«ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6-ՐԴ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 փետրվարի 2022թ. ՍԴԱՈ - 18 | «ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6-ՐԴ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 39
Ամբողջ Տեքստ
«ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 6-ՐԴ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6-րդ, 9-րդ, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի օգոստոսի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աղասի Դանիելյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի դատարանն է որոշում, թե ներկայացված ապացույցները որ փաստի հաստատմանն են ուղղված, ինչի արդյունքում կարող է չանդրադառնալ առանձին ապացույցների մերժման հիմքերին, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի առանձին տեսակի ապացույցը նախապես մինչև ապացույցի հետազոտությունը, կարող է դիտարկվել որպես ոչ բավարար առանձին փաստի հաստատման համար, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և 381-րդ հոդվածի 7-րդ մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի կոլեգիալության սկզբունքով գործը քննող Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է ստորագրվել նաև միայն դրան կողմ քվեարկած դատավորների կողմից, ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
4. ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 397-րդ հոդվածների այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի Վճռաբեկ դատարանը կարող է չպատճառաբանել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը և ցույց չտալ ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն դիմող Աղասի Շավարշի Դանիելյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի 17.02.2021 թ.-ի որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին: Օրենսգրքի խնդրո առարկա «Ապացույցների գնահատումը» վերտառությամբ 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ամրագրում են. «1. Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից»: Օրենսգրքի «Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 3-րդ մասը բովանդակում է. «3. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենսգրքի 384-րդ և 385-րդ հոդվածներով նախատեսված հարցերով որոշումները կայացնում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով»։ Օրենսգրքի «Առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը» վերտառությամբ 381-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «7. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը կնքվում է գործը զեկուցող դատավորի կնիքով, իսկ որոշման եզրափակիչ մասն ստորագրում և կնքում են բողոքը քննած դատավորները»: Օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը» վերտառությամբ 397-րդ հոդվածը բովանդակում է. «1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է Հայաստանի Հանրապետության անունից։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց որոշումը կայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում»: Վիճարկվող դրույթները, բացառությամբ Օրենսգրքի 381-րդ հոդվածի, Օրենսգրքի ընդունումից ի վեր փոփոխությունների կամ լրացումների չեն ենթարկվել, իսկ Օրենսգրքի 381-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել 2019 թվականի հուլիսի 9-ին ՀՕ-129-Ն օրենքով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Աղասի Շավարշի Դանիելյանի ընդդեմ համապատասխանողների, հայցվորի կողմում հանդես եկող և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի, պատասխանողների կողմում հանդես եկող և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, գումար և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսներ բռնագանձելու, բռնագանձումը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա տարածելու, դրա անբավարարության դեպքում համապատասխանողներին պատկանող այլ գույքի վրա տարածելու վերաբերյալ պահանջների մասին, 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է հայցը բավարարել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին որոշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով 2020 թվականի ապրիլի 10-ին ընդունված վճիռը բեկանել և փոփոխել հայցը մերժել: Դատավոր Գագիկ Խանդանյանը ներկայացրել է հատուկ կարծիք: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 17-ին որոշել է թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Աղասի Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել: Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացրած որոշմամբ իբրև 2014 թվականի հուլիսի 15-ին կնքված գործարքն իրականում այլ անձանց միջև կնքված լինելու հանգամանքի ապացույց դիտել է միայն «Հետք» լրատվական կայքում տեղադրված հոդվածը: Դիմողը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվում է իրավակիրառ պրակտիկան առ այն, որ փաստի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար դատարանն ինքն է որոշում տվյալ փաստի հաստատման համար գործում առկա ապացուցողական բազան: Վերլուծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները դիմողը պնդում է, որ փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր էր անդրադառնալ տվյալ փաստի հաստատման համար ներկայացված ապացույցներին, հակառակ պարագայում պարտավոր է նշել համապատասխան ապացույցների մերժման պատճառները: Դիմողի եզրահանգմամբ` իրավակիրառ նման պրակտիկայով խախտվում է քաղաքացիական դատավարության տնօրինչականության սկզբունքը, քանի որ գործին մասնակցող անձը պետք է ունենա դատավարական հնարավորություն ներկայացնելու բոլոր այն ապացույցները, որոնք ուղղված են հաստատելու կամ հերքելու համապատասխան փաստերը: Ավելին, դիմողը պնդում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը շինծու գործարքի առկայության հաստատման համար սահմանել է ապացույցների առանձին տեսակների աստիճանակարգություն գրավոր ապացույց հանդիսացող լրագրողական հոդվածը դիտելով որպես բոլոր դեպքերում անբավարար ապացույց: Դիմողի համոզմամբ Օրենսգրքի 66-րդ հոդվածի նման մեկնաբանությունները հակասում են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին: Անդրադառնալով Օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և 381-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցին դիմողը նշում է, որ թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 10-ին կայացված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննվել է կոլեգիալ երեք դատավորի կազմով, մինչդեռ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ստորագրել են միայն դատավորներ Ն․ Կարապետյանը և Ա․ Մխիթարյանը, իսկ դատավոր Գ․ Խանդանյանը հիշատակված դատական ակտը չի ստորագրել: Այնուհետև վկայակոչելով այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումները դիմողը պնդում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանում որոշումները կայացվում են դատավորների կոլեգիայի անդամների ձայների մեծամասնության հաշվարկով, և եթե անգամ կայացվելիք որոշման կապակցությամբ դատավորների միջև առկա է տարաձայնություն, ապա մեծամասնություն կազմող դիրքորոշումը դառնում է դատարանը ներկայացնող ամբողջ կոլեգիայի որոշումը, ուստի Օրենսգրքի վիճարկվող 381-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով խնդրո առարկա որոշումը պետք է ստորագրվի ոչ թե դրան կողմ քվեարկած, այլ գործը քննած դատավորների կողմից, սակայն պրակտիկայում վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ստորագրում են դրան կողմ քվեարկած դատավորները, իսկ երրորդ դատավորը պարզապես հայտնում է հատուկ կարծիք, որպիսի պայմաններում դատավորների կոլեգիայի կողմից որոշման չկայացման դեպքում կամ սահմանված կարգի խախտմամբ որոշման կայացմամբ խախտվում է անձի դատարանի կողմից իր գործի քննության սահմանադրական իրավունքը: Ազգային ժողովը (այսուհետ նաև պատասխանող), վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, նշել է, որ դատարանի ապացույցների ազատ գնահատման լիազորությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների սահմանափակում: Անդրադառնալով դիմողի պնդմանն այն մասին, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ ուղղակիորեն սահմանվել է, որ գործարքի շինծու լինելը ոչ մի դեպքում չի կարող հաստատվել միայն գրավոր ապացույց հանդիսացող զանգվածային լրատվության միջոցով հրապարակված հոդվածով, պատասխանողն ընդգծել է, որ որևէ հանգամանքի որոշակի ապացույցով հաստատվելու կամ չհաստատվելու հարցը կախված է տվյալ հանգամանքի առանձնահատկությունից, ինչը դատարանի կողմից ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ գործով: Ինչ վերաբերում է Օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և 381-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ դիմողի եզրահանգումներին, պատասխանողը նշում է, որ դիմումին կից ներկայացված նյութերում առկա թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման պատճենի վրա առկա են նախագահող դատավոր Ն. Կարապետյանի և դատավոր Ա. Մխիթարյանի ստորագրությունները և կնիքները, ինչպես նաև դատավոր Գ. Խանդանյանի ստորագրությունը և կնիքը հատուկ կարծիք ունենալու նշումով, ուստի դիմողի մեկնաբանությունները հատուկ կարծիք ունեցող դատավորի ստորագրության բացակայության վերաբերյալ, պատասխանողի գնահատմամբ, անհասկանալի են: Պատասխանողի եզրահանգմամբ դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 397-րդ հոդվածի սահմանադրականությունը, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա որոշման իրավաչափության հարց, մինչդեռ դատական ակտի իրավաչափության գնահատումը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Վերոգրյալի լույսի ներքո պատասխանողը խնդրում է սույն գործի վարույթը կարճել կամ վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող: Ուսումնասիրելով դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, Դատական դեպարտամենտից ստացված թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի նյութերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված գործի քննությունը մասամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մասամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի մասով, կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: 6.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն իրավական հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում անհատը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, այն է
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերլուծելով դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերը Սահմանադրական դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմողի նկատմամբ կայացրել է բարենպաստ ելքով դատական ակտ ամբողջությամբ բավարարելով ներկայացված հայցը, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով վերաքննիչ բողոքը, 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ բեկանել և փոփոխել է նշված վճիռը մերժելով հայցը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, անդրադառնալով ապացուցման պարտականությունը բաշխելու հիմնահարցին արձանագրել է. «(...) Օրենքով նախատեսված ապացույցներով իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու բեռն օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի պարտականություն։ Ապացուցման պարտականությունը բաշխելուն ուղղված դատավարական գործողությունները և դրանք կարգավորող դատավարական նորմերը նախևառաջ հանդես են գալիս այն մեխանիզմի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտներին, որոնք պետք է կրեն նման իրավիճակի անբարենպաստ հետևանքները։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների համադրված գնահատումը թույլ է տալիս առանձնացնել ապացույցներ, որոնք հիմնավորում են վկայակոչած փաստերում ամրագրված իրավաբանորեն ձևակերպված պայմանագրերի կնքված լինելը: Ինչ վերաբերում է 15.07.2014 թվականին կնքված գործարքի իրականում այլ անձանց միջև կնքված լինելու փաստին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն փաստի ապացուցմանն ուղղված, այդ փաստի առումով վերաբերելի ապացույց է հանդիսանում «Հետք» լրատվական կայքում տպագրված հոդվածը: Վերաքննիչ դատարանը ընդունում է, որ ներկայացված ապացույցը կարող է դասվել գրավոր ապացույցների շարքին, և գնահատման է ենթակա թույլատրելիության, արժանահավատության և փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից (...)