Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ԵՎ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122, 166 ԵՎ 167-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 103-Ա ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ԵՎ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122, 166 ԵՎ 167-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 103-Ա ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-16026 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-160)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 160 | «ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ԵՎ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122, 166 ԵՎ 167-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 103-Ա ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404 ԵՎ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 122, 166 ԵՎ 167-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 103-Ա ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հակոբ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 404 և 483-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 122, 166 և 167-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ 103-Ա հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հակոբ Խաչատրյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է որոշել՝

«(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանադրականությունը այն պարագայում երբ այն հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին ինչպես նաև 23.10.2018 ՍԴՈ-1431 որոշմանը այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։

Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ 404-րդ հոդվածը և 483–րդ հոդվածի (...) Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների, ինչպես նաև հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

(...) Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

(...) ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածի սահմանադրականությունը այն պարագայում երբ այն հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում մի այնպիսի խնդրի բողոքարկման վերաբերյալ, որը տեղի է ունեցել մինչև 01.07.2022 թ-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նոր ժամկետային կարգավորումները և որը ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել նախկինում բողոքարկել (օրինակ՝ հրամանագիր):

(...) 01.08.2003 թ-ի ՀՀ նախագահի թիվ 103-Ա ներման հրամանի սահմանադրականությունը

(...) Խախտվել են արդյո՞ք ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իմ իրավունքները և ազատությունները, երբ իմ պատժաչափը հանցանքիս պահին գործող օրենքներին համաձայն ներման կարգով ազատազրկման փոխելու փոխարեն ինձ հետադարձությամբ դատապարտել են նոր ի հայտ եկած վատթարացնող պատժատեսակի՝ ցմահ ազատազրկման: Ինչի վրա հիմնվել են նաև դատարանները այն վերահաստատելով՝ որոշում կայացնելիս:

(...) ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքի կարգավորումների (166, 167 հոդվածների...) սահմանադրականությունը իրավակիրառ պրակտիկայում այն պարագայում երբ 1961 թ-ի օրենսգրքով դատապարտված անձանց ոչ թե հաստատված հանցանքը և նշանակված պատիժը, այլ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված օրենսգրքին համապատասխանեցրած որոշումն են դատարանները համապատասխանեցրել 2021 թ-ի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին»:

2. Ներկայացնելով թիվ ԼԴ/0097/13/22, թիվ ԿԴ/0018/15/23 և թիվ 1/161-2002 գործերի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ իր նկատմամբ թիվ ԼԴ/0097/13/22 գործով կայացված դատական ակտը հակասում է օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներին: Ըստ Դիմողի՝ «(...) դատարանը թիվ ԼԴ/0097/13/22 գործի շրջանակներում առանց դրա շտկման՝ հոդվածների միայն թվերը համապատասխանեցնելով նոր քրեական օրենսգրքին վերահաստատեց 2003 թ-ի նախագահի քաղաքական ներման ակտի և դրա հիման վրա կայացրած 2003 թ-ի հոկտեմբերի 28-ի որոշումը և իմ հանդեպ հետադարձությամբ ապօրինի կիրառված վատթարացնող օրենքը՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը»:

Դիմողի պնդմամբ՝ «(...) նոր քրեական օրենսգրքի ընդունումից հետո չկա այլևս Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2003թ. դատավճիռ, այլ կա ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 08.10.2002 թվականի թիվ 1/161-2002 դատավճռով հաստատված իմ հանցանքը և իմ նկատմամբ նշանակված պատիժը (այսինքն՝ մահապատիժը), հենց որն էլ ես խնդրել էի դատարանին համապատասխանեցնել նոր քրեական օրենսգրքին»:

Դիմողը նշում է. «(...) եթե ՀՀ Նախագահի այս հիմնարար խախտումներով լի՝ արդարադատության բուն էությունը խաթարող հրամանագիրը հնարավոր չի եղել բողոքարկել և այժմ էլ հնարավոր չի դա անել, ուրեմն գործող օրենքը թերի է և չի ընդգրկում, չի ներառում լուծում բողոքարկվող հրամանագրի օրինաչափությունը քննություն առնելու վերաբերյալ, իր սահմանափակությամբ հակասության մեջ մտնելով մայր օրենքին՝ ՀՀ սահմանադրությանը, (...)»: Ըստ Դիմողի՝ ՀՀ դատարանները, մերժելով իր բողոքը, խախտել են իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Դիմողը գտնում է, որ իրեն զրկել են իր հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքից, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննությունից:

Միաժամանակ Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքով պայմանավորված, որ ինքը գրեթե 22 տարվա դատապարտյալ է և չունի վարձատրվող աշխատանք, հետևաբար՝ չունի պետական տուրքը վճարելու հնարավորություն:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են վերջինիս իրավասության շրջանակից:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 և 483-րդ հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 166 և 167-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, ինչպես նաև ՀՀ նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ 103-Ա ներման հրամանի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Դատարանները վկայակոչելով՝ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի 6-րդ հոդվածը գտել են, որ իմ նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ չէ ուժի մեջ մտած օրենսդրութամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ չէ ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից: Դատարանները իրենց վերլուծություններով և որոշումներով ի սկզբանե հիմնվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2003 թ-ի դատավճռի վրա, որն էլ իր հերթին հիմնվելով 01.08.2003թ. ՀՀ նախագահի թիվ 103-Ա հակաօրինական հրամանագրի վրա ինձ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Այսինքն դատարանները ոչ թե ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 08.10.2002 թվականի թիվ 1/161-2002 դատավճռով հաստատված հանցանքը և իմ նկատմամբ նշանակված պատիժն են համապատասխանեցնել 2021 թ-ի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին այլ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2003 թ-ի դատավճիռը»:

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «(...) խախտվել և սահմանափակվել են իմ՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ինչպես նաև իմ նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը, ինչի մասին ես բարձրաձայնել եմ իմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում թիվ 1/161-2002 քրեական գործի շրջանակներում և որին 27.10.2023 թ-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ Դատարանը ընդհանրապես չի անդրադարձել իր որոշման մեջ, մի բան էլ դեռ փոխել է իմ գրածը՝ «Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը, ի թիվս այլնի, խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ, 63-րդ, 69-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-403-րդ հոդվածների պահանջները:» Այդ գրածի երկրորդ մասը՝ «...խախտել է ...ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-403-րդ հոդվածների պահանջները» սուտ է, ես այդպիսի բան չեմ գրել, կարող եք ինքներդ համոզվել: Սա ասում է, որ իմ բողոքը ուշադիր չեն էլ կարդացել՝ ցուցաբերելով կոպիտ անփութություն: Եվ այսպես, ՀՀ Վճռաբեկ Դատարանի կողմից ուղիղ կերպով անտեսվել է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1431 որոշման չափորոշիչ պահանջները»:

Միաժամանակ Դիմողը վկայակոչել է պնդում առ այն, որ «(...) ՀՀ Վճռաբեկ Դատարանի կողմից կայացվել է ոչ օրինական և ոչ հիմնավոր՝ ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և միջազգային պայմանագրի կամ օրենքի պահանջները չպահպանող, սխալ և ոչ պատշաճ պատճառաբանված որոշում»:

Ինչպես ակնհայտ է վերոգրյալից, սույն անհատական դիմումով Դիմողն ըստ էության իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԼԴ/0097/13/22, թիվ ԿԴ/0018/15/23 և թիվ 1/161-2002 գործերով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությունների հետ: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթներին (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերը վկայակոչված գործերով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԼԴ/0097/13/22, թիվ ԿԴ/0018/15/23 և թիվ 1/161-2002 գործերով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

1. Բավարարել Հակոբ Խաչատրյանի՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. «Հակոբ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 404 և 483-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 122, 166 և 167-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության նախագահի 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ 103-Ա հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-160

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-160
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել