«ԱՇՈՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-110)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 110 | «ԱՇՈՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՇՈՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ՝ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Աշոտ Թումանյանի դիմումի հիման վրա՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Աշոտ Թումանյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը համակարգային առումով փոխկապակցած նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի հետ և իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, հնարավորություն է ընձեռում «օրենքին համապատասխան» միջազգային չափանիշի շրջանցմամբ և անհամաչափորեն միջամտել դիմողի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և թույլատրել «լուրջ միջամտություն» ենթադրող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնել փաստացի միջին ծանրության հանցանք համարվող կաշառք տալու հանցանքի կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ, այն պայմաններում, երբ նման միջոցառումների անցկացումն օրենքով թույլատրվում է բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ»:
2. Ներկայացնելով թիվ 20/11.12.2023 դատական վարույթի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը, համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի հետ, ինչպես նաև ՀՀ դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները համապատասխանում են Սահմանադրության 31, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին այնքանով, որքանով ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների՝ հնարավորություն են ընձեռում «օրենքին համապատասխան» միջազգային չափանիշի շրջանցմամբ և անհամաչափորեն միջամտել դիմողի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և թույլատրել «լուրջ միջամտություն» ենթադրող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնել փաստացի միջին ծանրության հանցանք համարվող կաշառք տալու հանցանքի կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ այն պայմաններում, երբ նման միջոցառումների անցկացումն օրենքով թույլատրվում է բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ։
Դիմողը նշում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական նոր օրենսգրքում կաշառք տալու և կաշառք ստանալու խոշոր և առանձնապես խոշոր չափեր օրենսդրի կողմից չեն նախատեսվել, ինչը հստակ փաստել է նույնիսկ Վճռաբեկ դատարանը մեկ այլ՝ թիվ ՀԿԴ/0054/01/22 քրեական գործով 2024 թվականի հուլիսի 26-ին կայացրած որոշմամբ՝ արձանագրելով տվյալ օրենսգրքում առկա օրենսդրական խնդիրը և դատական մեկնաբանությամբ այդ խնդիրը հաղթահարելու անհնարինությունը։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ վերոգրյալը հանգեցրել է իրավակիրառ այնպիսի պրակտիկայի ձևավորմանը, որով 2022 թվականի հուլիսի 1-ից ի վեր անձանց՝ կաշառք տալու կամ ստանալու արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքով չեն որակվում խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով և երբևէ օբյեկտիվորեն չեն էլ կարող որակվել զուտ կաշառքի չափով պայմանավորված՝ որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ՝ այդպիսի չափերի բացակայության պատճառով։
Դիմողը գտնում է, որ թիվ 20/11.12.2023 դատական վարույթով վիճարկվող՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով՝ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերով, ինչպես նաև ՀՀ դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանությամբ թույլատրվել է «լուրջ միջամտություն» ենթադրող գաղտնի միջոցառումների կատարումը «օրենքով նախատեսված» ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պայմանի շրջանցմամբ՝ փաստացի միջին ծանրության հանցագործության կատարումը բացահայտելու համար։ Արդյունքում՝ ըստ Դիմողի՝ խախտվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին «օրենքին համապատասխան» միջամտություն իրականացնելու պայմանը, որոշակիության և կանխատեսելիության ապահովման սկզբունքները՝ նկատի ունենալով, որ նման պայմաններում ստացվում է, որ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել համապատասխան գաղտնի միջոցառումների կատարման միջոցով ոչ միայն ծանր կամ առանձնապես ծանր, այլ նաև ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների կատարման մեջ առերևույթ կասկածվելու դեպքում։
Դիմողի պնդմամբ՝ ձևավորված իրավակիրառ պրակտիկայով ներկայացվող այն մոտեցումը, որը լեգիտիմացնում է նույնիսկ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքներով լուրջ միջամտություն ենթադրող օպերատիվ-հետախուզական գաղտնի միջոցառումների իրականացումը, առաջացնում է կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև ակնհայտ անհամաչափություն։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը՝ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի հետ, ինչպես նաև ՀՀ դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները չեն համապատասխանում Սահմանադրության 31, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին այնքանով, որքանով ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների՝ հնարավորություն են ընձեռում «օրենքին համապատասխան» միջազգային չափանիշի շրջանցմամբ և անհամաչափորեն միջամտել իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և թույլատրել «լուրջ միջամտություն» ենթադրող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել փաստացի միջին ծանրության արարք համարվող կաշառք տալու հանցանքի կատարման մեջ կասկածվող անձի նկատմամբ այն պայմաններում, երբ նման միջոցառումների անցկացումն օրենքով թույլատրվում է բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նկատմամբ։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է․ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Քննարկվող համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ բացահայտել է «կիրառում» հասկացությունը՝ մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար՝ «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Այսպիսով, անհատական դիմումի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների)՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի (դրույթների)՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի (դրույթների) կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ 20/11.12.2023 դատական վարույթի շրջանակներում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի կիրառված լինելը:
Այսպես՝ Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ 20/11.12.2023 դատական վարույթով Վճռաբեկ դատարանի 2025 թվականի ապրիլի 14-ի որոշումը։ Հետևաբար՝ սույն դիմումի շրջանակում հիմք են ընդունվում հենց տվյալ դատական վարույթով կայացված դատական ակտերը։
Սույն անհատական դիմումի և դրան կից ներկայացված՝ թիվ 20/11.12.2023 դատական վարույթով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության (...) 2023 թվականի դեկտեմբերի 11-ի միջնորդությունը բավարարել՝ թույլատրել (...) նկատմամբ իրականացնել տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում», վերջինիս կողմից օգտագործվող (...) բջջային հեռախոսահամարներով «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», (...) բնակարանում և (...) հասցեում գտնվող (...) աշխատասենյակում «Ներքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ երկու ամիս ժամկետով՝ 2023թ. դեկտեմբերի 11-ից, մինչև 2024թ. փետրվարի 11-ը ներառյալ:
(...)» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Ա. Հ. Հակոբյանը 2024 թվականի մարտի 22-ին կայացրել է «Անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին» որոշում, որով որոշել է. «(...) Աշոտ Հենզելի Թումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցել հանրային քրեական հետապնդում:
(...)» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
Դիմողի՝ Աշոտ Թումանյանի պաշտպան Գայանե Պապոյանի կողմից 2024 թվականի մարտի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացվել հատուկ վերանայման բողոք, որի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 10-ին կայացված՝ «Առարկայական ընդդատության հարցը քննարկելու մասին» որոշմամբ որոշել է. «Թիվ ՕՀՄ-20/11.12.2023 գործի առարկայական ընդդատությունը փոխել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»:
2024 թվականի ապրիլի 15-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կայացրել է «Հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում՝ արձանագրելով, որ «(...) Աշոտ Թումանյանը կամ նրա պաշտպանը տվյալ դեպքում չունեն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք, քանի որ վիճարկվող դատական ակտը վերաբերվում է մեկ այլ անձի՝ (...) իրավունքների սահմանափակմանը և բողոքով վիճարկվել է հենց այդ անձին վերաբերող դատական ակտի օրինականությունը ու հիմնավորվածությունը:
Ավելին, վերաքննիչ բողոքում և վարույթի նյութերում բացակայում են բավարար փաստական տվյալներն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտն առերևույթ ուղղակիորեն վերաբերվել է Աշոտ Թումանյանի իրավունքների սահմանափակմանը, արդյունքում՝ բողոքը վարույթ ընդունելու դեպքում Վերաքննիչ դատարանը քննության առարկա է դարձնելու այլ անձի նկատմամբ կայացված դատական ակտի հիմնավորվածությունն ու օրինականությունը»:
Դիմողի պաշտպան Գայանե Պապոյանի կողմից 2024 թվականի ապրիլի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանին է ներկայացվել հատուկ վերանայման բողոք, որի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը 2024 թվականի մայիսի 27-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշում, իսկ 2024 թվականի հուլիսի 18-ին կայացված որոշմամբ որոշել է. «(...) Մեղադրյալ Աշոտ Թումանյանի պաշտպան Գ. Պապոյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
