Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2520 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 25 | ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 20 մայիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Էլիզա Հայրապետյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ

1. Էլիզա Հայրապետյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 6-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«1. Սույն դիմումն ընդունել վարույթ,

2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի «Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ...» «մեկ տարվա ընթացքում» կատարված խմբագրումը և 4-րդ կետի «Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում» «մեկ տարվա ընթացքում» կատարված խմբագրումը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»:

2. Ներկայացնելով թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(…) օրենսդիրը նախատեսել է վճիռը կամավորության սկզբունքով կատարելու առաջնահերթություն՝ դատական ակտի հարկադիր կատարման հնարավորություն նախատեսելով միայն պարտապանի կողմից այն կամովին կատարելու կամքի բացակայության դեպքերում: Ուստի՝ դատական ակտի հարկադիր կատարումը դրա կամավոր չկատարման այլընտրանքային եղանակն է, որն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը»:

Ըստ Դիմողի՝ «(…) օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարելիության չափանիշը չի կորսվում այն պետական հարկադրանքի կիրառմամբ իրացնելու ժամկետը բաց թողնելու կամ այդ միջոցին չդիմելու հետևանքով, քանի որ դատական ակտի հարկադիր կատարումը թերևս կատարելիության չափանիշի իրագործմանը հասնելու այլընտրանքային եղանակն է, և քանի դեռ դատական ակտը պարտադիր է, այն ենթակա է կատարման՝ անկախ դրան հասնելու եղանակներից: Ուստի պարտապանը մշտապես ծանրաբեռնված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու պարտավորությամբ, իսկ այլ անձինք, այդ թվում՝ պետական մարմինները՝ իրենց գործունեության ընթացքում դատական այդ ակտը հաշվի առնելու և դրանով հաստատված փաստերն անվիճելի համարելու պահանջով»:

Դիմողը գտնում է, որ «Եթե անգամ պարտապան Անժելա Հարությունյանն առհասարակ խուսափեր թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կամովին կատարելուց և սպառված լիներ հարկադիր կատարման դիմելու հնարավորությունը, ապա յուրաքանչյուր դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է կատարման, յուրաքանչյուր դեպքում պետք է Պահանջատիրոջը ընձեռնվի դատական ակտի կատարմանը հասնելու հնարավորություն՝ նվազեցնելով չկատարված դատական ակտերի գոյության վտանգը և երաշխավորելով արդար դատաքննության իրավունքի վերջնական իրացում, արդարադատության արդյունավետ կենսագործում»:

Դիմողը նշում է. «(…) Վճռաբեկ դատարանը արհեստավարժորեն դատական ակտի կատարելիության հատկանիշի կորստի հիմքում դրել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի պահանջն առ այն, որ «Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ՝ սկսած այն օրվանից, երբ՝ ..........», չնայած այն հանգամանքին, որ նույն հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ «Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում»:

Դիմողը եզրահանգում է, որ «Յուրաքանչյուր դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ օրենսդիրը հարկադիր կատարման դիմելու համար սահմանելով ինչ-որ ժամկետներ արհեստական խոչընդոտներ է ստեղծել դատական ակտի կատարման գերակայության իրացման համար, վերջին հաշվով հարկադրանքի միջոցներով կատարումը ևս ուղղված է դատական ակտի կատարման ապահովմանը, սակայն ժամկետների սահմանմամբ արգելք է սահմանվում հենց նույն դատական ակտի կատարման մասով»:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանդրական դատարան: Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է(էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված իրավակարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզված փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով արձանագրել է. «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 09.06.2023 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Ավագյանը՝ որպես Էլիզա Հայրապետյանի ներկայացուցիչ, մինչդեռ բողոքին կից չի ներկայացվել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորագիրը: Ինչ վերաբերում է գործի նյութերում առկա Էլիզա Հայրապետյանի կողմից Լուսինե Ավագյանին 10.03.2020 թվականին տրված լիազորագրին (հատոր 1-ին, գ․թ․ 66), ապա դրա գործողության ժամկետը վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին դադարած է եղել` հաշվի առնելով, որ այն տրվել է երեք տարի ժամկետով, իսկ վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացվել է 30.06.2023 թվականին»:

Բացի դրանից, Վճռաբեկ դատարանը նաև նշել է. «Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքում չեն նշվել վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա, վճռաբեկ բողոքի հիմնավորումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին, ապա այդ խախտումները թույլ տալը վերագրվել է Դատարանին, այլ ոչ թե Վերաքննիչ դատարանին»:

Վճռաբեկ դատարանը հավելել է. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, ինչպես նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը»:

Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը որոշել է.

«1. Վերադարձնել թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09․06․2023 թվականի որոշման դեմ Էլիզա Հայրապետյանի անունից բերված վճռաբեկ բողոքը:

2. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:

(...)»:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացված «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել հնգօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք՝ ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը:

Գործի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո է կրկին բողոք ներկայացրել, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է. «Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.08.2023 թվականի որոշմամբ Էլիզա Հայրապետյանի անունից նախկինում բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցները։

Միաժամանակ սահմանվել է ժամկետ նաև այդ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Այժմ Էլիզա Հայրապետյանը, թեկուզև փոփոխելով կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի բովանդակությունը, վճռաբեկ բողոքում, ըստ էության, կրկին չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը։ Միաժամանակ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենն Անժելա Հարությունյանին ուղարկելու մասին ապացույցը: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված անդորրագրին, ապա այն չի կարող համարվել վճռաբեկ բողոքի պատճենը նրան ուղարկելու փաստը հաստատող ապացույց, քանի որ այդ անդորրագրում որպես ստացողի ազգանուն նշված է Մնացականյան, ինչը համարժեք է անդորրագիրը չներկայացնելուն: Այսինքն` չի վերացրել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.08.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված վերը նշված թերությունները:

Բացի այդ, բողոքը կրկին ներկայացնելիս Էլիզա Հայրապետյանի ներկայացուցիչը թույլ է տվել նոր խախտում:

(...)

Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.08.2023 թվականի որոշմամբ Էլիզա Հայրապետյանի անունից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է հնգօրյա ժամկետ` վճռաբեկ բողոքում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Նշված որոշումը Էլիզա Հայրապետյանն ստացել է 11.09.2023 թվականին, իսկ վերջինիս ներկայացուցիչ Լուսինե Ավագյանն ստացել է 15.09.2023 թվականին, սակայն սույն վճռաբեկ բողոքն առձեռն Էլիզա Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Ավագյանն ներկայացրել է 27.09.2023 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար վերը նշված որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո (...):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու ևս մեկ հիմք»:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։

Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, վճռաբեկ բողոք ներկայացրել է սահմանված ժամկետի լրանալուց հետո, չի վերացրել Վճռաբեկ դատարանի կողմից «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունները, այն է՝ վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցներ։ Բացի դրանից, բողոքը կրկին ներկայացնելիս Դիմողը թույլ է տվել նոր խախտում: Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:

Վերոնշյալ հանգամանքի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը պատշաճ կերպով չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելու պահանջը, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման կայացման հիմքում ընկած է հենց Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորությունից չօգտվելը, իր իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ օրենսդրական պահանջները չպահպանելը:

Այսպիսով, Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:

Նկատի ունենալով վերոշարադրյալ փաստերը, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ այս պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Էլիզա Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

20 մայիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-25

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-25
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել