ԱՐՏԱՇԵՍ ԲԱՍՄԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 45 | ԱՐՏԱՇԵՍ ԲԱՍՄԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 9 սեպտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Արտաշես Բասմաջյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտաշես Բասմաջյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Գ. Թադևոսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 26-ին, որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 391-րդ հոդվածի 1-ին մասը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, կամ
Բացահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 391-րդ հոդվածի 1-ին մասը, 362-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությունը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԿԴ/0931/02/13 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը, մասնավորապես, նշում է, որ ինքն իրացրել է տվյալ քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքն օրենքով սահմանված ժամկետում, սակայն, անկախ իր կամքից, վերաքննիչ բողոքը հետ է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն: Դիմողի պնդմամբ` ինքը չպետք է զրկված լինի Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով նախատեսված՝ իր գործի արդար դատաքննության իրավունքից, ինչպես նաև պետք է հնարավորություն ունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայացնելու իր վերաքննիչ բողոքը, ինչը, սակայն,
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից խոչընդոտվել է։
Դիմողը գտնում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 362-րդ հոդվածի 5-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 391-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ դրանք չեն սահմանում ՀՀ վերաքննիչ դատարանի համար այնպիսի հստակ պարտականություն, որ եթե բողոք բերողի կամքից անկախ պատճառներով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված եռամսյա ժամկետը բաց է թողնվել, և ներկայացվել է այն հարգելի համարելու միջնորդություն, ապա ՀՀ վերաքննիչ դատարանը պարտավոր է նշված դատավարական ժամկետը վերականգնել ամբողջությամբ և վարույթ ընդունել ներկայացված բողոքը։ Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթների բովանդակությունից հետևում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոք բերող անձը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի ՀՀ վերաքննիչ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ դատարանի հայեցողության սահմաններն ու շրջանակները որևէ կերպ սահմանված չեն օրենքով։
Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 391-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի պարտականությունը, հակասում են Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 362-րդ հոդվածի 5-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 391-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) Վերաքննիչ դատարանը չհիմնավորված եզրահանգում է իրականացրել, թե առաջին վերաքննիչ բողոքից հետո մոտ երկու ամիս անց երկրորդ վերաքննիչ բողոքը ներկայացնելու դեպքում պետք է հիմնավորվի այդ ժամկետից ավելի շուտ նշված բողոքը չներկայացնելու հանգամանքը, այն էլ տվյալ դեպքում, երբ ՀՀ վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերականգնել հենց երեք ամսյա դատավարական ժամկետը ու հենց դրանով էլ պայմանավորված որևէ հիմնավորում չպետք է ներկայացվեր, թե Արտաշես Բասմաջյանը, երբ է իմացել վերաքննիչ բողոքի Ռուսաստանի Դաշնություն հետ ուղարկելու մասին:
(...) ՀՀ վերաքննիչ դատարանը որևէ ձևով չի էլ նշել, ըստ իրեն, այն ողջամիտ դատավարական ժամկետը, երբ պետք է Արտաշես Բասմաջյանի երկրորդ վերաքննիչ բողոքը ներկայացվեր Վերաքննիչ դատարանին, որով էլ վիճարկվող դատական ակտից պարզ էլ չի թե այդ ինչ ժամկետ է բաց թողել գործին մասնակից չդարձած անձը (...):
(...)
(...) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ևս թույլ են տրվել (...) խախտումները, քանի որ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ևս խոչընդոտվել է Արտաշես Բասմաջյանի իրավունքների իրացումը, այդ թվում՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացումը»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 362-րդ հոդվածի 5-րդ մասի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 391-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԿԴ/0931/02/13 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԿԴ/0931/02/13 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արտաշես Բասմաջյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
9 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-45
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-45
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
