Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2129 օգոստոսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 օգոստոսի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 21 | «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

29 օգոստոսի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ն 05.08.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը այնքանով, որքանով սահմանափակում է կողմերի իրավահավասարության սկզբունքի կիրառումը մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու պահը, ինչպես նաև նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով հարկային մարմնի համար չի նախատեսում հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտերով վճարման առաջադրված գումարները բռնագանձելու պահանջներով դատարան դիմելու ժամկետ միաժամանակ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման ակտերը վիճարկելու նպատակով անձանց համար նախատեսելով դատարան դիմելու երկամսյա ժամկետ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

Դիմողը պնդում է, որ ՀՀ վարչական դատարանը, մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, նշում է, որ վերջինս դատարանում քննվող գործի վերաբերյալ դիրքորոշումներ ներկայացնելու առումով կողմերին հավասար հնարավորություն ստեղծելու պարտականություն է սահմանում միայն գործի քննության ընթացքում, սակայն գործի քննության ընթացքին հասնելու համար անհրաժեշտ է, որ դատարանում առկա լինի հարուցված գործ։ Դիմողը նաև կարծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, որը վերաբերում է կողմերի իրավահավասարությանը, ներառում է միայն գործի քննության ժամանակահատվածը, այսինքն հայցադիմումը վարույթ ընդունելու պահից մինչև դատաքննության ավարտը չներառելով մինչև հայցադիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածը, որը սահմանափակում է արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր համարվող կողմերի իրավահավասարության սկզբունքը մինչև հայցադիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում հակասություն առաջացնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների հետ։

Դիմողի կարծիքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը սահմանափակում է կողմերի իրավահավասարության սկզբունքն այնքանով, որքանով վիճարկման հայցի դեպքում հայցը կարող է դատարան ներկայացվել երկամսյա ժամկետում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, սակայն օրենսգրքում բացակայում են վարչական ակտի հիման վրա հարկային մարմնի կողմից բռնագանձման հայց ներկայացնելու ժամկետները։ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից դատական կազմը գտնում է, որ դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ վարչ. դատ. օր.-ի վիճարկվող դրույթները չեն զրկում անձին իր խախտված իրավունքները պաշտպանելու սահմանադրական իրավունքից, այլ ընդամենը նախատեսում են այդ իրավունքից օգտվելու որոշակի պայմաններ։

Դիմողը փորձել է վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը կապել վիճարկվող մյուս հոդվածի դատական իրավահավասարությունը երաշխավորող 5-րդ հոդվածի հետ, մինչդեռ վիճարկվող դրույթները կոչված են լուծելու տարաբնույթ խնդիրներ, և անթույլատրելի է դրանք համադրելով հակասություն գտնել դրանց և ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների միջև։ Դիմողը պատշաճ չի հիմնավորել, որ վիճարկվող դրույթներն առաջացրել են դատական պաշտպանության մատչելիության իր իրավունքի և հավասար ու արդար դատաքննության իրավունքի խախտում։

Դատական կազմն արձանագրում է նաև, որ քննարկվող իրավիճակում դիմողը նույնիսկ պատշաճ կերպով չի դիմել դատարան և, հետևաբար, պնդել, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքները առավել քան անհիմն է։ Վիճարկվող դրույթները սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում և առկա է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված գործի քննության ընդունումը մերժելու հիմք, այն է դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում։

2. Դատական կազմը գտնում է նաև, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչ. դատ. օր.-ի դրույթների սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումները վերաբերում են ոչ թե այդ դրույթների սահմանադրականությանը, այլ դիմողի համար առաջացած ոչ բարենպաստ հետևանքներին, ոչ բարենպաստ դատական ակտերի իրավաչափության հիմնախնդրին։

ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, 31-րդ, 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

29 օգոստոսի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/1-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 օգոստոսի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել