«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-203)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 սեպտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 203 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 12-րդ հոդվածի 6-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հուլիսի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է.
«(...) որոշել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 12-րդ հոդվածի 6-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի Սահմանադրության 60-րդ, 66-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը պնդում է, որ նշված իրավակարգավորումների համակցված կիրառման արդյունքում անձի նկատմամբ ընդամենը քրեական հետապնդման իրականացումը, առանց օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի կամ քրեական հետապնդման ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցման, հանգեցնում է գործող թույլտվությունների ուժը կորցրած ճանաչման, զենքի առգրավման և սեփականության իրավունքի դադարեցման, մինչդեռ նույն օրենքի այլ կարգավորումներով այդ հետևանքը պայմանավորվում է միայն մեղավորության վերջնական դատական հաստատմամբ։ Հետևաբար՝ վիճարկվող դրույթները, ըստ Դիմողի, խախտում են սեփականության իրավունքի և անմեղության կանխավարկածի սահմանադրական այլ երաշխիքները, ինչպես նաև համաչափության և իրավական որոշակիության սկզբունքները:
Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները.
«1. Արդյո՞ք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 6-րդ մասը և 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետը՝ 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ համակարգային փոխկապակցվածությամբ, համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, այնքանով, որքանով անձի նկատմամբ ընդամենը քրեական հետապնդման իրականացումը, մինչև օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը, հանգեցնում է օրինական հիմքով ձեռք բերված զենքի նկատմամբ սեփականության իրավունքի փաստացի սահմանափակման և հետագա դադարեցման՝ փաստացի վերածվելով սեփականությունից զրկման։
2. Արդյո՞ք նույն իրավակարգավորումները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին, այնքանով, որքանով քրեական հետապնդման փուլում նախատեսում են սեփականության իրավունքի նկատմամբ առավել խիստ միջամտություն՝ առանց նույն սահմանադրական նպատակին ավելի մեղմ միջոցներով հասնելու հնարավորության գնահատման։
3. Արդյո՞ք Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 10-րդ կետերի, 6-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի համակցված կիրառումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին, այնքանով, որքանով սեփականության իրավունքի դադարեցման նման հետևանքը չի բխում օրենքի հստակ և անմիջական կարգավորումից, այլ ձևավորվում է միայն նշված նորմերի մեկնաբանության արդյունքում։
4. Արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում է այնպիսի իրավակարգավորումը, որի պայմաններում «թույլտվություն ստանալու իրավունքը բացառող հանգամանքները» միաժամանակ և առանց հստակ օրենսդրական տարբերակման դառնում են արդեն իսկ օրինական հիմքով ձեռք բերված և իրականացվող սեփականության իրավունքի դադարեցման հիմք»։
Դիմողը նշում է, որ «(...) առանց որևէ տարբերակման, թե ինչ մեղադրանքով է հարուցված քրեական հետապնդումը, (դիտավորյալ թե անզգույշ հանցանքի, ինչ ծանրության հանցանքի, ինչ բնույթի հանցանքի) ինքնին իրավաչափ չէ սահմանել, որ այդ հանգամանքը միայն անհրաժեշտ ու բավարար պայման է սեփականության իրավունքի սահմանափակման համար»:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող կարգավորումները հակասում են Սահմանադրությանը, քանի որ թույլ են տալիս մինչև անձի մեղավորության դատական հաստատումը փաստացի և իրավաբանորեն զրկել նրան սեփականությունից, նախատեսում են անհամաչափ միջամտություն և չեն ապահովում սեփականության իրավունքի սահմանափակման հստակ, որոշակի և կանխատեսելի իրավակարգավորում:
Դիմողը պնդում է. «(...) օրենսդիրը հանրային շահի պաշտպանության նպատակով ընտրել է այնպիսի կարգավորման մոդել, որը հիմնված է ընդհանուր և ավտոմատ իրավական հետևանքների վրա՝ բացառելով անհատական գնահատումը և սահմանափակման ինտենսիվության տարբերակումը»:
