ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 26 | ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 մայիսի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Վահան Խաչատրյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վահան Խաչատրյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 27-ին) խնդրելով. «…. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում նշված « (...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» ձևակերպումը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին կետին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 95-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» ձևակերպումը չի համապատասխանում Սահմանադրության 1-ին հոդվածում նշված իրավական պետության սկզբունքին և Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում նշված «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք» ապահովող սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին կետում նշված «յուրաքանչյուր ոք ունի (...) քննության իրավունք» սկզբունքին: Դիմողը մատնանշում է, որ օրենսդիրը չի նախատեսել, թե ստուգման ենթակա՞ են արդյոք Օրենսգրքում նշված հանգամանքները (համատեղ բնակվելը, տվյալ հասցեում աշխատելը և չափահաս լինելը), ու՞մ կողմից պետք է ստուգվի նշված փաստերի իսկությունը, և հետագայում ո՞վ պետք է կրի այդ փաստերի ճշմարտացիության ապացուցման բեռը: Դիմողը պնդում է, որ վիճարկվող իրավակարգավորումը, այն է անձի մասնակցությունն իր վերաբերյալ գործի քննությանն ապահովելու դատավարական նորմը, ձևակերպված չէ այն աստիճանի հստակությամբ, որ դատավարության սուբյեկտների համար այն լինի բավարար կանխատեսելի դատավարական վարքագիծը կազմակերպելու համար, ինչպես նաև այդ նորմի կիրառողը կարողանա հիմնավորել նորմի կիրառման իրավաչափությունը: Դիմողը գտնում է, որ «արդար դատաքննության իրավունքի» իրացումը կարող է սահմանափակվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակներին հասնելու ձևով և միջոցներով: Այն չի կարող սահմանափակվել ձևական ընթացակարգերով: Արդար դատաքննության իրավունքը չի կարող սահմանափակվել դատավորների գործի քննությունը դյուրինացնելու համար: Դատավարական ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանից օգտվելու, նիստին մասնակցելու իրավունքի սահմանափակման հիմնավորում: Դիմողը պնդում է, որ արդար դատաքննության իրավունքի համատեքստում «իր վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու» իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային: Իսկ դա ենթադրում է, որ գործի քննությունն իրականացնող դատարանները պետք է միջոցներ ձեռնարկեն դատավարության կողմ հանդիսացող անձին իր վերաբերյալ քննվող գործի մասին տեղեկացնելու: Տեղեկացնող դատարանը պետք է ողջամիտ համոզմունք ունենա, որ իր վարույթում քննվող գործին մասնակցող կողմն ունի տեղեկություն այն մասին, որ իր իրավունքների վերաբերյալ գործ է քննության առնվում: Ըստ դիմողի դատական պաշտպանության իրավունքի ապահովումը չպետք է կրի ձևական բնույթ, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա:
3. Ելնելով Վահան Խաչատրյանի դիմումի ու կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն, դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Վահան Խաչատրյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
15 մայիսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
