ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի օգոստոսի 29-ին «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5-րդ հոդվածով. « Հոդված 2.5. Հաստատել 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն N 6 հավելվածի:»։ Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.7-րդ կետով. «6.7) 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 210 մլն մ 3 : 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ 3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»: Հոդված 3. Օրենքը լրացնել «2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ): Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. օգոստոսի 29 Երևան ՀՕ-373-Ն Հավելված « Հավելված N 6 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների: Ծրագիրը նպատակաուղղված է 2018 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:
2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրված է լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ 3 : Ջրբացթողումներն իրականացվում են Կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: 2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ, ինչպես 2017 թվականը (Սևանա լճից բաց է թողնվել 266.757 մլն մ 3 ջուր), այնպես էլ 2018 թվականը դիտվել են սակավ ջրատվության տարիներ: 2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ, 2016 թվականի՝ որպես նորմալ ջրատվության տարվա նույն օրվա համեմատ, ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 155 մլն մ 3 , իսկ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 35 մլն մ 3 : Անխուսափելի է նաև ջրի դեֆիցիտ Սևան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 36 հազ. հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում նախատեսվել է Հրազդան գետի ջրատվությունն ամբողջ ոռոգման ժամանակահատվածում 165 մլն մ 3 (ինչպես 2016 թվականին), որից հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 110 մլն մ 3 : Սակայն գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն՝ սակավաջուր տարում այդ ամիսներին Հրազդան գետի հոսքը կազմել է 5.8 մ 3 /վրկ (55-60 մլն մ 3 ), առանձին տարիներին՝ շուրջ 70 մլն մ 3 կամ նախատեսվածից 40-45 մլն մ 3 պակաս: Այսպիսով, 2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դեֆիցիտը 2016 թվականի համեմատ կկազմի շուրջ 40 մլն մ 3 : Սևանա լճից հունիսի 15-ի դրությամբ 2016 թվականին բաց է թողնվել 8.978 մլն մ 3 , 2017 թվականին՝ 52.231 մլն մ 3 , 2018 թվականին՝ 27.268 մլն մ 3 ջուր, իսկ Արփա-Սևան թունելով 2016 թվականին Սևանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 94.341 մլն մ 3 , 2017 թվականին՝ 87.876 մլն մ 3 , 2018 թվականին՝ 111.121 մլն մ 3 ջուր:
3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ 3 չափաքանակի ավելացումն է՝ այն դարձնելով մինչև 210 մլն մ 3 : Լճից մինչև լրացուցիչ 40 մլն մ 3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հէկ-երում լրացուցիչ արտադրելու ևս շուրջ 38 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. 1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում. 2) ոռոգում իրականացնող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրության մեծացում:
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բացթողումը պետք է իրականացվի Կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա: Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ: Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործման միջոցով արտադրված էլեկտրական էներգիայի քանակի և դրա հետ կապված կատարված վճարումների վերաբերյալ: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Կառավարություն և Ազգային ժողով:»: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-373-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.08.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.08.30/66(1424) Հոդ.927 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.08.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.08.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.08.2018 Հիմնական ակտ 29.08.2018, ՀՕ-373-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.12.2001, ՀՕ-276 14.12.2001, ՀՕ-276 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-373-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