Դիմողը նշում է, որ «(...) օրենքում բացակայում է այն դրույթը, որը միանշանակ կսահմանի, թե որ իրավաբանական փաստն է անմիջականորեն առաջացնում սեփականության իրավունքի դադարեցումը: Այդ հետևանքը հնարավոր է բացահայտել միայն տարբեր հոդվածների փոխկապակցված մեկնաբանությամբ, մինչդեռ հիմնական իրավունքի սահմանափակման հիմքը պետք է բխի անմիջապես օրենքի հստակ կարգավորումից»: Ավելին, Դիմողի գնահատմամբ. «Իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է նաև այն, որ վիճարկվող կարգավորումները չեն ապահովում նորմերի միջև անհրաժեշտ համակարգային ներդաշնակություն։ Օրենքի առանձին դրույթները նույն իրավիճակի վերաբերյալ ձևավորում են տարբեր իրավական հետևանքների նախադրյալներ, սակայն չեն սահմանում, թե դրանց փոխհարաբերությունն ինչպիսին է և ինչ հերթականությամբ պետք է կիրառվեն։ Այդ պայմաններում իրավական արդյունքը կանխորոշվում է ոչ այնքան օրենքի տեքստով, որքան դրա մեկնաբանությամբ:
Նման կառուցակարգը լայն հայեցողություն է թողնում իրավակիրառող մարմնին։ Երբ հիմնական իրավունքի սահմանափակման ծավալը և հիմքերը բավարար չափով չեն բխում օրենքից, իրավակիրառողը փաստացի ստիպված է լրացնել օրենսդրական անորոշությունը սեփական մեկնաբանությամբ»։
Վերոգրյալի լույսի ներքո՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 60, 66, 78 և 79-րդ հոդվածներին:
3. Ուսումնասիրելով դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներում (08.02.2019թ. ՍԴԱՈ-12, 26.11.2019թ. ՍԴԱՈ-141, 30.11.2020թ. ՍԴԱՈ-222, 15.02.2021թ. ՍԴԱՈ-32, 03.12.2021թ. ՍԴԱՈ-248 և այլն) բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնք Սահմանադիրը չի դիտարկել որպես Բարձր դատարանի քննությանը ենթակա հարցեր:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան սուբյեկտներին Սահմանադիրն իրավասություն է վերապահել դիմելու Սահմանադրական դատարան բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով նախանշված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների դիմումների հիման վրա սահմանադրական վերահսկողության իրականացումը ենթադրում է դիմումով նաև այնպիսի հիմնավորված սահմանադրաիրավական հարցի առաջադրում, որի շրջանակներում հնարավոր է բացահայտել վիճարկվող դրույթի և սահմանադրական արժեքների միջև առկա ենթադրյալ հակասության բնույթը և բովանդակությունը։
Այդ առումով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ սույն դիմումով առաջադրված չէ այդպիսի կոնկրետ և բավարար չափով փաստարկված սահմանադրաիրավական խնդիր։ Դիմողը, մասնավորապես, մի կողմից՝ պնդում է, որ վիճարկվող իրավակարգավորումների համակցված կիրառման արդյունքում անձի նկատմամբ միայն քրեական հետապնդման իրականացումը հանգեցնում է արդեն իսկ ձեռք բերված զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման, իսկ մյուս կողմից՝ նշում, որ օրենքի համապատասխան դրույթներից այդպիսի հետևանքն անմիջականորեն չի բխում, և այն հնարավոր է բացահայտել միայն տարբեր նորմերի փոխկապակցված մեկնաբանության միջոցով։
Այդ պնդումները, սակայն, Սահմանադրական դատարանի դիտարկմամբ փոխադարձաբար ամբողջությամբ համադրելի չեն։ Եթե, ըստ Դիմողի, սեփականության իրավունքի դադարեցումը վիճարկվող իրավակարգավորումներից չի բխում անմիջականորեն և կարող է հանգեցնել այդպիսի հետևանքի միայն դրանց մեկնաբանության արդյունքում, ապա, թեև սույն դիմումը ներկայացված է վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում, Դիմողը պետք է, նախևառաջ, հիմնավորեր, թե իրավակիրառ կոնկրետ ինչ մեկնաբանություն է հանգեցնում նշված արդյունքին, ինչու է այդ մեկնաբանությունը բխում վիճարկվող նորմերի բովանդակությունից և, հատկապես, ինչու է հենց այդ մեկնաբանությունը հանդիսանում վիճարկվող իրավակարգավորման իրավական անհրաժեշտ հետևանքը: Մինչդեռ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումն այդպիսի հետևողական իրավական վերլուծություն չի բովանդակում։
Դիմողը, ըստ էության, ելակետ է ընդունում վիճարկվող նորմերի՝ իր կողմից առաջարկվող մեկնաբանությունը և դրանից բխեցնում դրանց ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կասկածը՝ առանց բավարար չափով բացահայտելու այն նորմատիվ կապը, որի միջոցով քրեական հետապնդման փաստը վերածվում է սեփականության իրավունքից զրկման անմիջական իրավական հիմքի։
Ավելին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումում առկա է ներքին հակասություն նաև վիճարկվող իրավակարգավորումների իրավական հետևանքի բնույթի վերաբերյալ։ Մի դեպքում՝ Դիմողը պնդում է, որ վիճարկվող նորմերի համակցված կիրառումն ինքնաբերաբար առաջ է բերում գործող թույլտվությունների ուժը կորցրած ճանաչում, զենքի առգրավում և սեփականության իրավունքի դադարեցում, իսկ մեկ այլ դեպքում՝ նշում է, որ օրենքում բացակայում է այն դրույթը, որը միանշանակ սահմանում է, թե որ իրավաբանական փաստն է անմիջականորեն առաջացնում սեփականության իրավունքի դադարեցումը։ Այս երկու մոտեցումների միջև առկա հակասությունն էական նշանակություն ունի դիմումի առարկայի որոշակիացման առումով, քանզի առաջին դեպքում ենթադրվում է օրենսդրական հստակ իրավական հետևանքի առկայություն, իսկ երկրորդ դեպքում՝ դրա բացակայություն և միայն իրավակիրառ մեկնաբանության միջոցով նշված հետևանքի առաջացում։
Փաստորեն, Դիմողը, ըստ էության, միաժամանակ վիճարկում է և՛ օրենսդրական կարգավորումը, և՛ այդ կարգավորման բացակայությունը, և՛ դրա հնարավոր մեկնաբանությունը՝ առանց դրանցից որևէ մեկի առնչությամբ ամբողջական և ներքին առումով՝ հետևողական սահմանադրաիրավական առումով հիմնավորման։
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացվող դիմումների առնչությամբ դիմումի փաստարկված լինելու պահանջն իր նշանակությունը չի կորցնում, հետևաբար՝ դիմողը չի կարող սահմանափակվել այնպիսի ընդհանրական դատողություններով, ինչպիսիք են իրավակարգավորումը «կարող է» հանգեցնել սեփականության իրավունքի սահմանափակման, «կարող է» առաջացնել իրավական անորոշություն կամ «կարող է» թողնել լայն հայեցողություն իրավակիրառ մարմնին։ Վերջիններս ներառվում են սահմանադրական վերահսկողության առարկայի շրջանակում, երբ դիմողը բացահայտում է դրանց նորմատիվ հիմքը, պատճառահետևանքային կապը վիճարկվող իրավակարգավորման հետ և այն սահմանադրական չափանիշը, որին այդ իրավակարգավորումը ենթադրաբար չի համապատասխանում:
Վերոգրյալը վկայում է, որ Դիմողը վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ կոնկրետ և բավարար չափով փաստարկված խնդիր/ հարց, դիմումով, ըստ էության, չի ձևակերպել, այլ ներկայացրել է այդ կարգավորումների հնարավոր իրավական հետևանքների, դրանց մեկնաբանության և կիրառության վերաբերյալ ընդհանուր իրավական մտահոգություններ։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումի՝ անհատական գործով պայմանավորված չլինելու հանգամանքը չի նշանակում, որ Դիմողը կարող է սահմանափակվել սոսկ ընդհանուր քաղաքական, իրավական կամ տեսական մտահոգություններ ներկայացնելով. Սահմանադրական դատարանի առջև դիմումով բարձրացված հարցադրումը պետք է լինի հստակ, ներքին առումով՝ հետևողական, իրավաբանորեն պատճառաբանված և ուղղակիորեն կապակցված վիճարկվող նորմի բովանդակության հետ։
Սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող դիմումը պետք է բավարարի Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները՝ բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էության հստակ նկարագրությունը և այդ վեճի առկայությունը հավաստող փաստարկներ, որպիսիք չեն կարող դիտարկվել լոկ Դիմողի՝ վիճարկվող նորմերի՝ իրավակիրառ պրակտիկայում ենթադրյալ/հնարավոր հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման ենթադրություններն ու մտահոգությունները. վերջիններս կարող են բարձրաձայնվել խորհրդարանական գործունեության շրջանակներում:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանի 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող առանձին սուբյեկտներին առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը սոսկ վերացական բնույթ չի կրում:
Սահմանադրական արդարադատություն հայցելիս օրենսդրական բարձր գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումների հարցը Բարձր դատարանի առջև բարձրացնելու նպատակային գործիքակազմը մշտապես պետք է ծառայի հանրային կյանքի բոլոր ոլորտներում Սահմանադրության գերակայության հաստատմանն ու ամրապնդմանը՝ զերծ մնալով հանրային իշխանության մարմինների գործունեությունը սոսկ քննադատելու միտումներից՝ սահմանադրական արդարադատություն հայցելիս:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումում առաջադրված հարցերը, ըստ էության, ենթադրում են ոչ թե վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ վեճի լուծում, այլ դրանց հնարավոր մեկնաբանության, կիրառման և ենթադրյալ հետևանքների գնահատում։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումը չի հաղթահարում փաստարկվածության նվազագույն շեմը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵ Ց.
«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 12-րդ հոդվածի 6-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
10 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴԱՈ-203
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 սեպտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-203
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
