Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԻԴԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԻԴԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1725 հուլիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 17 | ԱԻԴԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 հուլիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա.Գյուլումյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Աիդա Սահակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Աիդա Սահակյանը (ներկայացուցիչ Դավիթ Ասատրյան) 18.07.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 1-ին, 61, 63 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով սահմանվում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ հարգելի համարելու միջնորդության բացակայության դեպքում վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու կանոն: Ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 1-ին, 61, 63 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու հնարավորություն բողոք բերող անձի կողմից թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն»:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.

դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներով նախատեսված իրավակարգավորումների համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության` առանց թույլ տրված խախտումը վերացնելու համար ժամկետ տրամադրելու, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է բողոքի ընդունման փաստացի մերժման: Ըստ դիմողի` օրենսդիրը չի նախատեսել հիշյալ միջնորդությունը չներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը վերադարձնելու և խնդիրը շտկելու հնարավորություն: Ըստ դիմողի` ՀՀ վարչական դատարանում և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում հայցադիմումին կամ վերաքննիչ բողոքին կից չներկայացնելով դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու միջնորդություն, դատարանները վերադարձնում են այն` դիմողին տրամադրելով ժամկետ, մինչդեռ օրենսդիրը Վճռաբեկ դատարանի համար նախատեսել է առանձնահատուկ սահմանում, ըստ որի` ցանկացած պատճառով դատավարական ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու միջնորդությունը չներկայացնելու դեպքում Վճռաբեկ դատարանը պետք է վճռաբեկ բողոքը թողնի առանց քննության` սահմանափակելով անձի` արդար դատաքննության իրավունքը:

3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց. ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի փետրվարի 9-ի ՍԴՈ-1254 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել` արձանագրելով, որ. «3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը»: Դիմողը գտնում է, որ «իր կողմից բարձրացված հարցը վերաբերվում է ոչ թե բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու Օրենսդրի սահմանմանը (որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում), այլ վերաբերվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքի կից այդպիսի միջնորդություն չլինելու պարագայում վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու Օրենսդրի սահմանմանը…»: Դիմողի այն փաստարկները, որ համապատասխան միջնորդության բացակայության պարագայում վճռաբեկ բողոքը պետք է վերադարձվի և անձին հնարավորություն տրվի թերությունը շտկելու, այլ ոչ թե առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում կայացվի, վերաբերում են վճռաբեկ բողոքը վերադարձնելու ինստիտուտին (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդված, 160-րդ հոդվածի 2-րդ մաս): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը վիճարկելով` դիմողը, ըստ էության, բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր: ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Օրենսդիրը որպես նման երաշխիք նախատեսել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, ուստի բողոքաբերը պետք է ցուցաբերի համապատասխան իրավական վարքագիծ, որպեսզի վրա չհասնի դրանից բխող իրավական հետևանքը` ի դեմս վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշման կայացման: Հետևաբար, սույն գործի շրջանակներում առկա չեն օրենսդրական բացը Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու` ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ նշված հիմքերը, և դիմողի փաստարկները ենթադրյալ օրենսդրական բացի վերաբերյալ սահմանադրաիրավական վեճի առարկա չեն հանդիսանում:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Աիդա Սահակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

25 հուլիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել