մասնակցող անձանց ապացույց ներկայացնել դատարան կոնկրետ գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանված դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ ունենալու իրավունքին։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմողների իրավական դիրքորոշումը հանգում է նրան, որ հիշյալ իրավանորմի նման ձևակերպումը թույլ է տալիս վերադաս դատարանին ստորադաս դատարանի կողմից ցուցաբերված անգործությունը և դատավարական իմպերատիվ իրավանորմի խախտման փաստը չարձանագրել։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ և 3-րդ մասերի, 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի վերաբերյալ դիմողները նշում են, որ հիշյալ իրավանորմերը չեն ապահովում անձի վճռաբեկ արդարադատության մատչելիության իրավունքի իրականացումը։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ և 3-րդ մասերի, 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի առնչությամբ դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշումը, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով.
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի և 53-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ.
հիշյալ դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69- րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, որի համաձայն վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի որևէ հատկանիշով։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել։ Խնդրո առարկա դիմումի հիշյալ դրույթների մասով ներկայացված փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հստակ հիմնավորումներ. բացի դրանից, դիմողները ձևականորեն վիճարկելով օրենքի հիշյալ դրույթների սահմանադրականության հարցը ըստ էության բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1- ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ».
3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշումը, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Սվետլանա Կարապետյանի և այլոց անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
28 ապրիլի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 ապրիլի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
