«ԱՆԳԵԼԻԿԱ ՈՒՄՐԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Մ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-162)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 162 | «ԱՆԳԵԼԻԿԱ ՈՒՄՐԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԳԵԼԻԿԱ ՈՒՄՐԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 9-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 161-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անգելիկա Ումրիկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անգելիկա Ումրիկյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի այն իրավակիրառ պրակտիկան, որը հնարավորություն է տալիս անգամ դրանց միատեսակ կիրառության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների առկայության պայմաններում անհատական-վարչական ակտը վարչական դատավարության կարգով վիճարկել inter alia նյութական օրենսդրությամբ սահմանված իրավունքի սուբյեկտների շրջանակից դուրս այլ անձանց կողմից և անմիջապես չկայացնել հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումն ընդունված լինելու դեպքում՝ գործի քննության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ, իսկ նշվածը ստորադաս դատարանների կողմից չպահպանվելու պարագայում՝ համապատասխան հիմքերով ու հիմնավորումներով ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելն առանց պատճառաբանության մերժել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր կամ ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ ՀՀ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/9473/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված, վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը չեն համապատասխանում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, քանի որ ըստ էության դրանցով հնարավորություն է ստեղծվում անձին վերաբերող վարչական ակտի դեմ հայց ներկայացնել անգամ դրա վիճարկման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից և դարձնել տարիներով բավականին երկար ձգվող դատական վարույթի քննության առարկա, որն ի վերջո հանգեցնում է տվյալ վարչական ակտի հասցեատիրոջ՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում իր գործի դատական քննության հիմնարար իրավունքի խախտման:
Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում նշված հիմնարար իրավունքն անգամ չի ապահովվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի միատեսակ կիրառության վերաբերյալ բարձրագույն դատական ատյանի արտահայտած իրավական դիրքորոշումների առկայության պայմաններում, քանի որ վճռաբեկ բողոքում նույնիսկ այդ մասին նշելը և համապատասխան հիմնավորում վկայակոչելը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն չի երաշխավորում վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը և վերջնարդյունքում՝ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալի ձևով մարդու իրավունքների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը վերացնելու համար:
Դիմողը պնդում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, չնայած դրանց վերաբերյալ ՀՀ բարձր դատական ատյանների արտահայտած իրավական դիրքորոշումների, այնքանով, որքանով վարչական ակտը վարչական դատավարության կարգով վիճարկելու հնարավորություն է ընձեռում նաև նյութական օրենսդրական նորմերով ուրվագծված շրջանակից դուրս գտնվող, այսինքն՝ դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, ըստ էության չի կարող համապատասխանել Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ իրավական որոշակիության պահանջներին, ինչպես նաև երաշխավորել և գործնականում ապահովել Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուրի (տվյալ դեպքում՝ Դիմողի) ողջամիտ ժամկետում իր գործի դատական քննության հիմնարար իրավունքը: Դիմողը նաև նշում է, որ «(...) իրավակիրառ պրակտիկան չի առաջնորդվում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից բխող այն մոտեցմամբ, որ եթե վարչական ակտը վիճարկվում է նյութական օրենսդրությամբ ամրագրված սուբյեկտների բավականին սահմանափակ շրջանակից դուրս գտնվող անձանց կողմից, ապա դա դեռևս բավարար չէ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու, իսկ հայցադիմումը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ գործի քննության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելու և այդկերպ՝ վարչական ակտի հասցեատիրոջ համար Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքը գործնականում ապահովելու համար»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի՝ վիճարկվող դրույթի/դրույթների սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել երրորդ անձի միջնորդությամբ վկայակոչված և դատական նիստում վերահաստատած այն դիրքորոշմանը, որ հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ անձ, ըստ այդմ՝ պետք է կայացնել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատական ակտ»:
Դիմողը նաև նշել է. «(...) տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը որևէ ձևով չի պատճառաբանել, թե վճռաբեկ բողոքում բարձրացված՝ Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից բարձրագույն դատական ատյանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները չկիրառելու և դրա արդյունքում դիմողի արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտման մասին հիմնավորումներն ու փաստարկներն ինչո՞ւ չեն կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք հանդիսանալ՝ բավարարվելով այդ մասին ընդամենը հետևյալ նախադասությունների ամրագրմամբ. (...)»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/9473/05/21 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա վարչական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
