Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-10919 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-109)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 109 | «ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի սեպտեմբերի 11-ին: Դիմողը 2023 թվականի սեպտեմբերի 6-ին որոշել է («Քրեական վարույթով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշում). «1. Թիվ ՍԴ/0124/01/23 քրեական վարույթով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: (…)»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՍԴ/0124/01/23 քրեական գործի մինչդատական և դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցանքներով քրեական հետապնդումը հանրային կարգով իրականացնելու կարգավորումները խնդրահարույց են։ Բանն այն է, որ, Օրենսգրքի [ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք] 483-րդ հոդվածի 25-րդ մասի ուժով նշված կատեգորիայի հանցանքներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով, և երբ տուժողը հրաժարվում է իր ներկայացրած բողոքից կամ հաշտվում է հանցանք կատարած անձի հետ, ապա նման իրավիճակում քրեական հետապնդումը դադարեցնելու կամ դեռևս չսկսված հետապնդումը չհարուցելու իրավական կառուցակարգ նախատեսված չէ Օրենսգրքով, որպիսի պայմաններում ստացվում է այնպիսի իրավիճակ, երբ օրինակ Օրենսգրքի 54-րդ գլխում նախատեսված կարգավորումների գործադրման պարագայում տուժողն ինչպես նախնական, այնպես էլ հիմնական դատալսումների ժամանակ կարող էր տնօրինել հարուցված քրեական հետապնդման ճակատագիրը հրաժարվելով մեղադրանքից կամ հաշտվելով մեղադրյալի հետ (Օրենսգրքի 454-րդ և 456-րդ հոդվածներ), իսկ ներկայիս պայմաններում քանի դեռ նշված քրեական հայցը քննարկող դատարանը չի ստեղծվել (կամ դատավորները չեն նշանակվել), անձը ենթակա է քրեական պատասխանատվության իմպերատիվ կերպով։ Ավելին ստեղծված իրավիճակը բերում է անհավասար մոտեցման նաև այն անձանց նկատմամբ, ովքեր ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարել են ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի գործողության ժամանակ և նրանց նկատմամբ տարածվել է նախկին օրենսգրքով սահմանված դատավարական կարգը, քանի որ նախկին օրենսգրքով նախատեսված էր մասնավոր մեղադրանքի գործերով քրեական հետապնդումը բացառող երկու հիմք այն է տուժողի բողոքի բացակայությունը և տուժողի հաշտությունը մեղադրյալի հետ։ (…)

Դատարանը գտնում է, որ այն ժամանակ, երբ տուժողը հրաժարվում է իր իսկ ներկայացրած բողոքից, հիմքում ունենալով, որ իր խախտված իրավունքները վերականգնվել են պատճառված վնասը հատուցվել կամ այլ կերպ հարթվել է, քրեաիրավական ներգործության միջոցների և այլ գործիքակազմի կիրառումը գերազանցվում է դուրս մղվելով քրեական ու քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համալիր խնդիրներից։ Այսպիսով Դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, որ, երբ անձի նկատմամբ հանրային կարգով քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցանքներից որևէ մեկով, և տուժողի բողոքի հիման վրա նախաձեռնվում է վարույթ, իսկ այնուհետև տուժողը հրաժարվում է ներկայացրած հաղորդումից հաստատելով բողոքի բացակայությունը, քրեական և քրեադատավարական գործիքակազմը հնարավորություն չի տալիս դադարեցնել հարուցված քրեական հետապնդումը կամ այն չիրականացնել, քանի որ մասնավոր կարգով իրականացման ենթակա քրեական հետապնդումն հանրային կարգով իրականացվելու դեպքում Օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներում նախատեսված չեն համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան դադարեցնելու անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ (…)

Ամփոփելով վերոգրյալը Դատարանը գտնում է, որ Օրենսգրքի դրույթները այնքանով, որքանով (mutatis mutandis) չեն նախատեսում տուժողի բողոքի հիման վրա ենթադրյալ հանցանք կատարած անձի (այդ թվում նախկինում հանցանք կատարած անձի) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը վերջինիս կողմից բողոքից հրաժարվելու կամ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով, դադարեցնելու անհրաժեշտ կառուցակարգ, առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 29-րդ, 75-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածների պահանջներին»։

