Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1909 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-190)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 190 | «ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վահագն Մուրադյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վահագն Մուրադյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Սլավիկ Պողոսյան, Արտակ Նավասարդյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

1) «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2) (...) Նախորդ կետում նշված խնդրանքը բավարարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ կգտնի, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սահմանել, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/1630/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշման վերաբերյալ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը հանգեցրել է այդ որոշումն առհասարակ դատական վերահսկողության առարկա չլինելու կամ գործի ըստ էության քննության ընթացքում ստուգման ենթակա չլինելու վերաբերյալ եզրահանգումների, ինչը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի էությանը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի արդյունքում քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս դատախազի որոշումը ոչ միայն համարվել է գործն ըստ էության քննող դատարանի կողմից ստուգման ոչ ենթակա, այլ նաև առհասարակ դատական վերահսկողության շրջանակից դուրս:

Դիմողի պնդմամբ՝ նման պայմաններում ստացվում է, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձը զրկվում է իր իրավունքներին, ազատություններին և իրավաչափ շահերին առնչվող քրեական հետապնդման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վերադաս դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունից, այլ կերպ ասած՝ դատարանի մատչելիության իրավունքից, որը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին:

Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ ձևավորված իրավակիրառ պրակտիկայում առկա է հակասական մոտեցում, ընդ որում՝ հակասությունն առաջացել է բարձրագույն դատական ատյանի երկու պալատների՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի և հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի արտահայտած իրավական դիրքորոշումներում:

Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանի երկու պալատների կողմից կայացված տարբերվող (իրար հակասող) որոշումների արդյունքում բարձր մակարդակով առաջացել է վիճարկվող դրույթի կիրառման հակասական իրավական պրակտիկա, որը հանգեցնում է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.

սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ թիվ ԵԴ1/1630/01/23 քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին որոշել է.

«1. Մեղադրյալ Վահագն Վարդանի Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրացած լինելու հիմքով:

2. Մեղադրյալ Վահագն Վարդանի Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 2003 թվականի ապրիլի 18-ին) 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրացած լինելու հիմքով:

3. Քրեական գործի վարույթը կարճել՝ վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

4. Մեղադրյալ Վահագն Վարդանի Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնել:

5. Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում»:

Վերոգրյալ որոշման դեմ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Էդ․ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 17-ին որոշել է.

«Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ դատախազ Էդ․Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը, բավարարել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի ԵԴ1/1630/01/23 որոշումը, բեկանել վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

(…)» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Վերաքննիչ քրեական դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերվել Դիմողի պաշտպանների կողմից, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի մայիսի 19-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:

Այսպիսով, հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի 2025 թվականի մայիսի 19-ի որոշումը` ստացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանվելու և վարույթը Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցվելու պայմաններում տվյալ գործը գտնվում է նոր քննության փուլում։ Ավելին՝ գործի նոր քննության փուլում՝ 2025 թվականի հունիսի 30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել է «Քրեական գործի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին» որոշում: Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Քննարկվող համատեքստում հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վահագն Մուրադյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

9 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-190

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-190
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել