Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԱՌՆԻԿ ԿՈԲԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՔԵՐՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԱՌՆԻԿ ԿՈԲԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՔԵՐՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-11129 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-111)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 111 | «ԳԱՌՆԻԿ ԿՈԲԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՔԵՐՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳԱՌՆԻԿ ԿՈԲԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՔԵՐՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ1, 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գառնիկ Կոբալյանի և Անահիտ Քերոբյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, 371-րդ հոդվածի 3-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի օգոստոսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գառնիկ Կոբալյանի և Անահիտ Քերոբյանի (այսուհետ՝ Դիմողներ) դիմումը, որով վերջիններս խնդրել են.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները» իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ եթե ի սկզբանե բերված վերաքննիչ բողոքին չի կցել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը, ապա Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող, հետևաբար չպետք է անդրադառնա վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող:

-----------------------------------------

1 Թեև Դիմողները դիմումի ներածական հատվածում վկայակոչել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը, այնուամենայնիվ, դիմումի խնդրամասում նշված նորմի, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մենաբանության սահմանադրականության հարց վերջիններս չեն բարձրացրել: Համապատասխան անդրադարձ և հիմնավորումներ ներկայացված չեն նաև դիմումի պատճառաբանական մասում: Դիմողները սահմանափակվել են լոկ հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը, իր հերթին, հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասն ու 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված այն մեկնաբանությամբ, որ պետական տուրքի գծով արտոնություն տալու մասին դատարանին ուղղված խնդրանքը՝ «խնդրում եմ» ձևակերպմամբ, չի համարվում նշված նորմերում «միջնորդություն» եզրույթով օգտագործվող միջնորդություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/26246/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը չի համապատասխանում. «(…) ինչպես այդ նորմի, այդպես էլ դատարանի որոշման իրավական որոշակիության պահանջներից, քանի որ բողոքին պետական տուրքի վճարման ապացույց կցելու նպատակն այն է, որպեսզի անձը վճարի անհրաժեշտ չափի պետական տուրքը (...), իսկ եթե բողոքին պետական տուրքի վճարման անդորրագիր չի կցվել, ապա դատարանը բողոքում թույլ տրված խախտման հիմքով վերադարձնելով բողոքը, իրավական որոշակիության և դրանով պայմանավորված դատարանի մատչելիության տեսանկյունից ելնելով պետք է նշի, թե որքան պետական տուրք պետք է վճարվեր, սակայն չի վճարվել»:

Դիմողների պնդմամբ՝ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջի խախտման հիմքով բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ վճարման ենթակա պետական տուրքի չափը չնշելը կարող է այնպիսի հետևանքներ առաջացնել, ինչպիսին է սույն դեպքը, երբ առաջին ատյանի դատարանը գտել էր, որ վճարման է ենթակա ոչ գույքային 1 պահանջի համար սահմանված՝ 4.000 դրամի պետական տուրք, և նույն ողջամիտ տրամաբանությամբ էլ 10.000 դրամ պետական տուրք է վճարվել վերաքննիչ բողոքի համար, սակայն վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի համար պետք է վճարվի 2 ոչ գույքային պահանջի համար նախատեսված պետական տուրք՝ 20.000 դրամ: Դիմողների պնդմամբ՝ ակնհայտ է, որ առաջին ատյանի դատարանի նման որոշման պայմաններում բողոքաբերը չէր կարող կանխատեսել, որ վերաքննիչ դատարանը հատկապես կգտնի, որ ոչ թե մեկ հիմնական պահանջ է, այլ՝ երկու, և երկու պահանջի համար էլ հարկավոր է վճարել պետական տուրք:

Դիմողները նշում են, որ «Օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները» իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ եթե ի սկզբանե բերված վերաքննիչ բողոքին չի կցել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը, ապա Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափին, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին»:

Դիմողները, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին ու 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց մեկնաբանությանը, նշում են, որ «Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին 01.11.2021թ. որոշման մեջ նշելով, որ միջնորդությունը չի ներկայացվել պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին, վերը նշված՝ խնդրում եմ ձևակերպմամբ դատարանին ուղղված խնդրանքը չի համարել որպես միջնորդություն»:

Դիմողների պնդմամբ՝ Վճռաբեկ դատարան իր հերթին վերը նշված՝ «խնդրում եմ» ձևակերպմամբ դատարանին ուղղված խնդրանքը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, չի համարել որպես միջնորդություն:

Ըստ Դիմողների՝ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չունի դրանում օգտագործվող հիմնական հասկացությունները պարզաբանող նորմ, սակայն այն նորմերում, որոնցում օգտագործվում է միջնորդություն եզրույթը, օգտագործվում է դատավարության մասնակցի՝ դատարանին ուղղված խնդրանքի իմաստով:

Ամփոփելով՝ Դիմողները եզրահանգում են, որ նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասն ու 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված այն մեկնաբանությամբ, որ պետական տուրքի գծով արտոնություն տալու մասին դատարանին ուղղված խնդրանքը՝ «խնդրում եմ» ձևակերպմամբ, չի համարվում նշված նորմերում «միջնորդություն» եզրույթով օգտագործվող միջնորդություն, հակասում է Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Սահմանադրական դատարանը 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»:

Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես՝ Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Busuioc v. Moldova, Application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է. որ թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար՝ շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է:

