«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-245)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 245 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումը: 2020 թվականի դեկտեմբերի 8-ի «Գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան թիվ ԵԴ/0496/01/20 քրեական գործով կիրառման ենթակա Օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը որոշելու համար: Դիմողն արձանագրում է, որ Օրենսգրքի 3761-րդ հոդվածի 8-րդ կետի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի համադրված վերլուծությունից բխում է, որ գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Ըստ դիմողի, վերը նշված պայմաններում անխուսափելի է դառնում վերաքննիչ դատարանի կողմից նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատումը: Բացի դրանից, վերաքննիչ դատարանը կարող է չարդարացված կերպով սահմանափակել առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը և ըստ էության միջամտել առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործի քննության բնականոն ընթացքին: Այս առումով, դիմողը հատկանշական է համարում այն, որ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում հիմնական քրեական գործը շարունակելու է գտնվել առաջին ատյանի դատարանի վարույթում և վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կարող է ուղղակիորեն ազդել հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա: Դիմողը գտնում է նաև, որ եթե առաջին ատյանի դատարանը կայացրած լինի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը մերժելու մասին որոշում, իսկ վերաքննիչ դատարանն անհամաձայնություն հայտնի այդ որոշմանը, ապա վերաքննիչ դատարանը պետք է Սահմանադրական դատարան դիմի մի գործով, որը գտնվում է ոչ թե իր, այլ առաջին ատյանի դատարանի վարույթում, մինչդեռ առաջին ատյանի դատարանի նման որոշման պարագայում դատավարության մասնակիցը չի զրկվում այդ որոշման հետաձգված բողոքարկման հնարավորությունից: Ամփոփելով վերոգրյալը, դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները այնքանով, որքանով նախատեսում են գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակցի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, առերևույթ հակասում են Սահմանադրության 164, 168 և 169-րդ հոդվածների պահանջներին:
2. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները, և առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերա-բերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, …: Մեջբերված դրույթների բովանդակությունից բխում է, որ դատարանների նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի դեպքում, ավելին հիշյալ իրավունքը կարող է իրացվել համապատասխան գործով վարույթն սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը։
3. Սույն գործի պայմաններում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2020թ. որոշմամբ մերժվել է ամբաստանյալի միջնորդությունը քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Հիշյալ որոշման դեմ ամբաստանյալը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 20.11.2020թ. մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Մնացականյանին։ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 08.12.2020թ. կայացվել է «Գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշում։ Ելնելով դիմումի և թիվ ԵԴ/0496/01/2020 դատական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չէ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։ Վերոնշյալից հետևում է, որ սույն գործով դիմումը ներկայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունված չլինելու պայմաններում, և հիմք ընդունելով օրենսդրական այն պահանջը, որ դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, մասնավորապես գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական գործում առկա չէ որևէ ապացույց, որ սույն գործով կայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, որպիսի որոշման հիմքով և գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-245
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-245
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