։ (...) Վերաքննիչ դատարանը հստակ արձանագրում է, որ գործարքը չի կարող շինծու համարվել միայն զանգվածային լրատվության միջոցում ինտերնետային կայքում տեղ գտած լրագրողական հոդվածի հիման վրա: Լրագրողական հոդվածն ինքնին չի կարող գործարքի շինծու լինելը հաստատելու համար բավարար լինել: Թեև ապացուցողական բազայի անբավարարությունն արդեն իսկ բավարար է բողոքի սույն հիմքի հիմնավորվածությունը փաստելու համար, այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն ապացույցի արժանահավատությանը: (...) Սույն գործում առկա հոդվածում տեղ գտած փաստական տվյալների աղբյուրը անհայտ է, հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցի աղբյուրները չբացահայտելու սկզբունքը և նշված հոդվածում տեղեկատվության աղբյուրները նշված չլինելը, որի պարագայում դատավարական իմաստով գրավոր ապացույցն արժանահավատ չէ: Ուստի, վերաքննիչ բողոքն այս հիմքով հիմնավոր է»։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մեջբերված դիրքորոշմամբ Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի մեկնաբանության և կիրառության առնչությամբ դիմողի վերոհիշյալ հիմնավորումները, առանց անդրադառնալու նշված դրույթների մեկնաբանման և կիրառման հիմնավորվածության գնահատականին, վերաբերում են նրան, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է վերաքննիչ դատարանի կողմից թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում կոնկրետ փաստի հաստատման համար լրատվական կայքում տպագրված հոդվածը որպես դիմողի կողմից իր պնդմամբ ներկայացված այլ ապացույցներն անտեսելու արդյունքում անբավարար գնահատելու, նույն ապացույցը ոչ արժանահավատ ապացույց դիտարկելու իրավաչափության, արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության հարցը, որի գնահատման լիազորությունը վերապահված է Վճռաբեկ դատարանին և դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականում դիմումում բարձրացնում է վիճարկվող նորմերի վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կիրառման իրավաչափության հարց: Հետևաբար սույն դիմումի հիման վրա գործի վարույթն այս մասով ենթակա է կարճման Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա։ 6.2․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշմամբ նշել է, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված օրենսդրական պահանջը հիմք ընդունելով անձը, Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս կրում է հիմնավորման պարտականությունն առ այն, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքն է խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում (ՍԴԱՈ-91, 04.12.2018թ.): Սույն գործով դիմումի և թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ներկայացված դիմումը Օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ակնհայտ անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ապրիլի 10-ի վճիռը բեկանվել և փոփոխվել է, ներկայացված հայցը մերժվել է: Օրենսգրքի վիճարկվող 27-րդ հոդվածի չվիճարկվող 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերը հստակ սահմանում են քաղաքացիական գործերի կոլեգիալ քննության ժամանակ «դատավորի հատուկ կարծիք» դատավարական ինստիտուտի իրավական հիմքերը ամրագրելով, որ մեծամասնության կարծիքին չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին: Սահմանադրական դատարանը սույն գործում և թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ստորագրվել և կնքվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նույն գործը քննող կազմի երեք դատավորի կողմից միաժամանակ պարունակելով նշում, որ դատավոր Գ․ Խանդանյանն ունի հատուկ կարծիք: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի պատճառաբանություններն առ այն, որ խնդրո առարկա դատական ակտը չի ստորագրվել, զուրկ է փաստական հիմքից, հետևաբար առավել ևս չի կարող քննության առարկա լինել նման փաստական հիմքի վկայակոչմամբ Օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրությանը հակասող բովանդակությամբ ստացած մեկնաբանության սահմանադրականության հարցը: Ուստի սույն գործի վարույթը Օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա որպես ակնհայտ անհիմն։ 6.3․ Ինչ վերաբերում է Օրենսգրքի 397-րդ հոդվածի մասով դիմողի պնդումներին առ այն, որ Վճռաբեկ դատարանը չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար դիմողի ներկայացրած հիմնավորումների ոչ բավարար լինելու վերաբերյալ եզրահանգելու հիմք հանդիսացած դատողությունների ընթացքը, որպիսի մեկնաբանությամբ Վճռաբեկ դատարանը կարող է չպատճառաբանել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, ապա Սահմանադրական դատարանը նշում է, որ դիմողի կողմից մատնանշված հարցը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման պատճառաբանվածության խնդիրը, դուրս է Օրենսգրքի 397-րդ հոդվածի կարգավորման առարկայից և ենթակա է քննության Օրենսգրքի վիճարկվող 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականության ստուգման շրջանակում որի քննությունը շարունակվում է Սահմանադրական դատարանում։ Հետևաբար դիմողը գործով առկա փաստական հանգամանքների և գործող դատավարական կառուցակարգերի առկայության պայմաններում չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև, որպիսի հանգամանքը սույն անհատական դիմումը Օրենսգրքի 397-րդ հոդվածի մասով, ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Հետևաբար սույն գործի վարույթը Օրենսգրքի 397-րդ հոդվածի մասով, նույնպես ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6-րդ, 9-րդ հոդվածների, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի մասով, կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 փետրվարի 2022 թվականի
ՍԴԱՈ-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