3.2. Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթները (սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 63 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
այսպես՝ վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանվում է, որ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ հայցադիմումը` դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հանգամանքը (հայցվորի՝ տվյալ գործով շահագրգիռ անձ չհանդիսանալու հանգամանքը) հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու հիմք է: Ընդ որում՝ եթե տվյալ հանգամանքն ի հայտ է գալիս հայցադիմումի ընդունելության փուլում, ապա վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, իսկ եթե այն ի հայտ է գալիս գործի քննության ընթացքում, ապա վարչական դատարանը կարճում է գործի վարույթը: Այսինքն՝ ՀՀ վարչական դատարանում հայցադիմումը` դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հանգամանքը կարող է քննության առարկա դարձվել գործի քննության ցանկացած փուլում:
Թիվ ՎԴ/9473/05/21 վարչական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ գործի շրջանակներում Հակոբ Թորոսի Ումրիկյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և երրորդ անձ Անգելիկա Թորոսի Ումրիկյանի (Դիմողի)՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ միաժամանակ հայցադիմումին կից ներկայացնելով վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Վերոգրյալ հայցը վարչական դատարանի 2022 թվականի հուլիսի 15-ի վճռով մերժվել է: Տվյալ վճռի՝ հայցվորի կողմից բողոքարկման արդյունքում վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի փետրվարի 9-ին կայացրել է վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշում՝ բեկանելով համապատասխան վճիռը և գործն ուղարկելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` նոր քննության: Վերոգրյալի հիման վրա՝ վարչական դատարանը 2024 թվականի մայիսի 27-ին կայացրել է «Գործի նոր քննության վարույթ հարուցելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշում: Գործի նոր քննության ընթացքում՝ 2024 թվականի մայիսի 29-ին, վարչական դատարանում մուտքագրվել է երրորդ անձ Անգելիկա Ումրիկյանի (Դիմողի) ներկայացուցիչ Նորայր Գրիգորյանի դիրքորոշումը հայցվորի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության վերաբերյալ, որի շրջանակներում Դիմողն անդրադարձել է նաև հայցվորի՝ խնդրո առարկա վարչական գործով շահագրգիռ անձ չհանդիսանալու հանգամանքին: Վերոգրյալի կապակցությամբ վարչական դատարանը 2025 թվականի փետրվարի 21-ին կայացրել է «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշում: Տվյալ որոշումը Դիմողի կողմից բողոքարկվել է վերաքննիչ վարչական դատարան: Վերջինս 2025 թվականի մայիսի 5-ին կայացրել է «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշում, որով, անդրադառնալով հայցվորի՝ տվյալ վարչական գործով շահագրգիռ անձ չհանդիսանալու հանգամանքին, արձանագրել է. «(...) հայցադիմումը դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հանգամանքը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու հիմք է հանդիսանում, մասնավորապես՝ նշված հանգամանքը հայցադիմումի ընդունելության փուլում ի հայտ գալու դեպքում այն հիմք է հանդիսանում հայցադիմումի ընդունումը մերժելու, իսկ գործի քննության ընթացքում ի հայտ գալու դեպքում՝ վարչական գործի վարույթը կարճելու համար:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցադիմումը դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու վերաբերյալ փաստարկները վերաբերում են հայցադիմումի ընդունելության կամ գործի քննության փուլում իրականացվող դատավարական հնարավոր գործողություններին և կապված չէ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի քննության ընթացքում դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հետ: Մինչդեռ տվյալ դեպքում բողոքարկված դատական ակտը կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ գործի նոր քննության վարույթի ընթացքում, որը վերաբերել է բացառապես դատավարական ժամկետները բաց թողնելու պատճառներին, հետևապես բողոքաբերի կողմից վերը վկայակոչված փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար» (ընդգծումները՝ ԻԽՎ-ի): Վերաքննիչ վարչական դատարանի վերոգրյալ որոշման՝ Դիմողի կողմից բողոքարկման արդյունքում Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հունիսի 11-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:
Ողջ վերոգրյալի հիման վրա՝ ստացվում է, որ Դիմողը սույն անհատական դիմումով բարձրացված հարցը թիվ ՎԴ/9473/05/21 վարչական գործի շրջանակներում բարձրացրել է հայցվորի կողմից ներկայացված՝ վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության վերաբերյալ ներկայացված դիրքորոշման շրջանակներում, որի կապակցությամբ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ տվյալ հարցը պետք է բարձրացվի հայցադիմումի ընդունելության կամ գործի քննության փուլում: Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում Դիմողը զրկված չէ հետագայում՝ գործի քննության ցանկացած փուլում, հայցվոր Հակոբ Ումրիկյանի՝ տվյալ գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը վիճարկելու հնարավորությունից, որը կարող է հանգեցնել համապատասխան վարչական գործի կարճման:
Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հարկ է արձանագրել, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման նաև՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Անգելիկա Ումրիկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
11 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-162
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-162
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
