Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-354 մայիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 մայիսի 2018թ. ՍԴԱՈ - 35 | «ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ

ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ` ԻՐԱՎԱԿԻՐԱՌԱԿԱՆ

ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լևոն Զաքոյանի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Սարգսյանը, գտնելով Արա Թադևոսյանի անձնագիրը, հանդես գալով որպես Արա Թադևոսյան, քաղաքացի Նշան Համբարձումյանի հետ կնքած գույքի վարձակալության պայմանագիրը կեղծելով և ներկայացնելով որպես նվիրատվության պայմանագիր, (թիվ ԵԿԴ/0238/01/16 քրեական գործ), անշարժ գույքի պետական կադաստրում 04.09.2015 թվականին գրանցել է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Թումանյան փողոցի 11 շենքի 44 ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը: Այնուհետև, հանդես գալով որպես Արա Թադևոսյան, նշված գույքը վաճառել է քաղաքացի Լևոն Զաքոյանին, որն էլ վերոհիշյալ տարածքի նկատմամբ 15.09.2015 թվականին գրանցել է իր սեփականության իրավունքը: Քաղաքացի Նշան Համբարձումյանի հայցադիմումի հիման վրա ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Թումանյան փողոցի 11 շենքի 44 ոչ բնակելի տարածքի նկատմամբ 04.09.2015թ. Արա Թադևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև 15.09.2015թ. Լևոն Զաքոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

2. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի փետրվարի 18-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի «Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն

«4. Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա

բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով»:

Դիմողը գտնում է, որ եթե վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի ընդունման համար ներկայացրել է, ի թիվս այլնի, կեղծ փաստաթուղթ, որի կեղծման հետ որևէ առնչություն չունի, ապա այդ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ոչ թե վարչական ակտն ընդունելու պահից, այլ այն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու պահից:

Մինչդեռ, ըստ դիմողի խնդրո առարկա գործով ՀՀ վարչական և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանները վիճարկվող դրույթին հաղորդել են այնպիսի բովանդակություն, համաձայն որի ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է վարչական ակտն ընդունելու պահից, եթե վարչական ակտը, վարչական ակտի հասցեատիրոջ կամքից անկախ, հիմնվում է կեղծ փաստաթղթի վրա: Այսինքն, ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկայում հաշվի չի առնվում վարչական ակտի հասցեատիրոջ մեղավորությունը, ինչի հետևանքով խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դիմումն ակնհայտ անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատարանը, նվիրատվության կեղծված պայմանագիր ներկայացնելու պարագայում գտել է, որ հասցեատերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, և համապատասխան վարչական ակտն անվավեր է ճանաչել ընդունման պահից միաժամանակ անվավեր ճանաչելով դիմողի սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ վարչական ակտը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 63- րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որոնց յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Միաժամանակ, դիմողի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել վիճարկվող դրույթի Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասելու վերաբերյալ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Միաժամանակ, նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է...»:

Հաշվի առնելով հիշյալ իրավակարգավորումների պահանջները, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմումում չի հիմնավորվում դիմող կողմի հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման վերաբերյալ սահմանադրաիրավական վեճի առկայությունը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Լևոն Զաքոյանի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ.

ԹՈՎՄԱՍՅԱՆ

4 մայիսի 2018 թվականի

ՍԴԱՈ-35

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մայիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-35
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել