ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 62 | ՎԱՐԴԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 սեպտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Վարդան Կարապետյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վարդան Կարապետյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 31-ին) խնդրելով. «...Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Ներկայացված դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ: Դիմողը նշում է, որ քննարկման առարկա գործի շրջանակում դատարանները, հանդես գալով որպես իրավակիրառ մարմին, վիճարկվող նորմի վերաբերյալ դատական պրակտիկայում տալիս են տարբեր մեկնաբանություններ, որի արդյունքում տվյալ նորմի դատական պրակտիկան զարգանում է իրարից տարբերվող մոտեցումներով, ինչն անթույլատրելի է: Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ համահունչ չէ իրավական որոշակիության սկզբունքին և իրավակիրառ պրակիտայում տեղիք է տալիս միմյանցից էապես տարբերվող մեկնաբանությունների հանգեցնելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը սահմանում է, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով: Դիմողի պնդմամբ վիճարկվող նորմը պրակտիկայում առաջացնում է իրավական անորոշություն, քանի որ մի դեպքում գործը վարույթ ընդունելը դատարանները համարում են առանձին դատավարական գործողություն և կիրառում գործողության կատարման ժամանակ գործող օրենքը անկախ նրանից, թե գործի հարուցումը ո՛ր օրենսգրքի կանոններով է կարգավորվել, մյուս դեպքում, երբ, օրինակ, տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, գործը վարույթ ընդունելու առանձին դատավարական գործողության համար կիրառվում են հայցի սկզբնական հարուցման պահին գործող նորմերը: Դիմողի համոզմամբ վիճարկվող նորմը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հստակ չէ այնքան, որ իրավակիրառ մարմինը տվյալ դեպքում դատարանը, գործի քննությունը սկսել է նորից, քանի որ տեղի էր ունեցել դատական կազմի փոփոխություն և գործը վարույթ է ընդունել հին դատավարության օրենսգրքով, մինչդեռ վարույթ ընդունելու ժամանակ գործել է նոր իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող նորմերի վերաբերյալ դիմողի կողմից բերված փաստարկները հանգում են նրան, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակիրառ պրակտիկան չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին հանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, ավելին դիմողի փաստարկները հանգում են առաջին ատյանի դատարանի կողմից 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կամ 2018թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման պահանջի, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են այն պնդմանը, որ դատական կազմի փոփոխության դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից: Այսպես, դատական կազմի փոփոխության արդյունքում քաղաքացիական գործը 2019 թվականի հունվարի 17-ին մակագրվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի: Ըստ դիմողի դատական նոր կազմը պետք է վերսկսեր գործի վարույթը, այլ ոչ թե 2019 թվականի հունվարի 24-ին կայացներ քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և այն կասեցված վիճակում թողնելու մասին որոշում: Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դատարանի գործողությունների իրավաչափության հարց: Այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի գնահատում, այլ դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրենքի պահանջներին համապատասխանության հարցի պարզում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ: Գործի նյութերի և վիճարկվող դրույթի վերաբերյալ դիմողի դիրքորոշումների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է, որ դիմողի կողմից վկայակոչված` իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումը և իր համար առաջացած ոչ բարենպաստ հետևանքները պայմանավորված չեն վիճարկվող դրույթի հնարավոր սահմանադրականությամբ, ինչպես նաև բացակայում է դատարանների կողմից դիմողի նկատմամբ հիշյալ դրույթի կիրառման և դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ իրավադրույթի սահմանադրականության հարցը լուծելիս պետք է առկա լինի վիճարկվող դրույթի և խախտված իրավունքի միջև պատճառահետևանքային կապ և չվիճարկվի դատարանի գործողությունների իրավաչափությունը, որով, ըստ դիմողի, դատարանը սխալ է կիրառել /կամ չի կիրառել/ համապատասխան իրավադրույթը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթական չեն Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վարդան Կարապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
23 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-62
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-62
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