(...)»:
Վերոնշյալ՝ 2024 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման հիման վրա առերևույթ միջամտություն է տեղի ունեցել Ա. Թումանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին»:
Այնուհետև՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 20-ին կայացրած որոշմամբ որոշել է. «(...) Աշոտ Թումանյանի պաշտպան Գայանե Պապոյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը բավարարել որոշակի մասով:
(...) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի (...) որոշումը որոշակի մասով բեկանել և բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
(...) ՀՀ ԱԱԾ (...) միջնորդությունը՝ (...) նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասով, մերժել:
(...) Որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:
(...)»:
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 30-ին ներկայացվել է հատուկ վերանայման բողոք (դատական ակտը բողոքարկվել է որոշակի մասով):
Վերոշարադրյալի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 30-ին կայացվել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշում, իսկ 2025 թվականի ապրիլի 14-ին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշել է. «(...) Թիվ 20/11.12.2023 դատական վարույթով մեղադրյալ (...) վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմանը:
(...)» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
Այսինքն՝ թիվ 20/11.12.2023 դատական վարույթի շրջանակներում ՀՀ դատարանների կողմից Դիմողի նկատմամբ չեն կիրառվել և ուղղակիորեն որևէ իրավական հետևանք չեն առաջացրել վերջինիս կողմից վիճարկվող՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերը։
Այսպես՝ անդրադառնալով Դիմողի կողմից վիճարկվող վերոնշյալ դրույթների բովանդակությանը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ դրանց կիրառման համար անհրաժեշտ է համապատասխան հստակ սահմանված իրավապայմանների, այդ թվում՝ կոնկրետ հասցեատիրոջ առկայություն: Մասնավորապես՝ այդ իրավապայմանները հետևյալն են՝ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է («Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մաս), իսկ վիճարկվող մյուս դրույթներով՝ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերով սահմանված են օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատական վերահսկողությանն առնչվող իրավակարգավորումներ:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն պարագայում վիճարկվող դրույթների հասցեատերը, անհատական դիմումի հիմքում ընկած թիվ 20/11.12.2023 դատական վարույթի շրջանակներում, Դիմող Աշոտ Թումանյանը չէ: Փոխարենը՝ այն մեկ այլ անձ է, քանի որ թույլատրված և ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել և ի սկզբանե ուղղակիորեն ուղղված են եղել հենց տվյալ անձի նկատմամբ իրականացվելուն: Մասնավորապես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ հենց տվյալ անձի նկատմամբ է թույլատրել իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ երկու ամիս ժամկետով: Ինչ վերաբերում է Դիմողի՝ Աշոտ Թումանյանի սույն գործով ներգրավմանը և այդ համատեքստում վերջինիս համապատասխան հիմնական իրավունքի նկատմամբ միջամտությանը, ապա վերջինիս խնդրո առարկա գործով ներգրավումը եղել է նախապես չկանխորոշված և անուղղակի, ինչպիսի անուղղակի կապ էլ առկա է խնդրո առարկա դատական վարույթի շրջանակներում վիճարկվող դրույթների առհասարակ՝ մեկ այլ անձի նկատմամբ կիրառման և Դիմողի համապատասխան հիմնական իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության միջև:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիմքում ընկած թիվ 20/11.12.2023 դատական վարույթի շրջանակներում դիմումով վիճարկվող դրույթները կիրառվել և ուղղակիորեն իրավական հետևանքներ են առաջացրել մեկ այլ անձի նկատմամբ:
Հետևաբար՝ վիճարկվող դրույթները խնդրո առարկա դատական վարույթի շրջանակներում չեն կիրառվել Դիմողի նկատմամբ և ուղղակիորեն վերջինիս համար չեն առաջացրել որևէ իրավական հետևանք:
Ողջ վերոգրյալի, այդ թվում՝ Դիմողի դիրքորոշումների, ինչպես նաև անհատական դիմումին կից ներկայացված՝ թիվ 20/11.12.2023 դատական վարույթով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթների՝ խնդրո առարկա գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված լինելը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում հարկ է արձանագրել, որ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես՝ Դիմողի կողմից վիճարկվող դրույթները սույն անհատական դիմումի հիմքում ընկած թիվ 20/11.12.2023 դատական վարույթի շրջանակներում չեն կիրառվել վերջինիս նկատմամբ: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Աշոտ Թումանյանի դիմումի հիման վրա՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-110
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-110
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
