Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԼԵՆԱ ԱՎԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԼԵՆԱ ԱՎԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-46 փետրվարի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 փետրվարի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 4 | ԵԼԵՆԱ ԱՎԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

6 փետրվարի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Ելենա Ավետյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Քաղաքացի Ելենա Ավետյանը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 30.01.2012թ.։ Դիմողը խնդրել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ և 133-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը։

2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 31-րդ հոդվածներին, քանի որ թույլ է տալիս սեփականության օբյեկտի օտարում այլ անձի կողմից փաստացի առանց սեփականատիրոջ համաձայնության և նույնիսկ առանց գիտության հավելելով, որ խնդրո առարկա դրույթը թույլ է տալիս ստեղծել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում սեփականության /համատեղ ընդհանուր սեփականության/ օբյեկտի համասեփականատերը կարող է զրկվել իր սեփականությունից առանց իր կողմից որևէ գործողություն կատարելու կամ նման գործողությանը համաձայնություն տալու։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ և 133-րդ հոդվածների առնչությամբ դիմողը գտնում է, որ հաշտության համաձայնությունը, հանդիսանալով, ըստ էության, պայմանագիր կողմերի միջև, հաստատված լինելով դատական ակտով, իրականում հնարավորություն չի ընձեռում երրորդ անձանց, որոնց իրավունքներին կամ օրինական շահերին է այս կամ այն կերպ այն անդրադարձել թե՛ հաշտության համաձայնությունը հաստատելու պահին, թե՛ հետագայում, ունենալու արդյունավետ միջոց իրենց խախտված իրավունքները կամ օրինական շահերը պաշտպանելու համար։ Այս համատեքստում դիմողը նշում է, որ դատարանը պետք է վավերացնի հաշտության համաձայնությունը արգելելով հաշտության համաձայնության կողմերին այսուհետ նույն հարցով դիմելու դատարան, սակայն պետք է հնարավորություն տա երրորդ շահագրգիռ անձանց ընդհանուր կարգով վիճարկելու «հաշտության համաձայնություն» անվանվող գործարքը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, գտնում ենք, որ Ելենա Ավետյանի դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում չնայած այն իրողությանը, որ այն վկայակոչված է դատական ակտերում։ ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն « ... Դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի վկայակոչումը կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։

Անհատական դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու նախապայմաններից մեկն էլ, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, վիճարկվող դրույթի ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառումն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ և 133-րդ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։ Դիմողը, մասնավորապես, նշում է, որ «…դատարանը, հաստատելով հաշտության համաձայնությունը, չի պարզել, թե արդյոք դրանով կխախտվեն այլ անձանց իրավունքները և օրինական շահերը հիմք ընդունելով միայն սեփականության իրավունքի գրանցման մասին վկայականը»։ Ընդ որում, նման մեկնաբանությունների կարելի է հանդիպել դիմումի տարբեր հատվածներում։ Փաստորեն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, կարծում ենք, որ այս համատեքստում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին, 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Ելենա Ավետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

6 փետրվարի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 փետրվարի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել