ՕՖԵԼՅԱ ՂՈՒԼԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հունվարի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ՕՖԵԼՅԱ ՂՈՒԼԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
13 հունվարի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Օֆելյա Ղուլինյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Օֆելյա Ղուլինյանը 19.12.2011թ. (դիմումի լրացմամբ` 28.12.2011թ.) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետը եւ 122-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերը, 224-րդ հոդվածի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Դիմողը գտնում է, որ դատարանն իր վճռում չի պատճառաբանել, թե ինչ հիմքեր են առկա գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու համար: Դրա փոխարեն նա հիմք է ընդունել աշակերտական խորհրդի, ծնողական խորհրդի, մանկավարժական խորհրդի դիմումների եւ որոշումների մեջ միայն իր դեմ եղած հանգամանքները, պատճառաբանելով, որ դրանք հանդիսանում են պատշաճ ապացույցներ` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հարցում: Դիմողի կարծիքով` դա օրենքի անորոշ ձեւակերպման հետեւանք է, որը զրկում է քաղաքացուն դատական պաշտպանության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքներից: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով եւ ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի եւ կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետեւյալ պատճառաբանությամբ.
խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումների միասնական ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաեւ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, որի համաձայն` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի որեւէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձեւակերպված որեւէ հիմնավորում. դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց` ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության եւ կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` §...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես ՀՀ սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ».
խնդրո առարկա անհատական դիմումով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի մասով դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշումը, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Օֆելյա Ղուլինյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
13 հունվարի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/ 1-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունվարի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
