«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎԵԼ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-100)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 100 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎԵԼ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎԵԼ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ) ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (ուժը կորցրած է ճանաչվել 2023 թվականի հուլիսի 31-ին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2023 թվականի օգոստոսի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դիմող) դիմումը: Դիմողն իր 2023 թվականի օգոստոսի 8-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան` «(...) 22.10.2015 թվականից մինչև 31.07.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ և 57-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով (…)»: Դիմողը հայտնել է, որ իր վարույթում է գտնվում քաղաքացիական գործն «(...) ըստ հայցի Անահիտ Գուրգենի Մաճկալյանի ընդդեմ «ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի «ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 26.01.2023թ. թիվ 7 հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին (...)»: Դիմողն արձանագրել է. «(...) 22.10.2015 թվականից մինչև 31.07.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ենթադրաբար կարող է հակասել ինչպես Խարտիայի 24-րդ հոդվածին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 57-րդ հոդվածներին, մասնավորապես` տվյալ հիմքի կիրառման համար, ըստ սահմանված կարգավորման, բավարար է միայն անձի կենսաթոշակային տարիքի լրանալը և աշխատանքային պայմանագրով տվյալ հիմքի սահմանված լինելն առանց գնահատելու և հաշվի առնելու աշխատողի մասնագիտական ընդունակությունները և վարքագիծը կամ հիմնավորելու, որ գործատուի մոտ առկա են գործնական պահանջներ, որոնցով պայմանավորված առաջացել է աշխատանքային պայմանագրի լուծման անհրաժեշտությունը: Աշխատանքային պայմանագիրը միայն կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով լուծելու դեպքում աշխատողի նկատմամբ ենթադրաբար կատարվում է գործողություն, որի արդյունքում տվյալ անձը կենսաթոշակային տարիքի չհասած անձանց համեմատ հայտնվում է նվազ բարենպաստ իրավիճակում, տարիքի հիմքով սահմանափակվում է նրա աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու իրավունքը, տվյալ անձը զրկվում է այլ անձանց հետ աշխատանքի և զբաղվածության ոլորտում ունեցած հնարավորության հավասարությունից, այլ կերպ ասած նրա նկատմամբ հնարավոր է, որ դրսևորվում է ուղղակի խտրականություն, որի արդյունքում խախտվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, քանի որ, ի տարբերություն այլ անձանց, կենսաթոշակային տարիքի հասած անձը, տարիքի հիմքով ազատվելով աշխատանքից, զրկվում է աշխատող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք երաշխիքներից և հնարավորություններից»: Դիմողը եզրահանգում է, որ «(...) Դատարանը հիմնավոր կասկածներ ունի սույն գործով կիրառելի 22.10.2015 թվականից մինչև 31.07.2023 թվականը խմբագրությամբ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը այնքանով, որքանով սահմանում է որոշակի կենսաթոշակային տարիքով պայմանավորված և աշխատանքային պայմանագրում դրա լուծման նշված հիմքի ներառման դեպքում աշխատանքային պայմանագրի գործատուի նախաձեռնությամբ լուծման հիմքը, հակասել է ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ և 57-րդ հոդվածներին, քանի որ նշված հիմքը հակասել է Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության, խտրականության արգելքի սկզբունքին և աշխատանքի ազատ ընտրության իրավունքին»:
3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանադիրն ամրագրել է դատարանների իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը: Դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այս առումով առանցքային է արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բովանդակ պատճառաբանությունը ներկայացնելը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ բոլոր դեպքերում, այդ թվում դատավարության համապատասխան մասնակիցների միջնորդությունների բավարարման արդյունքում, սահմանադրական արդարադատություն հայցելիս դատարանները Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները, այլ ոչ թե սահմանափակվեն համապատասխան միջնորդություն ներկայացնող սուբյեկտի հիմնավորումներով: Հակառակ պարագայում ստացվում է, որ դատարանը չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը, քանզի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, ըստ էության, բովանդակում է կոնկրետ գործի համապատասխան մասնակցի վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ պատճառաբանություններն ու գնահատականը, այլ ոչ թե դատարանի: Սահմանադրական դատարանն իր 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»: Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումը չի պարունակում դատարանի վիճարկվող դրույթի Սահմանադրության հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ Դիմողը սահմանափակվել է վերոնշյալ քաղաքացիական գործի դատավարական նախապատմության շարադրմամբ, տվյալ գործով հայցվորի Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության շրջանակներում ներկայացված հիմնավորումների, ինչպես նաև դրա դեմ պատասխանողի առարկությունները ներկայացնելով, ապա վկայակոչելով նաև վիճարկվող նորմի բովանդակությունը, ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթերով և Սահմանադրության համապատասխան հոդվածներով ամրագրված կարգավորումները: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերելի են վիճարկվող դրույթի Հայաստանի Հանրապետության վավերացրած համապատասխան միջազգային պայմանագրերին ենթադրյալ հակասությանը: Այդ առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական վերահսկողության շրջանակներից դուրս է օրենքի դրույթների միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանության հարցի ստուգումը: Ավելին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավակիրառը գտնում է, որ կիրառման ենթակա նորմը հակասում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ապա «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետք է կիրառվի վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը: Ուստի` Դիմողը կաշկանդված չէ վեճի լուծումն իրականացնել անմիջականորեն կիրառելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի դրույթները, որոնց ենթադրաբար հակասում է վերջինիս կողմից վիճարկվող օրենքի դրույթը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ 2011 թվականի հոկտեմբերի 11-ի իր ՍԴՈ-991 որոշմամբ արդեն իսկ արձանագրել է. «(…) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում սահմանված նորմը, համաձայն որի գործատուն իրավունք ունի աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում նրա հետ լուծելու անորոշ, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ստացել է սահմանադրաիրավական նոր բովանդակություն։ Բանն այն է, որ ի տարբերություն նախկին իրավակարգավորման, այն աշխատանքային հարաբերությունների սուբյեկտներին իրավական կամընտրական հնարավորություն է ընձեռում ազատ կամաարտահայտությամբ համաձայնելու վերոհիշյալ հիմքով պայմանագրային պարտավորությունները որոշակի պայմաններով (ժամկետով) շարունակելուն և աշխատանքային նոր պայմանագիր կնքելուն։ Դա իր հերթին նշանակում է, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով գործատուի կողմից միակողմանի լուծվել չի կարող, եթե դա նախատեսված չէ այդ պայմանագրով։ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-792 որոշման պահանջներից ելնելով օրենսդրական այս փոփոխությունը երաշխավորում է հավասար և ոչ խտրական իրավապայմանագրային հարաբերություններ աշխատողի և գործատուի միջև»: Սույն գործով Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր իրավական դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտներին ուղղված առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը վերաբերելի է նաև դատարաններին, որոնք, կոնկրետ գործերով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում Սահմանադրական դատարան դիմելով, անառարկելիորեն նպաստում են մարդու հիմնական իրավունքների երաշխավորման, ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդմանն ու սահմանադրական արդարադատության շարունակական զարգացմանը» (06.05.2022թ. ՍԴԱՈ-83): Ամփոփելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողը սույն դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացրած հիմնավորումներով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, որպիսի պայմաններում էլ գործի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (ուժը կորցրած է ճանաչվել 2023 թվականի հուլիսի 31-ին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 սեպտեմբերի 2023 թվականի
ՍԴԱՈ-100
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-100
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
