Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12910 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-129)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 129 | «ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նարինե Գրիգորյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի և 344-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի օգոստոսի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Նարինե Գրիգորյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ քաղաքացիական գործով դատական քննության ժամանակ իր իրավունքի խախտման մասին անձի իմանալու կամ իմանալու պարտականության ժամկետի սկիզբը հաշվարկելիս որպես հիմք չի ընդունվում մեկ այլ դատական վարույթի շրջանակում ընդունված այն եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, որով հաստատվել է միևնույն արարքի կատարման արդյունքում անձի միևնույն իրավունքի խախտման փաստը, ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր,

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը, այնքանով, որքանով հայցային վաղեմության չկիրառման հիմքերի շարքում չի նախատեսում հանցագործության հետևանքով անձի խախտված սահմանադրական իրավունքների վերականգնման հետ կապված հայցապահանջները, ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ԵԿԴ/4346/02/16 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը գտնում է, որ հայցային վաղեմության ինստիտուտն այն դեպքերում, երբ առկա է իրավունքի խախտման փաստը հաստատող ուժի մեջ մտած դատական ակտ, պետք է մեկնաբանվի նախադատելիության սահմանադրաիրավական կանոններին համապատասխան, այն է՝ իրավունքի խախտման փաստի մասին իմանալու կամ իմանալու պարտականության ծագման պահը պետք է որոշվի դատական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետով:

Դիմողը նշում է, որ վերոգրյալով կապահովվի դատավարության կողմերի շահերի հավասարակշռությունը. հայցվոր կողմը չի կրի օրենքով չնախատեսված և անհամաչափ պարտականություն՝ պաշտպանվելու պատասխանողի ներկայացրած հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունից՝ իր իրավունքի խախտման փաստի մասին իմանալու կամ իմանալու պարտականության ծագման ժամկետի մասին հավելյալ ապացույցներ որոնելով և դատարանին ներկայացնելով: Ընդ որում՝ ըստ Դիմողի՝ անգամ նման ապացույցներ գտնելով և դատարանին ներկայացնելով հանդերձ՝ այդ ապացույցները չեն օգտվում արժանահավատության կանխավարկածից, որը գործում է ուժի մեջ մտած դատական ակտը որպես գրավոր ապացույց ներկայացնելիս: Դիմողի պնդմամբ՝ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված խնդրո առարկա մեկնաբանության հետևանքով հայցվորի համար առաջանում է անբարենպաստ իրավիճակ:

Դիմողն ընդգծում է, որ հայցային վաղեմության ինստիտուտը՝ որպես իրավունքի խախտման մասին իմանալու պարտականության ծագման պահով պայմանավորված՝ խախտված իրավունքի դատական պաշտպանության ժամկետային սահմանափակում, պետք է կիրառվի այնպիսի մեկնաբանությամբ, որ դատարանի մատչելիության իրավունքի կրողի իրավախախտման մասին իմանալու կամ իմանալու պարտականություն կրելու ժամկետը հաշվարկելիս որպես ելակետ ընդունվի վեճի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ու ճշմարտության բացահայտման իրավական անհրաժեշտությունը, որի գիտակցումը պետք է ընկած լինի դատարանի՝ համապատասխան վարույթային գործողությունների հիմքում և ձևավորի դատարանի ներքին համոզմունքը։

Դիմողը գտնում է, որ եթե առկա է դատական ակտ, որը մտել է ուժի մեջ և որով արձանագրվում է, որ հայցվորի իրավունքի խախտումը տեղի է ունեցել, մեկ այլ դատական գործով այդ իրավունքի խախտման իրավական հետևանքների հարցը որոշելիս անհրաժեշտ է որպես իրավունքի խախտման մասին իմանալու պահ արձանագրել դատական ակտի ուժի մեջ մտնելու պահը։

Դիմողը պնդում է, որ տվյալ դեպքում իր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով դատարան դիմած հայցվորի համար օրենքով պետք է երաշխավորվի իր իրավունքների դատական պաշտպանության կայուն, արդյունավետ և ոչ խտրական ընթացակարգ, որպիսի համատեքստում հայցվորի պահանջներից պաշտպանվող պատասխանողի իրավունքների պաշտպանության երաշխիք հանդիսացող հայցային վաղեմության ինստիտուտը պետք է ստանա հավասարակշռված մեկնաբանություն և կիրառում: Ըստ Դիմողի՝ հակառակ պարագայում, եթե հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի ժամանակ չգործի արդյունավետ ընթացակարգ, որով հայցվորի ներկայացրած հակափաստարկներն ու ապացույցները պատշաճ և արդյունավետ քննության չարժանանան, պատասխանողը կստանա անհամաչափ առավելություն, իսկ դա կհանգեցնի պետության պոզիտիվ պարտականության խախտման՝ այն է՝ հայցվորի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման արդյունավետ կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանման։

Դիմողը նշում է, որ տվյալ պարագայում վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասին տվել է այնպիսի մեկնաբանություն, որով «(...) այլ գործով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վարույթում գտնվող գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման փաստին՝ Դիմողի՝ իր իրավունքների խախտման մասին տեղեկանալու պահի որոշմանն իրավական նշանակություն չի տվել՝ փոխարենը՝ կիրառելով իմանալու պարտականության թեստը՝ կատարելով ոչ թե ուժի մեջ մտած այլ դատական ակտով հաստատված և այլևս կրկնաքննության ոչ ենթակա փաստերի հաստատում, այլ անելով իրավական ենթադրություն՝ հիպոթեզ, որ Դիմողը պարտավոր էր գործարքի շինծու բնույթի մասին իմանալ այն կնքելու պահին»։

Դիմողը գտնում է, որ վերոգրյալ մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ անտեսվում է այլ դատական ակտով միևնույն փաստի հաստատագրման հանգամանքը, և դրա փոխարեն հիմք են ընդունվում անուղղակի ապացույցներ, որոնք նաև չունեն կանխավարկածային արժանահավատություն։ Արդյունքում, ըստ Դիմողի, ակնհայտ է, որ հայցային վաղեմության ինստիտուտին տրված խնդրո առարկա մեկնաբանությունը հայցվորի դատական պաշտպանության ամբողջական սահմանադրական կառուցակարգն ու ընթացակարգը դարձնում է անարդյունավետ և անձի իրավունքների պաշտպանությանը չմիտված։

Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածին՝ Դիմողը նշում է, որ տվյալ հոդվածում բացակայում է նորմատիվ պատվիրան, որով կսահմանվի, որ հայցային վաղեմությունը չի տարածվում հանցագործության հետևանքով խախտված հիմնական իրավունքների վերականգնման հետ կապված հայցապահանջների վրա։ Ըստ Դիմողի՝ այդպիսի բացը չի կարող համարվել օրենսդիր մարմնի կառուցակարգային անկախության շրջանակում իրացված լիազորություն, քանի որ այն, նախ՝ հնարավոր չէ հաղթահարել օրենսդրական այլ երաշխիքների միջոցով, օրինակ՝ անալոգիայի, քննարկվող բացը հանգեցրել է մարդու հիմնական իրավունքների խախտման. հայցային վաղեմության կիրառման արդյունքում շարունակում է խախտված մնալ իր սեփականության իրավունքը, խախտվել են իր արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության հետևանքով խաթարվել է հանցագործությունից տուժած անձանց հիմնական իրավունքների վերականգնման քաղաքացիադատավարական կառուցակարգը, երբ հայցային վաղեմության կիրառման հետևանքով ինքը հնարավորություն չի ունեցել իրացնել հայցով իր սեփականության իրավունքի պաշտպանությունը, և իրեն պատկանող բնակարանը շարունակում է գտնվել հանցագործության արդյունքում բնակարանին տիրացած անձի իրավազորության ներքո։ Դիմողի պնդմամբ՝ տվյալ պարագայում առկա է իրավակարգավորման թերություն, որն առաջացրել է իր հիմնական իրավունքների խախտում։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(...) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ սույն դիմումը չի բովանդակում Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստը հաստատող այլ փաստարկներ, հետևաբար նաև չի հիմնավորվում տվյալ խախտման փաստի և Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանող 75-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75-րդ հոդվածի հնարավոր խախտման համատեքստում:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, հետևաբար նաև 75-րդ հոդվածին:

Այսպիսով, նկատի ունենալով, որ սույն դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորվում ինչպես Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստը, այնպես էլ դրա և Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։

Ուստի՝ վերոշարադրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։

3.2. Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես՝ համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:

Սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Զարգացնելով իր արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր՝ վերոնշյալ որոշումներով արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ նորմատիվ իրավակարգավորման բացի լուծումը գտնվում է օրենսդիր իշխանության իրավասության տիրույթում։ Այդպիսի բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ միայն եթե օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ նման երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։

Բացի դրանից, Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ, զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները, գտել է, որ՝

1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.

2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.

3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել, կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.

4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.

5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:

Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով Դիմողի կողմից իր անհատական դիմումում բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացին՝ Սահմանադրական դատարանը փաստում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում» վերտառությամբ 344-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ օրենսդրի կամքն այս առումով հստակ է, այն է՝ սահմանել այն կոնկրետ դեպքերը, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում։

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չեն Սահմանադրական դատարանի կողմից մշակված այն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան ստեղծված իրավիճակը դիտարկել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա «օրենսդրական բաց» եզրույթի ներքո։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար նաև Սահմանադրության 75-րդ հոդվածին։

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության մասով ևս ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Նարինե Գրիգորյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի և 344-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

10 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-129

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-129
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել