Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1713 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 ապրիլի 2023թ. ՍԴԴԿՈ - 17 | ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 ապրիլի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով Գայանե Ճաղարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գայանե Ճաղարյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մարտի 30-ին), խնդրել է հետևյալը.

«(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի և 303-րդ հոդվածի 2-րդ մասի օրենսդրական բացով պայմանավորված դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր այնքանով, որքանով օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն նախատեսված չէ այն անձանց համար, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող պայմանագրի կնքման հետևանքով»։

2. Դիմողը նշում է, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքը դատական կարգով վիճարկելու հնարավորությունը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ըստ որի միայն պայմանագրի կողմերը կարող են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան, համահունչ չէ Սահմանադրությամբ պաշտպանվող դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը։

Ըստ դիմողի վիճարկվող դրույթների օրենսդրական բացը կապված այն հանգամանքի հետ, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի մասով առկա չէ որևէ կարգավորում, հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով, քանի որ անգամ պայմանագրերի առանձին տեսակների մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոններով կարգավորված չէ, թե ով կարող է դիմել դատարան, երբ առկա է պայմանագիրը վիճարկելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով նախատեսված հիմք։

Միաժամանակ դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթների օրենսդրական բացը հանգեցնում է նաև գրավատուի սեփականության իրավունքի ոտնահարման, քանի որ գրավատուն իր գույքով և դրամական միջոցներով ապահովում է այն պարտավորությունը, որը ծագել է օրենքի և/կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ կնքված վարկային պայմանագրից, և որը գրավի պայմանագրի կնքման պահին հայտնի չի եղել գրավատուին։

Փաստորեն, վիճարկվող դրույթներում առկա օրենսդրական բացով պայմանավորված դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է նաև Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածներին, քանի որ սեփականության իրավունքի պաշտպանությունը սերտորեն փոխկապակցված է դատական պաշտպանության իրավունքի հետ։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Գայանե Ճաղարյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի և 305-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

13 ապրիլի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել