ՖԱՀՐԱԴ ՈՍԿԱՆՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԹԱՄԱՐՅԱՆԻ, ԳԱՌՆԻԿ ԱԲԱԶՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԻԲԵԿ ՀՈՌՈՄՍԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 նոյեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 28 | ՖԱՀՐԱԴ ՈՍԿԱՆՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԹԱՄԱՐՅԱՆԻ, ԳԱՌՆԻԿ ԱԲԱԶՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԻԲԵԿ ՀՈՌՈՄՍԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ
1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
20 նոյեմբերի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Ֆահրադ Ոսկանյանի, Սամվել Թամարյանի, Գառնիկ Աբազյանի և Սարիբեկ Հոռոմսիմյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Ֆահրադ Ոսկանյանը, Սամվել Թամարյանը, Գառնիկ Աբազյանը և Սարիբեկ Հոռոմսիմյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «...ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «հրապարակվելու պահից» դրույթը և/կամ ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները»։
Դիմողների կարծիքով, այն հանգամանքը, որ երկու տարբեր իրավական ակտերով օրենսդրի կողմից տրված իրավակարգավորումների արդյունքում դատարանը, ի կատարումն օրենքի պահանջի, հրապարակում է միայն դատական ակտի եզրափակիչ մասը, սակայն բողոքարկման ժամկետի սկիզբը, կրկին ի կատարումն օրենքի պահանջի, շարունակում է հաշվառել հրապարակման պահից չի ապահովում այն պայմանը, համաձայն որի բողոքարկման ընթացակարգը և բողոքարկվող դատական ակտը պետք է միաժամանակ հասու լինեն բողոքարկողին։
Դիմողները պնդում են, որ այնքանով, որքանով նման իրավիճակում բողոքարկուն մինչև բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը պատճառաբանված բողոք ներկայացնելու հնարավորություն չի ունեցել, քանի որ իր ձեռքի տակ չի ունեցել բողոքարկվող դատական ակտի ամբողջական տեքստը, իսկ այն պահին, երբ իր ձեռքի տակ է հայտնվել դատական ակտի ամբողջ տեքստը, սպառվել է բողոքարկման ժամկետը անհամաչափորեն խախտվել է դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ ինքը զրկվել է պատճառաբանված բողոք ներկայացնելու իրական հնարավորությունից։ Դատական կազմը, ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավադրույթի վերաբերյալ առկա է ՍԴՈ-1052 որոշումը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինիս կամքից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով ճանաչվում է հարգելի։ Հետևաբար, այս առումով նշված հոդվածի մասով առկա է դիմումի հիման վրա գործի քննությունը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 3-րդ մասով մերժելու հիմք։
ՀՀ դատական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ դատական կազմը գտնում է, որ, ինչպես վկայում է դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը, այն կիրառված չէ դիմողների նկատմամբ։ Մինչդեռ անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Այս պայմանը, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ ձևավորել է իրավական դիրքորոշում, համաձայն որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Ֆահրադ Ոսկանյանի, Սամվել Թամարյանի, Գառնիկ Աբազյանի և Սարիբեկ Հոռոմսիմյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
20 նոյեմբերի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 նոյեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
