«ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 մայիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 23 | «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 մայիսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ս. Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 30-ին, որով Դիմողը խնդրել է.
«(…) հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 74-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով նորմը հնարավորություն չի տալիս գրավատուին գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում ցանկացած ժամանակ վճարելով աճուրդի մեկնարկային գնի չափով դադարեցնել իր գույքի գրավը ու այդ հնարավորությունը գրավատուին ընձեռում է միայն վերջին չկայացած աճուրդից հետո»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված նեղ, նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 1-ին, 74-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների պահանջները:
Դիմողը հավելում է. «Միևնույն ժամանակ, եթե Բարձր դատարանը կարձանագրի, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է օրենքի ձևակերպումներով, ապա գտնում եմ, որ Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետն ինքնին հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 1-ին, 74-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների պահանջները՝ այնքանով, որքանով նորմը հնարավորություն չի տալիս գրավատուին գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում ցանկացած ժամանակ վճարելով աճուրդի մեկնարկային գնի չափով դադարեցնել իր գույքի գրավը ու այդ հնարավորությունը գրավատուին ընձեռում է միայն վերջին չկայացած աճուրդից հետո»:
Վիճարկվող դրույթը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի հետ՝ Դիմողը նշում է, որ եթե վարկառուն սնանկ չի ճանաչվել, ապա գրավատուն կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել գույքի բռնագանձումը՝ կատարելով գրավով ապահովված պարտավորությունը, սակայն եթե վարկառուն սնանկ է ճանաչվել, ապա դրա բացասական հետևանքները կրում է գրավատուն, քանի որ նա այլևս չի կարող ցանկացած ժամանակ դադարեցնել իր գույքի գրավը և պետք է սպասի մինչև վրա հասնի «չկայացված աճուրդի» պահը, ինչը կարող է ընդհանրապես տեղի չունենալ:
Ըստ Դիմողի՝ համապատասխան գործի շրջանակներում վիճարկվող դրույթին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հակադրվում է իրավունքի գերակայության սկզբունքի կարևոր բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ իր սեփականության իրավունքին։
Դիմողը հավելում է, որ վիճարկվող դրույթն ինքնին, ինչպես նաև ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությամբ չի ապահովում նաև անձի դատական պաշտպանության իրավունքը։
Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետը տարբեր դատական ատյանների կողմից կիրառվել է տարբեր մեկնաբանություններով, և ՀՀ դատարանները տվյալ դրույթի մեկնաբանման արդյունքում տարբեր գործերով հանգել են տարբեր հետևությունների։
Դիմողը եզրահանգում է, որ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետին տրված մեկնաբանության արդյունքում անտեսվում են իրավունքի գերակայության սկզբունքի կարևոր բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ իր սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշման մեջ նշված է. «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում»:
Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրված է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:
Վերոնշյալի համատեքստում՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Մասնավորապես՝ Սնանկության դատարանը, քննության առնելով թիվ ՍնԴ/3114/04/21 սնանկության գործով «Տեխնոպրոֆ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, երրորդ անձի գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու կառավարչի միջնորդությունը, 2024 թվականի ապրիլի 12-ին որոշել է.
«Միջնորդությունը բավարարել.
Դադարեցնել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա թիվ 15/7 հասցեի անշարժ գույքի՝ «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի ½ բաժնի նկատմամբ «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ի իրավանախորդ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գրանցված թվով 12 գրավի իրավունքները և վերացնել սնանկության վարույթի շրջանակներում կիրառված բոլոր արգելանքներն ու սահմանափակումները։
(...)»։
Վերոնշյալ որոշման դեմ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024 թվականի հունիսի 20-ին որոշել է.
«1. «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի.
Թիվ ՍնԴ/3114/04/21 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի «Երրորդ անձի գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու մասին» 12.04.2024թ. որոշումը վերացնել, հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:
(…)»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերվել Դիմողի՝ «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Դիմողի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, ըստ այդմ՝ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
12 մայիսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