Իր մեկ այլ՝ 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողները, ըստ էության, բարձրացնում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին, 371-րդ հոդվածի 3-րդ մասին և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին՝ իրավակիրառ պրակտիկանում դրանց տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության հարց՝ չհիմնավորելով ինչպես իրենց՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստը, այնպես էլ տվյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Դիմողների կողմից ներկայացված դիրքորոշումների հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթների՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին հակասելու կապակցությամբ Դիմողները սահմանափակվել են միայն նշված իրավունքների բովանդակության վկայակոչմամբ և դրանց խախտման վերաբերյալ պարզապես պնդման ներկայացմամբ՝ որևէ կերպ չհիմնավորելով վիճարկվող դրույթների և վերոնշյալ իրավունքների խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Ինչ վերաբերում է Դիմողների կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Ավելին, Դիմողների կողմից բարձրացված ենթադրյալ խնդիրը լուծելի է իրավակիրառ պրակտիկայում համապատասխան դրույթները մեկնաբանելու միջոցով. կոնկրետ գործի առանձնահատկություններով պայմանավորված` նշված ձևակերպումները կարող են ունենալ տարբեր նրբերանգներ, և Վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակներում է նորմատիվ այդ պահանջի բովանդակության բացահայտումն ու դրա միատեսակ կիրառության ապահովումը: Այս համատեքստում արձանագրում ենք, որ թիվ ԵԴ/26246/02/18 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ նշել է. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցը բաղկացած է՝ երկու հիմնական պահանջներից, այն է՝ անվավեր ճանաչել 21.04.2008 թվականին Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ և Աննա Կոբալյանների, մի կողմից և Կարինե Եղիազարյանի միջև, մյուս կողմից կնքված՝ Երևան քաղաքի Վարդաշեն 2 փողոցի 2-րդ շենքի թիվ 81 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում 1797 համարով) և անվավեր ճանաչել Արտակ Գալստյանի և Արմեն Խաչատրյանի միջև 13.02.2008 թվականին կնքված նվիրատվության թիվ 600 պայմանագիրը, և ածանցյալ պահանջներից, այն է՝ անվավեր ճանաչել Կարինե Եղիազարյանի անվամբ 25.04.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Կարինե Եղիազարյանի և Արտակ Գալստյանի միջև 21.08.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում 4148 համարով) և դրա հիման վրա Արտակ Գալստյանի անվամբ 29.08.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (թիվ 2204601 սեփականության իրավունքի վկայական), Արտակ Գալստյանի և Արմեն Խաչատրյանի միջև 13.02.2008 թվականին կնքված նվիրատվության թիվ 600 պայմանագրի հիման վրա 17.02.2009 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա էր վճարման երկու ոչ դրամական պահանջի համար, ուստի սույն դեպքում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը իրավացիորեն ենթակա էր մերժման՝ սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց ներկայացնելու հիմքով։

Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ չի նշել, թե վճարման ենթակա պետական տուրքը որքան գումար է կազմում, իսկ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշել է, որ ոչ թե 10.000 ՀՀ դրամ պետական տուրք պետք է վճարվեր, այլ` 20.000 ՀՀ դրամ, քանի որ ոչ թե գործ ունենք հիմնական և ածանցյալ պահանջների հետ, այլ երկու հիմնական պահանջների հետ, և եթե նման նշում լիներ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ, ապա կողմը հնարավորություն կունենար կամ կրկին ներկայացված բողոքին կցել 20.000 ՀՀ դրամի պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ էլ կարող էր բողոքարկել այդ որոշումը` գումարի չափի մասով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը ի սկզբանե վերաքննիչ բողոքին չի կցել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը, ինչպես նաև չի ներկայացրել պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, ուստի Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չէր կարող անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափին, հետևաբար Վերաքննիչ դատարանը 05․08․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ իրավացիորեն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն»։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողների՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ խախտման փաստի և Դիմողների կողմից վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ուստի՝ սույն դիմումն ակնհայտ անհիմն է։

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։

3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականնության գնահատման հարցեր:

Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողների ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջիններիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես՝ սույն գործի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողները, ըստ էության, վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների, մասնավորապես՝ վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այսինքն՝ սույն դիմումով Դիմողների կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Այս առումով կարևոր է վկայակոչել Դիմողների ներկայացրած հետևյալ դիրքորոշումը. «(…) եթե բողոքին պետական տուրքի վճարման անդորրագիր չի կցվել, ապա դատարանը բողոքում թույլ տրված խախտման հիմքով վերադարձնելով բողոքը, իրավական որոշակիության և դրանով պայմանավորված դատարանի մատչելիության տեսանկյունից ելնելով պետք է նշի, թե որքան պետական տուրք պետք է վճարվեր, սակայն չի վճարվել» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Բացի դրանից, Դիմողները հայտնել են դիրքորոշում առ այն, որ «Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին 01.11.2021թ. որոշման մեջ նշելով, որ միջնորդությունը չի ներկայացվել պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին, վերը նշված՝ խնդրում եմ ձևակերպմամբ դատարանին ուղղված խնդրանքը չի համարել որպես միջնորդություն»:

(…)

«Ինչպես տեսնում ենք, վճռաբեկ դատարանն իր հերթին վերը նշված՝ «խնդրում եմ» ձևակերպմամբ դատարանին ուղղված խնդրանքը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին չի համարել որպես միջնորդություն» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Այսպիսով, հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ այս պարագայում Դիմողները, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, 371-րդ հոդվածի 3-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկանում դրանց մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ինչպես արդեն վկայակոչվել է, Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:

Մինչդեռ, սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներով բարձրացվում են համապատասխան դատական ակտերով Դիմողների նկատմամբ կիրառված դրույթների կիրառման իրավաչափությանն առնչվող հարցեր, որոնց քննարկումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Գառնիկ Կոբալյանի և Անահիտ Քերոբյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, 371-րդ հոդվածի 3-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-111

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-111
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել