Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22920 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-229)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 229 | «ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՆՎԵԼ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մանվել Տեր-Առաքելյանի դիմումի հիման վրա՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մանվել Տեր-Առաքելյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Ալումյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ ՀՕ-169 օրենքի (ընդունման ամսաթիվ՝ 03.04.2001թ., ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 18.08.2001թ., ներկայում գործում է) 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող այնքանով, որքանով դրանք վերաբերում են սնանկության հետևանքով իրավաբանական անձի լուծարման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա այդ իրավաբանական անձի լուծարման գրանցմանը»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության (նախկինում՝ քաղաքացիական) և թիվ ՎԴ/12837/05/21 վարչական գործերի դատավարական նախապատմությունները, մասնավորապես, նշում է, որ սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման գործընթացում ո՛չ սնանկության գործով կառավարիչը և ո՛չ էլ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումն իրականացնող մարմինը չունեն պարտականություն և գործիքակազմ՝ պարզելու, թե արդյո՞ք առկա է իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործի կամ կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ Դիմողի՝ վերոնշյալն օրենսդրի վրիպման արդյունք չէ, այլ պայմանավորված է նրանով, որ վերջինիս տրամաբանությամբ սնանկության արդյունքում իրավաբանական անձի լուծարման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանն ինքն է գնահատում բոլոր այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ նման դատական գործերի և կատարողական վարույթների առկայության արդյունքում, ինչպես նաև դրանց առկայության դեպքում որոշում է լուծարման գործընթացի վրա վերջիններիս ազդեցության հարցը:

Դիմողի պնդմամբ՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում օրենսդիրը պետական գրանցումն իրականացնող մարմնին արգելել է գրանցել սնանկության հետևանքով իրավաբանական անձանց լուծարումն այն դեպքում, երբ առկա են լուծարման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և նույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը: Այս առումով Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները թույլ են տալիս չկիրառել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռից բխող հետևանքները: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթներով նախատեսված են իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու այնպիսի հիմքեր, որոնք որոշակի դեպքերում ուղղակիորեն բացառում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը:

Դիմողը եզրահանգում է, որ Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը հակասում են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով դրանք վերաբերում են նաև սնանկության հետևանքով իրավաբանական անձի լուծարման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա այդ իրավաբանական անձի լուծարման գրանցման գործընթացին՝ լուծարման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում՝ փաստացի թույլ տալով որոշակի դեպքերում չգրանցել իրավաբանական անձի լուծարումը:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրության հիշյալ դրույթն ամրագրված է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ» (6-րդ կետ):

Սահմանադրական դատարանի՝ 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման համաձայն՝ «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»» (5-րդ կետ)։

Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրված է. «Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ (...), երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը» (4.4-րդ կետ):

Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների)՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս առանցքային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի (դրույթների)՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի (դրույթների) կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:

Վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ՎԴ/12837/05/21 վարչական գործի շրջանակում Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի՝ Դիմողի նկատմամբ կիրառված լինելը:

Այսպես՝ Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված է, որ իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերից են իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործի վերաբերյալ և իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չկարճված կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը: Այսինքն՝ Օրենքի 52-րդ հոդվածը վերաբերում է իրավաբանական անձի լուծարմանը, մասնավորապես՝ իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերին: Հետևաբար՝ վիճարկվող դրույթները վերաբերելի և կիրառելի են իրավաբանական անձանց նկատմամբ: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը ֆիզիկական անձ է, հետևաբար՝ խնդրո առարկա վարչական գործի շրջանակում վերջինիս՝ որպես ֆիզիկական անձի նկատմամբ չեն կիրառվել Օրենքի՝ 52-րդ հոդվածի 1-ին մասի վիճարկվող 5-րդ և 6-րդ կետերը:

Ավելին՝ թիվ ՎԴ/12837/05/21 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ վարչական գործի շրջանակում «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ վերջինիս կողմից «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի լուծարման մասին 2021 թվականի հուլիսի 22-ին կատարված պետական գրանցումը և ՀՀ արդարադատության նախարարության 2021 թվականի հոկտեմբերի 6-ի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումն ընդունման պահից անվավեր ճանաչելու, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի պետական գրանցումը՝ որպես գործող ընկերություն, վերականգնելու պահանջների մասին: Ընդ որում՝ Դիմողը հիշյալ վարչական գործով դատավարության մասնակից չի հանդիսացել: Մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլի 12-ին Դիմողի ներկայացուցչի կողմից վարչական դատարան է մուտքագրվել երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն, որը Վարչական դատարանի նույն թվականի ապրիլի 15-ի՝ «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է: Նշված որոշմամբ վարչական դատարանն արձանագրել է. «(...) սույն վարչական գործով հայցի առարկան հանդիսանում է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության լուծարման մասին 22.07.2021 թվականին կատարված պետական գրանցումը, որպիսի հանգամանքը հիմք է հանդիսանում փաստելու, որ սույն վարչական գործով կայացվելիք գործն ըստ էության լուծող դատական ակտը իրավական և փաստական հետևանքներ առաջացնելու է իրավաբանական անձի՝ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության համար: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության պարտավորությունների համար գրավադրված է եղել Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող անշարժ գույքը, ապա Դատարանն արձանագրում է, որ նշվածը սույն հայցի առարկայի շրջանակներից դուրս է և ենթակա չէ քննման վարչական դատավարության կարգով:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով չեն կարող շոշափվել Մանվել Տեր-Առաքելյանի իրավունքները, հետևաբար վերջինիս երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը ենթակա է մերժման»:

Այսինքն՝ վարչական դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է, որ համապատասխան վարչական գործով կայացվելիք (արդեն իսկ կայացված) գործն ըստ էության լուծող դատական ակտն իրավական և փաստական հետևանքներ է առաջացնելու (արդեն իսկ առաջացրել է) համապատասխան իրավաբանական անձի՝ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի համար, իսկ Դիմողի՝ որպես ֆիզիկական անձի իրավունքները դրանով չեն կարող շոշափվել:

Նշված վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 8-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման ուսումնասիրությունը ևս վկայում է, որ Դիմողը այդ վարչական գործին մասնակից չի դարձվել: Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ վարչական դատարանի 2026 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ դատավարության մասնակից չդարձած անձ Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը ևս իր որոշմամբ արձանագրել է Դիմողի՝ որպես ֆիզիկական անձի դատավարության մասնակից չլինելու հանգամանքը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողը նշված վարչական գործով չի հանդիսացել դատավարության մասնակից, և վերջինիս՝ որպես ֆիզիկական անձի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթների՝ տվյալ վարչական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված լինելը։ Փոխարենը՝ Դիմողի կողմից վիճարկվող դրույթները կիրառվել և համապատասխան իրավական հետևանքներ են առաջացրել իրավաբանական անձի՝ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի համար:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Մանվել Տեր-Առաքելյանի դիմումի հիման վրա՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Է. ՇԱԹԻՐՅԱՆ

20 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ-229

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-229
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել