Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4022 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 փետրվարի 2022թ. ՍԴԱՈ - 40 | «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Անդրանիկ Մանուկյանը 2022 թվականի փետրվարի 2-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ իրավական որոշակիությանը համապատասխանող օրենքի հիման վրա դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և, ըստ այդմ, դատախազի իրավունքների սահմանափակման համաչափությունն ապահովելու համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»:

2. Ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ վիճարկվող նորմով նախատեսված և դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները սահմանող «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթը անորոշ է, և պարզ չէ, թե պրակտիկայում ինչպես է մեկնաբանվում և կիրառվում այն: Ըստ այդմ` դիմողը բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյոք «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված և դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները սահմանող «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթը բավարար չափով հստակ ու կանխատեսելի են նախատեսում այն, թե որն է դատախազի կողմից կատարված այն արարքը, որն անհարիր է դատախազության բարձր հեղինակությանը կամ վարկաբեկում է այն»: Ըստ դիմողի «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթից հետևում է, որ այն չի համապատասխանում Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության և հատկապես իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ հստակ և կանխատեսելիորեն չի սահմանում, թե իր ո՞ր արարքն է, որ կարող է գնահատվել իբրև դատախազության բարձր հեղինակությանն անհարիր կամ դատախազության բարձր հեղինակությունը վարկաբեկող: Մասնավորապես, դիմողի գնահատմամբ դատախազի համար պարզ չէ, թե արարքը որպես կարգապահական խախտում գնահատելու համար արդյո՞ք բավարար է արձանագրել, որ դատախազը նշված արարքով դուրս է եկել համապատասխան իրավական ակտով անմիջականորեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, թե նաև պարտադիր է, որ դատախազի համապատասխան արարքի արդյունքում խախտվի հանրային կամ մասնավոր շահն ապահովող որևէ իրավունք, որի դեպքում միայն կարող է գնահատվել, որ դատախազի արարքը ոչ հարիր է դատախազության բարձր հեղինակությանը կամ վարկաբեկում է այն:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը նախատեսում է դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները, որի 1-ին մասի 1-ին կետի դիմողի կողմից վիճարկվող դրույթի համաձայն դատախազը պարտավոր է ցանկացած պայմաններում ու իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակումթյանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց, այդ թվում հօգուտ որևէ անձի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Դատախազի վարքագծի կանոնները» վերտառությամբ գլխի, մասնավորապես` 72, 73 և 74-րդ հոդվածների համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված օրենքի 72-րդ հոդվածը նախատեսում է դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները, իսկ 73 և 74-րդ հոդվածներով կանոնակարգվում են դատախազի վարքագծի կանոնները համապատասխանաբար պաշտոնեական և արտապաշտոնեական հարաբերություններում: Դիմողի կողմից բարձրացվում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» եզրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցն այն հիմնավորմամբ, որ վերոգրյալ կարգավորմամբ դատախազի համար հստակ և կանխատեսելի չէ, թե իր ո՞ր արարքն է, որ կարող է գնահատվել իբրև դատախազության բարձր հեղինակությանն անհարիր կամ դատախազության բարձր հեղինակությունը վարկաբեկող: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասները, և կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված մի շարք հանգամանքներ պետք է իրենց մեկնաբանությունն ստանան հենց դատական քննության ընթացքում: Սահմանադրական դատարանն իր 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Իր մեկ այլ 2021 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1610 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները»: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով սահմանվում են դատախազի վարքագծի ընդհանուր կանոններ, որոնց բոլոր մանրամասները չեն կարող նախատեսվել օրենքով և պետք է իրենց մեկնաբանությունն ստանան դրանց կիրառության ընթացքում: Վերոնշյալից բխում է, որ կարգապահական վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր գործով գնահատում է դատախազի վարքագծում կարգապահական խախտման առկայությունը կամ բացակայությունը, և ըստ այդմ որոշում է կայացնում կարգապահական տույժ նշանակելու հարցի վերաբերյալ: Վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, որոնց համաձայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը բավարար չափով հստակ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, անհիմն են, իսկ դիմումի ընդունումը ենթակա է մերժման` դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

22 փետրվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-40

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-40
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել