«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հոկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 61 | «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 հոկտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով «Հայնախագիծ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
«Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ դիմող) (ներկայացուցիչներ փաստաբաններ Արամ Օրբելյան, Աշոտ Պողոսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի սեպտեմբերի 14-ին) խնդրելով. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ. ՀՕ-165-Ն օրենքով) 18-րդ հոդվածի 1-ին մասը, դրան համապատասխան Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն (ուժը կորցրել է 01.01.2018թ. ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1373-Ն որոշմամբ) որոշման 14-րդ կետի «ա» ենթակետը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին և 83.5-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 60-րդ (փոխկապակցված 78-րդ հոդվածի հետ) և 59-րդ (փոխկապակցված 75-րդ հոդվածի) հոդվածներին հակասող և անվավեր»: Դիմողը հայտնում է, որ հայց է ներկայացրել վարչական դատարան պահանջելով վերացնել և անվավեր ճանաչել ֆինանսների նախարարության 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 5010497 ստուգման ակտի շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վերաբերյալ 1-ին և 4-րդ կետերը (թիվ ՎԴ/7257/05/14 վարչական գործ): Վարչական դատարանը գործով 2016 թվականի օգոստոսի 1-ի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն. անվավեր է ճանաչել թիվ 5010497 ստուգման ակտի 1-ին կետը, իսկ մնացած մասով հայցը մերժել: Վերաքննիչ վարչական դատարանը գործով 2019 թվականի մարտի 26-ի որոշմամբ վարչական դատարանի վճիռը հայցը մերժելու մասով, բեկանել է և հայցը բավարարել է ամբողջությամբ: Այս որոշման դեմ պատասխանող կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բավարարվել է. վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել գործով 2016 թվականի օգոստոսի 1-ին վարչական դատարանի կայացրած վճռին: Դիմողը, հիշատակելով ուժը կորցրած «Շահութահարկի մասին» օրենքի (այսուհետ նաև Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը, ուժը կորցրած «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման կարգը հաստատելու մասին» Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 2052-Ն որոշման (այսուհետ նաև Որոշում) 14-րդ կետի «ա» ենթակետը, նշում է, որ այդ դրույթները իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, խախտում են իր Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունը և Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, ինչպես նաև Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետը: «Շահութահարկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ դիմողի, օրենսդիրը Կառավարությանը չի օժտել համախառն եկամտից դեբիտորական պարտքի նվազեցման համար դեպքերի ու պայմանների ընդունման լիազորությամբ, սակայն դրանք փաստացի սահմանվել են Կառավարության որոշմամբ: Ըստ դիմողի օրենսդիրը չէր էլ կարող հիշյալ լիազորությամբ օժտել Կառավարությանը, քանի որ դա բացառապես իր լիազորությունն է: Դիմողը գտնում է, որ օրենսդիրը Կառավարությանը կարող էր միայն պատվիրակել որոշակի կարգի սահմանում այն մասին, թե ինչպես պետք է համապատասխան փաստաթղթերը լրացվեն կամ սահմանվեն դիմումների ներկայացման գրավոր կամ էլեկտրոնային ձևեր, որոշակի ընթացակարգերի մասնակցության հնարավորություն և այլն, բայց ոչ բովանդակային չափեր ու պայմաններ: Դիմողը եզրակացնում է, որ Կառավարությունը Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետով ընդունած կարգավորմամբ վերազանցել է իրեն տրված լիազորությունը, և գտնում է, որ այդ կարգավորումը հակասում է Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով 5-րդ հոդվածի 1-ն մասին և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին, ինչի արդյունքում խախտվում է իր Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները: Դիմողը վկայակոչում է Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի գործով արտահայտած դիրքորոշումն առ այն, որ «դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու հիմքով դատարան ներկայացված հայցը մերժելու մասին վճիռը հիմք չէ դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար, ավելին տվյալ դեպքում մերժման հիմքը որևէ իրավական նշանակություն չունի դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու հարցում»: Ըստ դիմողի ուժը կորցրած «Շահութահարկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը, Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետը իրավակիրառ պրակտիկայում տրված վերոնշյալ մեկնաբանությամբ, չարդարացված միջամտում է իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին: Օրենքի և Որոշման համապատասխան նորմերի նպատակը, ըստ դիմողի, հարկատուի կողմից անհուսալի համարվող եկամտի նվազեցման և դրա արդյունքում հարկային առումով ավելորդ և անարդարացի ծանրաբեռնվածության չենթարկվելն ապահովելն է: Դիմողը գտնում է, որ այդ նպատակով էլ օրենսդրի կողմից Կառավարությանը տրված լիազորության և վերջինիս ի կատար ածման արդյունքում ընդունված Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետի կարգավորման շրջանակներում ընդունվել է այն մոտեցումը, որ եթե անձի պահանջի իրավունքի իրագործումն այլևս իրատեսական չէ, ինչպիսի փաստը կարող է արձանագրվել դատարանի ցանկացած վճռով, ապա նա կարող է իր համախառն եկամտից կատարել համապատասխան նվազեցումներ: Անդրադառնալով հարկ վճարելու սահմանադրական պարտականության բովանդակությանը դիմողը եզրակացնում է, որ առնվազն շահութահարկի ու եկամտային հարկի մասով անձը չպետք է պետությանը կամ հանրությանը վճարի հարկ, եթե նա համապատասխան տնտեսական ձեռքբերումներ չի ստացել: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից ստացվում է, որ անձը զրկվում է գումարը ստանալու հնարավորությունից, քանի որ դատական հայցը մերժվում է, և միևնույն ժամանակ պարտավոր է նաև վճարել դրա դիմաց հաշվարկված շահութահարկը ու այդ գումարը չի կարող հետագա ժամանակահատվածում հետ ստանալ (գումարը նվազեցնել հարկման բազայից): Իրավակիրառ պրակտիկայում նման մեկնաբանությունը, ըստ դիմողի, հանգեցնում է հարկային պարտավորությունների շրջանակներում անձի սեփականության իրավունքին կոպիտ միջամտության, իսկ Օրենքի և Որոշման համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սեփականության իրավունքը սահմանափակելու լեգիտիմ նպատակ հետապնդելու հանգամանքը խնդրահարույց է: Դիմողը գտնում է նաև, որ Վճռաբեկ դատարանի ներկայացրած մեկնաբանությունը հանգեցնում է նրան, որ անկախ նրանից, թե պետությանն արդյունքում որևէ վնաս պատճառվել է, թե ոչ, միևնույն է հարկ վճարողը ենթակա է տուգանման, քանի որ ձևական իմաստով դեբիտորական պարտք առկա չի եղել (ինչը հարկ վճարողը, սակայն, չգիտեր և չէր էլ կարող իմանալ, երբ կնքում էր պայմանագիրը և հաշվապահական փաստաթղթերում կատարում համապատասխան նշումներ, այդ ստացվելիք եկամուտը ներառում իր հարկային հաշվետվություններում և դրա նկատմամբ հաշվարկում և վճարում շահութահարկ): Ըստ դիմողի նշվածը սահմանափակում է անձի սեփականության իրավունքը առանց լեգիտիմ նպատակի առկայության: Դիմողը գտնում է, որ տնտեսական գործունեության ազատության իրավունքը ենթադրում է նաև ֆինանսական ճշգրիտ պլանավորում կատարելու հնարավորություն. իր հերթին օրենսդիրը պետք է սահմանի այդ իրավունքի իրացման արդյունավետ ընթացակարգեր: Ըստ դիմողի օրենսդիր և գործադիր իշխանությունները Օրենքի և Որոշման միջոցով սահմանել են համապատասխան ընթացակարգեր, այն է համախառն եկամտից անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքը նվազեցնելու և այդպիսով անհարկի չհարկվելու ընթացակարգը, սակայն Վճռաբեկ դատարանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ շեղվել է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից սահմանված արդյունավետ ընթացակարգից ըստ էության սահմանելով, որ գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռ է համարվում ցանկացած վճիռ, բացառությամբ, եթե վճռի արդյունքում գործարքը ճանաչվում է առոչինչ: Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոշարադրյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև սույն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև հիմնավորել, թե անձի սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Ըստ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, եթե դրանում չեն բերվում բավարար փաստարկներ այս հանգամանքները հիմնավորելու համար։ Ուժը կորցրած «Շահութահարկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Կառավարության լիազորած մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումների գերազանցող գումարի չափով: Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի` կետանցված դառնալու 366-րդ օրվանից, եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը չի գերազանցում 100 հազար դրամը, կամ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը գերազանցում է 100 հազար դրամը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Օրենքով նախատեսվել է հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից անհուսալի դեբիտորական պարտքերի նվազեցման մասին կարգավորում, «անհուսալի դեբիտորական պարտք» արտահայտության իրավական բովանդակությունը բացահայտված է Որոշմամբ: Դիմողը նշում է, որ հիշյալ կարգավորումները հակասում են Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով 5-րդ հոդվածի 1-ին մասին և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին, քանի որ դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու պայմանները սահմանված են Կառավարության որոշմամբ, այլ ոչ օրենքով, ինչն էլ, ըստ դիմողի, խախտում է Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքները: Դիմողը, սակայն, չի ներկայացնում, թե ինչ պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող իրավադրույթների հիշյալ հիմքով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով 5-րդ հոդվածի 1-ին մասի և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի հետ ենթադրյալ հակասության և իր հիմնական իրավունքների ու ազատությունների խախտման փաստի միջև: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի իմաստով սույն դիմումն այդ մասով ակնհայտ անհիմն է։ Գործով 2022 թվականի հունիսի 20-ի իր որոշմամբ Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին և Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետին նշել է, որ « (…) շահութահարկ վճարող հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է հետևյալ կարգը վերոնշյալ դրույթի կիրառման համար 1. դեբիտորական պարտքի առկայություն, 2. դեբիտորական պարտքի 366-օրյա կետանցում, 3. դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայություն, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը գերազանցում է 100 հազ. դրամը: (…) (…) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համախառն եկամտի նվազեցումը անհուսալի դեբիտորական պարտքի դուրսգրման միջոցով, հնարավոր է միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում: (…) Ընկերությունը դեբիտորական պարտքի գումարը ճանաչել է անհուսալի և այն նվազեցրել համախառն եկամտից` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի բացակայության պայմաններում: Հետևաբար, Դատարանի այն եզրահանգումը, որ «սույն պարագայում առկա է դեբիտորական պարտքի բացակայություն, հետևաբար` որևէ նշանակություն չունի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումի մերժման հիմքի քննարկումը և դրա իրավական նշանակությունը դեբիտորական պարտքի անհուսալի ճանաչման հարցում (...)», իրավաչափ է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը կիրառելի է միայն դեբիտորական պարտքի առկայության դեպքում, ինչպես նշել է Դատարանը: Սույն պարագայում, սակայն Ընկերությունը դեբիտորական պարտքի գումարը ճանաչել է անհուսալի և այն նվազեցրել համախառն եկամտից սահմանված Կարգի խախտմամբ, քանի որ այդ գումարի բռնագանձման վերաբերյալ առկա չէ վճիռ, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը նշել է, որ անհուսալի դեբիտորական պարտքի դուրսգրման միջոցով համախառն եկամուտը նվազեցնելու վերաբերյալ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի դրույթի կիրառման համար անհրաժեշտ պարտադիր պայմանները սահմանվել են Որոշմամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրել է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ միաժամանակյա երեք պայման, որոնց թվում հարկի վճարողի մոտ դեբիտորական պարտքի առկայությունը: Վճռաբեկ դատարանը գործով արձանագրել է, որ տվյալ դեպքում դեբիտորական պարտքի առկայության փաստը բացակայում է, և որ ուժը կորցրած «Շահութահարկի մասին» օրենքի վիճարկվող դրույթը բոլոր դեպքերում դիմողի նկատմամբ կիրառելի չէ։ Սույն դիմումով վիճարկվում է Օրենքի հիշյալ դրույթի կիրառման նախապայմաններից մյուսի «դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ համապատասխան վճռի առկայության» արձանագրման մասով, Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության սահմանադրականությունը: Նման պայմաններում, երբ փաստվել է, որ անկախ «դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության» պայմանի արձանագրումից դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառելի չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Որոշման 14-րդ կետի «ա» ենթակետում նշված «դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում» պայմանի գործով իրավակիրառման և դիմողի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման միջև կապը բացակայում է։ Հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով սույն դիմումն այդ մասով ակնհայտ անհիմն է։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Հայնախագիծ» ԲԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Ե. Խունդկարյան
27 հոկտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-61
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-61
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
