«ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-100)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 100 | «ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 157-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 8-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 157-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 1-ին կետի և 8-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մայիսի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արթուր Ստեփանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սիրանուշ Սահակյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 3-րդ մասի 1-ին կետը և 8-րդ մասը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայումը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի կողմից կանխորոշված շրջանակում, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի որոշման՝ գործի ելքի վրա ազդեցության գնահատման, խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման և խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացման համար անհրաժեշտ շրջանակում՝ ճանաչելով, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
(...) «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 49-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
(...) «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, այդ թվում՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 49-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Անդրադառնալով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասին, 3-րդ մասի 1-ին կետին և 8-րդ մասին՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք վիճարկվող տվյալ դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ պայմանավորված նոր հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման վերանայումը կարող է իրականացվել Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված սահմանադրաիրավական խախտման՝ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը գնահատելու, խախտված սահմանադրական իրավունքը վերականգնելու և խախտման հետևանքով առաջացած բացասական հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ սահմաններից դուրս, համապատասխանում են Սահմանադրության 3-րդ հոդվածին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 49-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 79-րդ հոդվածներին:
Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ «նոր որոշում» կայացնելու լիազորությունը չի կարող մեկնաբանվել որպես կարգապահական ամբողջ միջնորդության նոր քննություն իրականացնելու անսահմանափակ իրավասություն, այլ պետք է մեկնաբանվի նոր հանգամանքի բնույթով, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առարկայով և դրանով կանխորոշված սահմանադրաիրավական հետևանքով պայմանավորված սահմաններով:
Դիմողը գտնում է՝ եթե Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ պայմանավորված վերանայման վարույթում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ազատորեն վերադառնալ գործի բոլոր փաստական և իրավական հարցերին, փոխել նախկինում տրված իրավական գնահատականները և վերահաստատել կամ վատթարացնել անձի իրավական վիճակը, ապա վերանայման ինստիտուտը կորցնում է իր սահմանադրական որոշակիությունը: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ այդ դեպքում անձը չի կարող կանխատեսել, թե Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ իր խախտված իրավունքի ճանաչումն ի՞նչ իրավական հետևանք է առաջացնելու իր համար՝ վերականգնո՞ւմ, թե՞ նոր և ավելի ծանր միջամտություն: Նման մեկնաբանությունը, ըստ Դիմողի, հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 75-րդ հոդվածին:
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթներին Բարձրագույն դատական խորհրդի կողմից տրված մեկնաբանության արդյունքում խախտվել են իր՝ Սահմանադրության 49, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ հանրային ծառայության անցնելու, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Բացի դրանից, ըստ Դիմողի, վիճարկվող մեկնաբանությունը հակասում է նաև Սահմանադրության 3-րդ հոդվածին, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ օրինականության սկզբունքին:
Անդրադառնալով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված` հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքից ածանցվող՝ դատավորի հետագա պաշտոնավարման իրավունքը կարող է սահմանափակվել վիճարկվող տվյալ դրույթների հիման վրա, որոնք նույնական փաստական հանգամանքներում թույլ են տալիս նույն արարքը մի դեպքում գնահատել որպես ոչ էական (սովորական) կարգապահական խախտում, իսկ մյուս դեպքում՝ որպես դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի էական կարգապահական խախտում։
Դիմողը նշում է, որ, ըստ էության, նյութական կամ դատավարական ցանկացած նորմի կամ վարքագծի ցանկացած կանոնի խախտում կարելի է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի լույսի ներքո, որը, վիճարկվող տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հաշվառմամբ, ինքնաբերաբար կարող է հանգեցնել նաև էական կարգապահական խախտում նախատեսող՝ նույն սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին վերագրելիության և դատավորի լիազորությունների դադարեցման:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ինքը չէր կարող ողջամտորեն կանխատեսել, որ դատական ակտերի հրապարակման և ուղարկման ժամկետների խախտումները՝ առանց հիմնարար կոնկրետ իրավունքի ծանր խախտման և առանց կոնկրետ հեղինակազրկման հետևանքների անհատականացված վերլուծության, կարող են նույնացվել դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի արարքի հետ:
Դիմողը պնդում է, որ եթե վարքագծի ցանկացած խախտում կարող է գնահատվել որպես էական կարգապահական խախտում՝ ելնելով վիճարկվող դրույթներով նախատեսված ընդարձակ հայեցողության շրջանակից, ապա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ոչ միայն խախտում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով երաշխավորված՝ համաչափության և իրավական որոշակիության սկզբունքները, այլ նաև ամբողջապես հավասարվում է դրույթի նախորդ՝ հակասահմանադրական և անվավեր ճանաչված մեկնաբանությանը:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթներին Բարձրագույն դատական խորհրդի կողմից տրված մեկնաբանությունը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված՝ անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը: Մասնավորապես՝ Դիմողի պնդմամբ՝ դրանով չեն պահանջվում կոնկրետ հիմնարար իրավունքի խախտման նույնականացում, առաջացած հետևանքի ծանրության գնահատում, դատական իշխանության հեղինակազրկման օբյեկտիվ ապացույցներ և ավելի մեղմ տույժերի անբավարարության փաստարկված հերքում: Հենց նշված պատճառով էլ, ըստ Դիմողի, վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի անհամաչափ և ոչ որոշակի սահմանափակման:
Անդրադառնալով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասին՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք վիճարկվող տվյալ դրույթի երկրորդ նախադասությունը՝ նույն սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համակարգային կապում, հակասում է Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75 և 79-րդ հոդվածների հետ համակցության մեջ, այնքանով, որքանով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում չի նախատեսում բավարար չափով որոշակի, կանխատեսելի և դատավորի հիմնական իրավունքներին նվազագույն միջամտություն ապահովող իրավական հետևանք այն դեպքի համար, երբ կարգապահական խախտման առկայության հարցով քվեարկությունից հետո լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի ընտրության փուլում տվյալ տույժի օգտին չի ապահովվում որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի պայմաններում Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական տույժի ընտրության փուլում որոշման չընդունման դեպքում կարող է կրկին քվեարկել՝ առանց դատավորի համար առավել բարենպաստ կամ նվազ միջամտող իրավական հետևանք կիրառելու, հանգեցնում է իր՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի խախտման:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը` նույն սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համակարգային կապում և դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, չի համապատասխանում Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75 և 79-րդ հոդվածների հետ համակցության մեջ։ Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթը բավարար հստակությամբ չի սահմանում կարգապահական տույժի ընտրության փուլում որոշման չընդունման իրավական հետևանքը, թույլ է տալիս դատավորի համար անկանխատեսելի և առավել ծանր հետևանքների առաջացում, ինչպես նաև խոչընդոտում է Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված իրավունքի խախտման արդյունավետ վերականգնումը:
3. Ելնելով դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 157-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 1-ին կետի և 8-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության), ինչպես նաև նույն սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես, Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Խորհուրդը լիազորված չէր իրականացնել կարգապահական միջնորդության ամբողջ ծավալով նոր քննություն, և վերագրվող կարգապահական խախտման, հետևաբար նաև՝ կարգապահական տույժի տեսակի փոփոխություն, այլ կաշկանդված էր Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված նորմի ազդեցության գնահատմամբ, քանի որ հակասահմանադրական է ճանաչվել նորմ, որը կարգապահական վարույթի ըստ էության քննության հետ որևէ աղերս չունի: Հետևաբար Սահմանադրական դատարանի որոշման հիմքով վերանայման վարույթում ԲԴԽ-ի լիազորությունը պետք է սահմանափակվի նոր հանգամանքի և նախկին որոշման եզրափակիչ մասի միջև պատճառական կապի գնահատմամբ» (ընդգծումը՝ Դիմողի):
Դիմողը նաև նշել է. «(...) Խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշմամբ նշված լիազորությունը չի մեկնաբանվել Սահմանադրական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո, ուստի այն գեթ մեկ արձանագրում չի պարունակում Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված նորմի ազդեցության գնահատման մասին, և աչքի է ընկնում գործի ելքի վրա ազդեցություն ունեցած (չ)լինելու փաստարկների ամբողջական բացակայությամբ, որի արդյունքում եզրափակիչ մասը թողնվել է անփոփոխ, ավելին՝ առավել շատ կողմ ձայներով։ Սա անտեսում է ոչ միայն վերանայման վարույթով նոր հանգամանք հանդիսացած Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 22-ի ՍԴՈ-1780 որոշման բովանդակությունը և կանխորոշած վերանայման շրջանակը, այլ նաև վերանայման վարույթին տարբեր որոշումներով արդեն իսկ տրված սահմանադրաիրավական բովանդակությունը»:
Բացի դրանից, Դիմողը ներկայացրել է պնդում առ այն, որ «Բարձրագույն դատական խորհուրդը պետք է պարզեր՝ արդյո՞ք ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրված հակասահմանադրական կարգավորումը ազդեցություն ունեցել է դիմողի լիազորությունների դադարեցման մասին նախկին որոշման վրա։ Այդ հարցի պատասխանը ակնհայտորեն դրական էր, քանի որ նախկին որոշման ընդունման ժամանակ կիրառվել էր հենց այն ձայների շեմը, որը Սահմանադրական դատարանը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող»:
Միաժամանակ, սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը նշել է. «(...) Վերանայման վարույթի ընթացքում, որը թեև շեղվել է իր սահմանադրաիրավական բովանդակությունից և ամբողջությամբ նույն փաստական հանգամանքների շրջանակում վերածվել է կարգապահական վարույթի կրկնակի քննության, այնուամենայնիվ Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամների կողմից նույն արարքը և նույն փաստական հանգամանքները այս անգամ վիճարկվող դրույթների լույսի ներքո մեկնաբանվել են բացարձակապես այլ կերպ։ Առավել կոնկրետ՝ առաջին քննության ընթացքում կատարված արարքը վիճարկվող դրույթների լույսի ներքո չի համարվել էական կարգապահական խախտման հիմք, իսկ նոր քննության ընթացքում համարվել է այդպիսին: Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսքը ամբողջությամբ նույն կարգապահական վարույթի մասին է, որով գեթ մեկ փաստական հանգամանք փոփոխության չի ենթարկվել»:
Դիմողի կողմից ներկայացվել է նաև հետևյալ դիրքորոշումը. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1780 որոշումից հետո կրկին քննության առնելով նույն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, վիճարկվող դրույթը չի մեկնաբանել դատավորի համար առավել բարենպաստ կամ նվազ միջամտող իրավական հետևանքի կիրառման ուղղությամբ: Փոխարենը Խորհուրդը փաստացի կրկին քվեարկել է կարգապահական տույժի հարցի շուրջ՝ այն պայմաններում, երբ նախորդ վարույթի շրջանակում դատավորի լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի օգտին ձայների անհրաժեշտ սահմանադրական քանակ չէր ապահովվել»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշման բովանդակության հետ: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 157-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 1-ին կետի և 8-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության), ինչպես նաև նույն սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշման և դրա շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-12 որոշման իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 157-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 1-ին կետի և 8-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-100
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-100
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
