«ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» 17.06.1998Թ. ՀՕ-230 ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» 23.10.1995Թ. ՀՕ-13 ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մարտի 2021թ. ՍԴԱՈ - 52 | «ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» 17.06.1998Թ. ՀՕ-230 ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» 23.10.1995Թ. ՀՕ-13 ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» 17.06.1998Թ. ՀՕ-230 ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» 23.10.1995Թ. ՀՕ-13 ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի, «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995թ. ՀՕ-13 օրենքի 19-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Անահիտ Սաղաթելյանը 2020 թվականի սեպտեմբերի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ 14.07.1998թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 3-րդ, 4, 29, 61 և 63, 75, 78 79, 80-րդ, 162 և 163-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ 14.07.1998թ. ՀՕ-230 օրենքի 30, 31-րդ, «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ 23.10.1995թ. ՀՕ-13 օրենքի 19, 20, 23 25, 26-րդ հոդվածների դրույթները»: Սահմանադրական դատարանի դատական կազմի 20.10.2020 թ. ՍԴԴԿՈ-53 որոշմամբ Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա գործը քննության է ընդունվել միայն «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998 թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի, «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքի 19-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, իսկ մնացյալ մասով մերժվել է:
2. Դիմողը հայտնում է, որ «Դատավորի կարգավիճակի մասին» և «Արդարադատության խորհրդի մասին» օրենքներում բացակայում են նորմատիվ պատվիրաններն ու իրավակարգավորումներն այն մասին, թե ինչի՞ (դիմումի, բողոքի կամ պլանային ստուգումների) հիման վրա են նախաձեռնվում «օրենքի խախտման» և «օրենքի կոպիտ խախտման» վերաբերյալ ստուգումները, վարույթները, իրավաչափության ստուգումը վերաբերում է դատական ակտով օրենքի կիրառմա՞նը, թե՞ նաև չավարտված ընթացքի մեջ գտնվող գործերով թույլ տրված հնարավոր անգործությանը ևս: Նշված օրենքներում բացակայում են վարույթի, դրա փուլերի ժամկետները սահմանող նորմատիվ պատվիրաններն ու իրավակարգավորումները, բացակայում են նորմատիվ պատվիրաններ ու իրավակարգավորումներ այն մասին, թե «օրենքի խախտման» և «օրենքի կոպիտ խախտման» հիմքով սկսված վարույթները մեկը մյուսի փոխվո՞ւմ են, թե՞ ոչ, եթե փոխվում են, ապա ինչպե՞ս, ի՞նչ ակտով: Ըստ դիմողի նշված օրենքներում բացակայում են վարույթ հարուցված սկսված լինելու մասին, վարույթի ժամկետների, դատավորի իրավունքների մասին նրան պատշաճ ծանուցելու, դատավորի ներկայացուցիչ, փաստաբան ունենալու մասին, խորհրդի անդամներին բացարկ կամ նրանց կողմից ինքնաբացարկ հայտնելու նորմատիվ պատվիրաններ ու իրավակարգավորումներ: Դիմողը հայտնում է, որ արդարադատության խորհրդի եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունենալու պայմաններում սահմանադրաիրավական վեճի առարկա օրենքները չեն պարունակում Հանրապետության նախագահի կողմից դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագրի պատճառաբանված լինելու նորմ: Դիմողը գտնում է, որ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով գործադիր իշխանության մարմնին դատարանի կողմից «արդարադատություն իրականացնելիս» խախտման ուսումնասիրություն կատարելու և գնահատական տալու օրենսդրական կարգավորումը հակասում է սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքներին, հակասում է դատավորների անկախության և դատական համակարգի արդյունավետության ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ժամանակակից չափանիշներին: Դիմողի կարծիքով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց քննելու լիազորությամբ օժտելու մասով, հակասում են ՀՀ Սահմանադրության 4, 162, 163, 78, 79, 80, 61 և 63-րդ հոդվածներին: Դիմումատուն պնդում է, որ տվյալ դեպքում սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներում իրավական անորոշությունը, իրավական բացը իրավակիրառողին տալիս են սուբյեկտիվ մեկնաբանության անսահման շրջանակ: Վեճի առարկա դրույթներում առկա են իրավական անորոշություն, իրավական բաց, որոնք չեն սահմանափակվում որևէ սկզբունքով, չափանիշով կամ չափորոշիչով, որոնք և՛ իրավակիրառողին, և՛ դատավորներին հնարավորություն կտային կանխատեսելի դարձնել տվյալ նորմի կիրառությունը, իրավահարաբերության մեջ մտնելու իրավական հետևանքը։ Նման կարգավորման արդյունքում իրավակիրառողը ձեռք է բերում հայեցողության անսահման հնարավորություն, որը չի ապահովում կամայականության դեմ արդյունավետ երաշխիք առաջացնելով իրավունքի գերակայության և իրավական պետության սկզբունքների խախտում դրանով իսկ սահմանափակելով մարդու իրավունքները:
3. Պատասխանողը հայտնում է, որ, ի տարբերություն ներկայումս գործող Բարձրագույն դատական խորհրդի, որի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով որոշումները ենթակա չեն դատական կարգով բողոքարկման, արդարադատության խորհրդի առաջարկով Հանրապետության նախագահի կողմից կայացված դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո ենթակա են եղել վերանայման դատարանների կողմից: Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի եթե վեճը քննում է դատարաններից տարբերվող մարմինը, որն այնքան էլ չի բավարարում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, սակայն ենթակա է այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները, ապա անձի արդար դատաքննության իրավունքի խախտում տեղի չի ունենում: Այսինքն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքների ապահովման պահանջը վերաբերում է ոչ թե արդարադատության խորհրդին, այլ այն դատական մարմիններին, որոնք լրացուցիչ հսկողության են ենթարկել արդարադատության խորհրդի առաջարկով Հանրապետության նախագահի կողմից կայացված որոշումները: Անդրադառնալով դիմողի փաստարկներին պատասխանողը նշում է, որ իրավահարաբերության ձևավորման պահին դատավորի պաշտոնից հեռացվելու հիմքերը և կարգը հստակ սահմանված են եղել օրենսդրությամբ, ուստի վիճարկվող դրույթները որևէ հակասության մեջ չեն գտնվում խտրականության արգելքի սկզբունքի հետ: Վերոգրյալի հիման վրա պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը:
4. Դիմումի և դրան կից փաստաթղթերի, մասնավորապես, դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը 1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում դիմողը, վիճարկելով խնդրո առարկա նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականում դիմումով առաջադրում է տվյալ նորմի կիրառման իրավաչափության հարցեր: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի բովանդակության մեկնաբանության անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի գործառույթ, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն Սահմանադրական դատարանը չունի: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող դեպքում, դիմողի կողմից մատնանշված խնդրի լուծումը գտնվում է ոչ թե Սահմանադրական դատարանի վիճարկվող նորմերի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման լիազորության տիրույթում, այլ դատարանների, քանի որ օրենքի կամ վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի, «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995թ. ՀՕ-13 օրենքի 19-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
19 մարտի 2021 թվականի
ՍԴԱՈ-52
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-52
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
