ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 հուլիսի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 13 | ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
3 հուլիսի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով Էդմոնդ Խուդյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Էդմոնդ Խուդյանը 2012թ. հունիսի 13-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի «հետաձգել» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 2-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
1. Դիմողի կարծիքով «… տուժող ճանաչելու համար բավարար է այն հաստատված փաստը, որ անձին քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է և կարող է անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվի քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը, հետևաբար այն պատճառաբանությունները, որ այդ արարքներից որևէ մեկի կողմից կատարված լինելու փաստը հիմնավորելուց հետո նոր միայն պետք է անդրադառնալ անձին տուժող ճանաչելու հարցին, անհիմն է և չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներից»։
Ըստ դիմողի ներպետական դատարանները, «հետաձգելով» անձին քրեական գործով տուժող ճանաչելու պահանջը, նպաստում են ոչ թե հանցագործությունից տուժած անձի մոտ առաջացած խնդիրների լուծմանը, այլ դրանց ավելացմանը, քանի որ նման պայմաններում անձը չի կարողանում օգտվել օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման իր իրավունքից, ինչի հետևանքով էլ խախտվում են ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները։
2. Վիճարկվող դրույթի սահմանադրականությունը չի կարող գնահատվել այլ դրույթներից մեկուսացած, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տվյալ դրույթը դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան այլ դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը սահմանում է, որ դատավարության մասնակից չհանդիսացած ցանկացած անձ, օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ։ Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունը վկայում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի մերժվել Է. Խուդյանին տուժող ճանաչելու պահանջը, այլ հետաձգվել է մինչև քրեական օրենսգրքով չթույլատրվող արարքով անձին վնաս պատճառելու հանգամանքների հաստատումը։ Դա կատարվել է ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների պահպանման տեսանկյունից, այն է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացման ապահովման համար։ Հետևաբար, դիմողի ներկայացրած փաստարկներն առ այն, որ անձին տուժող ճանաչելու համար անհրաժեշտ չէ, որպեսզի գործով ներգրավված լինի մեղադրյալ, ինչպես նաև անհրաժեշտ չէ, որպեսզի մեղադրյալի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք կատարելու փաստը հաստատված լինի գործով ձեռք բերված ապացույցներով, հիմնազուրկ են և իրենց իրավական բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում, ինչը, իր հերթին, դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
3. Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։
Այսպես, դիմումում մասնավորապես նշվում է, որ «…ներպետական դատարանները, «հետաձգելով» անձին քրեական գործով տուժող ճանաչելու պահանջը, նպաստում են ոչ թե հանցագործությունից տուժած անձի մոտ առաջացած խնդիրների լուծմանը, այլ դրանց ավելացմանը»։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Այսինքն առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Էդմոնդ Խուդյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
3 հուլիսի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
