ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՍԱՔԵՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունվարի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՍԱՔԵՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
29 հունվարի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Լուսինե Ալեքսանյանը, Նարինե Սաքեյանը, Հասմիկ Վարդանյանը և Գագիկ Ավետիսյանը ՀՀ սահմանադրական դատարան են դիմել 11.01.2016թ.: Վերջնական դատական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին, կայացվել է 2015 թվականի նոյեմբերի 4-ին, այսինքն` դիմողները ՀՀ սահմանադրական դատարան են դիմել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված 6- ամսյա ժամկետում:
Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 23 (14), 28 (14.1), 61 (18), 63 (19), 66 (20), 10 և 59 (8 և 31), 76 (43), 75 (85.3)-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը` այնքանով, որքանով նոտարական գործունեության հետևանքով անձանց պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի «ա» ենթակետի դրույթները` այնքանով որքանով` նոտարները չեն դիտվում որպես վարչարարություն իրականացնող մարմիններ»:
Դիմողները նշում են, որ նոտարը հանդես է գալիս ՀՀ անունից, պետության կողմից պատվիրակված լիազորությամբ արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, նրա ստորագրությամբ և կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ, միայն նոտարի կողմից վավերացված` անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա է ՀՀ-ն ճանաչում անշարժ գույքի նկատմամբ անձի իրավունքը:
Դիմողները գտնում են, որ առկա իրավակարգավորման պայմաններում նոտարի իրավունակությունը և/կամ գործունակությունը դադարեցնելու ցանկացած դեպքում որևէ մեկը պատասխանատվություն չի կրում նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար կամ նոտարի պաշտոնավարումը դադարելուց հետո, նյութաիրավական տեսանկյունից, նոտարի իրավահաջորդ գոյություն չունի: Այս պարագայում անձը զրկվում է իրավական պաշտպանության իրավունքից նաև այն դեպքերում, երբ բացակայում է նոտարի մեղքը, սակայն կառուցակարգերի անկատարության պատճառով անձինք դառնում են իրավունքի խախտման զոհ:
Ըստ դիմողների` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը չի ներառել նոտարներին` որպես հանրային ծառայություններ իրականացնող անձ, վարչական մարմինների ցանկում` պարունակելով իրավական բաց:
2. Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի դիմումի հիման վրա «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ պարբերության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
29 հունվարի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունվարի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