3. Ուսումնասիրելով դիմումը և թիվ ՍԴ/0124/01/23 քրեական գործի նյութերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրության հիշյալ նորմն արտացոլված է նաև սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում: Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրության վկայակոչված դրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է ներքոնշյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այդ առումով առանցքային կարևորություն ունի դատարանի կողմից ներկայացված դիմումի շրջանակում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն պատշաճ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»: Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների Սահմանադրության 29, 75, 79 և 81-րդ հոդվածներին ենթադրյալ հակասության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելով չմատնանշելով Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ իրավունք կամ ազատություն, որպիսին չեն կարող հանդիսանալ Դիմողի կողմից հիշատակված խտրականության արգելքի, հիմնական իրավունքների ու ազատությունների իրականացման կառուցակարգերի և ընթացակարգերի, որոշակիության սկզբունքի և հիմնական իրավունքների ու ազատությունների միջազգային իրավական պրակտիկայի վերաբերյալ սահմանադրաիրավական դրույթները: Ավելին, Դիմողի վերոնշյալ որոշման եզրափակիչ մասում չեն մատնանշվել/որոշակիացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սույն դիմումով վիճարկվող կոնկրետ դրույթները («1. Թիվ ՍԴ/0124/01/23 քրեական վարույթով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ Սահմանադրական դատարան»): Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ դատարանի դիմումը չի բավարարում սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի պահանջները, քանի որ «(…) նախ` դիմողը, ընդհանուր կերպով վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթները, բավարար կերպով չի հիմնավորել, թե վերջիններս Սահմանադրության ո՞ր նորմերին են առերևույթ հակասում, երկրորդ` դիմումի եզրափակիչ մասում (խնդրամասում) չի բարձրացվում վիճարկվող` (...) օրենսգրքի և (...) օրենքի կոնկրետ դրույթների սահմանադրականությունը որոշելու խնդիր»: Սույն դիմումի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ Դիմողն ըստ էության բարձրացրել է վիճարկվող նորմերում ենթադրյալ օրենսդրական բացի առկայության հարց: Մասնավորապես Դիմողի կողմից բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով տուժողի բողոքի հիման վրա ենթադրյալ հանցանք կատարած անձի (այդ թվում նախկինում հանցանք կատարած անձի) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը տուժողի կողմից բողոքից հրաժարվելու կամ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով դադարեցնելու իրավական կառուցակարգի բացակայության սահմանադրականության հարց: Այսպես Դիմողը նշել է․ «(…) այն դեպքում, որ, երբ անձի նկատմամբ հանրային կարգով քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցանքներից որևէ մեկով, և տուժողի բողոքի հիման վրա նախաձեռնվում է վարույթ, իսկ այնուհետև տուժողը հրաժարվում է ներկայացրած հաղորդումից հաստատելով բողոքի բացակայությունը, քրեական և քրեադատավարական գործիքակազմը հնարավորություն չի տալիս դադարեցնել հարուցված քրեական հետապնդումը կամ այն չիրականացնել, քանի որ մասնավոր կարգով իրականացման ենթակա քրեական հետապնդումն հանրային կարգով իրականացվելու դեպքում Օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներում նախատեսված չեն համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան դադարեցնելու անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը»։ Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ փաստել է. «Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: (...)

(…) օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»: Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-254 աշխատակարգային որոշման մեջ արձանագրված է. «(...) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը»: Սահմանադրական դատարանը 2021 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-74 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին (...)»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի/դրույթի սահմանադրականության վերաբերյալ դատարանի սահմանադրաիրավական իմաստով «հիմնավոր կասկածի» մասին խոսք կարող է լինել բացառապես այն պարագայում, երբ դատարանը եզրահանգի, որ ենթադրյալ օրենսդրական բացն անհնար է հաղթահարել դատական մեկնաբանման միջոցով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից մեկնաբանության միջոցով օրենսդրական բացի վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին բավարար հիմնավորումներ չներկայացնելը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառման։ Վերոնշյալը հաշվի առնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումներով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, որպիսի պայմաններում գործի քննությունը ենթակա է մերժման` սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

19 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-109

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-109
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել