«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22 1 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-103)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունիսի 2022թ. ՍԴԱՈ - 103 | «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22 1 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ նաև դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 16-ին: Դիմողը խնդրել է. «(…) Որոշել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ, 40-րդ, 42-րդ, 52-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումներն իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության և Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու իրավունքների անհամաչափ միջամտության»: Դիմողը գտնում է, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) վիճարկվող հոդվածով ամրագրված կարգավորումների պատճառով ուղղակիորեն սահմանափակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու յուրաքանչյուրի բացարձակ սահմանադրական իրավունքը և այդ իրավունքի պաշտպանությանն ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստագրման աշխատանքներ իրականացնելու մանդատը, որպիսի պայմաններում անմիջականորեն խախտվում է յուրաքանչյուրի Սահմանադրության 52-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: Դիմողը նշում է, որ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստագրման աշխատանքներ իրականացնելու միջազգայնորեն երաշխավորված և սահմանադրական մանդատ ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իրավասու է իրականացնել փաստահավաք աշխատանքներ, այդ թվում լուսանկարահանել և տեսանկարահանել այն տարածքում, որը մտնում է սահմանային շերտի մեջ: Դիմողը նաև հավաքագրում է սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն արձանագրող տեսանյութերն ու լուսանկարները որպես օբյեկտիվ ապացույցներ միջազգային կառույցներին, ՀՀ մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ուղարկելու հստակ առաքելությամբ: Ուստի դիմողի համոզմամբ, սահմանված արգելքները չպետք է տարածվեն Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, հակառակ դեպքում նշանակում է, որ այդտեղ գտնվող, բնակվող կամ աշխատող մարդիկ զրկվում են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու սահմանադրական իրավունքից: Անդրադառնալով այն խնդրին, որ մի շարք լրագրողների չի թույլատրվել մուտք գործել սահմանային շերտ, մինչդեռ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին անհրաժեշտ թույլտվությունը տրվել է, դիմողը նշում է, որ ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի մասին միջազգային հարթակներում լուսաբանելու գործընթացում, պետք է, սակայն, հստակ արձանագրել, որ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է Հայաստանի Հանրապետությունում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնց այդ թույլտվությունը չի տրվում: Ընդ որում` լրագրողների համար որոշակի և կանխատեսելի չէ, թե ինչ չափանիշներ է անհրաժեշտ բավարարել Պաշտպանության նախարարության համաձայնությունը ստանալու համար, այսինքն ո՞ր դեպքում է, որ նախարարությունը սահմանապահ զորքերի կողմից սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալու համար տալիս է իր համաձայնությունը, և ո՞ր դեպքերում ոչ: Դիմողը գտնում է, որ կոնֆլիկտային և լարված իրավիճակներում ակնհայտ է, որ պետությունն ունի սեփական երկրի ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու իրավաչափ շահ, որի ապահովումը կարող է ենթադրել ողջամիտ սահմանափակումներ: Բայց դրանից, սահմանափակումները պետք է ունենան հստակ հիմքեր, գործադրման կոնկրետ մեխանիզմներ և չպետք է առաջացնեն խտրական իրավիճակներ: Դրանք չպետք է հանգեցնեն նաև սահմանադրական իրավունքներին, կոնկրետ դեպքում կարծիքի արտահայտման ազատությանն ու լրագրողական մասնագիտական աշխատանքին անհամաչափ միջամտության: Բարձրացված խնդիրը դիտարկելով անձնական ազատության իրավունքի պաշտպանության տեսանկյունից դիմողը գտնում է, որ անձնական ազատության իրավունքին միջամտություն է տեղի ունենում բոլոր այն դեպքերում, երբ սահմանային շերտի տարածքում ՌԴ սահմանապահ զորքերը կանգնեցնում են անձանց և պահանջում, օրինակ ջնջել սահմանային շերտում արված տեսալուսանկարահանումները այլապես թույլ չտալով առաջ շարժվել: Քննարկվող իրավիճակում միջամտությունն անձի անձնական ազատության իրավունքին ակնհայտ է, քանի որ արված տեսալուսանկարահանումները չջնջելու դեպքում, փաստորեն, անձը տեղաշարժվելու հնարավորություն փաստացի չի ունենում այդպիսով չկարողանալով ինքնակամ լքել իր գտնվելու վայրը: Մյուս կողմից, ըստ դիմողի ստեղծված իրավիճակը խնդրահարույց է հատկապես այն առումով, որ Օրենքի վիճարկվող կարգավորումների պատճառով անձնական ազատության իրավունքին միջամտությունը տեղի է ունենում նաև այլ պետության, օրինակ ՌԴ սահմանապահ զորքերի կողմից, որոնց գործողությունների նկատմամբ ՀՀ ներպետական մարմինները որևէ վերահսկողական լծակ չունեն: Ընդ որում խոսքը վերաբերում է փաստացի ՀՀ օրենքի կիրառությանն այլ պետության զինվորականների կողմից, որն էլ արտահայտվում է ՀՀ քաղաքացիների իրավունքներին կոպիտ միջամտությամբ: Դիմումով վիճարկվող կարգավորումը դիտարկելով համաչափության սահմանադրական սկզբունքի ապահովման տեսանկյունից դիմողը նշում է, որ բացահայտված չէ, թե ինչ իրավաչափ նպատակի է ծառայում սահմանային շերտ մուտք գործած անձանց ոգելից խմիչքներ օգտագործելու, սահմանապահ վերակարգերի անձնակազմի հետ շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների ու բնակիչների հետ զրուցելու և առանց համապատասխան թույլտվության սահմանակից պետության տարածքը տեսալուսանկարահանելու արգելքը: Անդրադառնալով վիճարկվող կարգավորման որոշակիությանը դիմողն արձանագրում է, որ ամրագրված կարգավորումները զուրկ են իրավական որոշակիությունից և հանգեցնում են օրենսդրական այդ նորմերի հատվածական կիրառման, մասնավորապես կանխատեսելի և որոշակի չեն, օրինակ սահմանային շերտի կոնկրետ ո՞ր հատվածում ոգելից խմիչք օգտագործելու համար անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, անձանց ո՞ր գործողությունները կարող են դիտարկվել Օրենքի իմաստով արգելք ենթադրող շփում կամ զրույց, ո՞ր մարմինն է տալու Օրենքի 22¹-րդ հոդվածի «զ» կետով նախատեսված թույլտվությունը: Ավելին առկա չեն չափանիշներ, որոնք հնարավորություն կտան իրավակիրառողին կողմնորոշվելու Օրենքով պահանջվող թույլտվությունը տալու կամ այն տալը մերժելու հարցում: Դիմողի համոզմամբ Օրենքի վիճարկվող կարգավորումների անհամապատասխանությունը սահմանադրական պահանջներին նաև դրանց մշակման ու ընդունման ընթացակարգային կոպիտ խախտումների արդյունք է: Դիմողը նշում է, որ մարդու իրավունքներին և ազատություններին միջամտություն ենթադրող սահմանափակումներն ամրագրող կարգավորումները նախագծային փուլում Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չեն ներկայացվել, իսկ Օրենքի նախագծի վերաբերյալ նախագծային փուլում վերջինիս կարծիքը հաշվի չի առնվել առհասարակ, որպիսի հանգամանքն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը, ինչպես նաև արգելափակում է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթի իրացումը, ինչը վկայում է այդ անկախ սահմանադրական ինստիտուտի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ազգային ժողովը (այսուհետ նաև պատասխանող) նշում է, որ պետական սահմանի, այդ թվում սահմանային շերտի պահպանությունը ՀՀ ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է: Պետական սահմանի պահպանության բովանդակությունը կազմող միջոցառումները միտված են երաշխավորելու պետական սահմանի անձեռնմխելիությունը, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը, պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին և ներքին սպառնալիքներից: Օրենքի 22¹-րդ հոդվածով նախատեսված սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումներն ինքնանպատակ չեն, դրանք ունեն իրավաչափ նպատակ պաշտպանել պետական անվտանգությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, ուստի սահմանային շերտում տեղակայված են պետական գաղտնիք համարվող օբյեկտներ, ընդ որում նման օբյեկտների բացակայությունը ևս համարվում է պետական գաղտնիք: Նման օբյեկտների վերաբերյալ տեղեկությունները հասանելի դարձնելն ուղղակիորեն կարող է վտանգել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ իսկ պատճառով սահմանային շերտում գործում են այնտեղ մուտք գործած անձանց համար որոշակի սահմանափակումներ: Ըստ պատասխանողի անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ պաշտպանել պետական անվտանգությունը, իսկ ընտրված միջոցն անհրաժեշտ և բավարար է նպատակին հասնելու համար: Ընդ որում Օրենքի վիճարկվող դրույթով սահմանված ոչ բոլոր սահմանափակումներն ունեն կատեգորիկ բնույթ: Մասնավորապես համապատասխան թույլտվության առկայության դեպքում անձինք կարող են օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Այս համատեքստում պատասխանողը նշում է, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար կարող են դիմել ոչ միայն միջազգային, այլ նաև տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները, ուստի խտրական մոտեցման մասին խոսք լինել չի կարող: Միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմում և համապատասխան թույլտվությունն ստանում են միևնույն ընթացակարգով, օրենքով որևէ արտոնյալ պայման միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված չէ: Ինչ վերաբերում է անձի Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքին, ապա պատասխանողը նշում է, որ թեև Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք ունի անարգել այցելել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ, ներառյալ զորամասեր, սակայն հենց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված է, որ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին վերջինս կամ նրա կողմից այդ նպատակով հատուկ լիազորված անձը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: Անդրադառնալով այն հարցին, թե ով է վերահսկողություն իրականացնում սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումների պահպանման նկատմամբ պատասխանողն արձանագրում է, որ Օրենքի 22¹-րդ հոդվածի 2-րդ մասով այդ հարցն արդեն իսկ կարգավորված է: Մասնավորապես` Օրենքի 22¹-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտող անձանց սահմանապահ վերակարգերը բերման են ենթարկում սահմանապահ ուղեկալ, կազմվում է սահմանային ռեժիմը խախտելու մասին ակտ, վերցվում են անցագրերը, առգրավվում են զենքը և արգելված այլ միջոցները, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին: Ամփոփելով իր դիրքորոշումը պատասխանողը եզրահանգում է, որ Օրենքի 22¹-րդ հոդվածով ամրագրված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը, պատասխանողի բացատրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով ներքոշարադրյալ պատճառաբանություններով. 4.1. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրաիրավական կարգավիճակի վերաբերյալ դրույթները սահմանադիրն ամրագրել է Սահմանադրության 10-րդ գլխում, որի 191-րդ հոդվածը բովանդակում է վերջինիս գործառույթների և լիազորությունների շրջանակը, իսկ 193-րդ հոդվածը գործունեության սահմանադրաիրավական երաշխիքները: Վերոթվարկյալ հոդվածները միաժամանակ սահմանում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները, ինչպես նաև գործունեության այլ երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով այդպիսով հնարավորություն ընձեռելով օրենսդրին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի բարձր սահմանադրաիրավական կարգավիճակը և դերակատարությունը, վերջինիս օժտել լիազորությունների այնպիսի համալիրով և նրա անխոչընդոտ գործունեությունն ապահովող այնպիսի երաշխիքներով, որոնք առավելագույնս կծառայեն հիշյալ ինստիտուտի սահմանադրական առաքելության արդյունավետ կենսագործմանը: Սահմանադրական դատարանն արժևորում է սահմանադրական արդարադատության եղանակով մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կառուցակարգային մեխանիզմների կատարելագործման խնդրում Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցությունը, որը կենսագործվում է նաև Սահմանադրական դատարան դիմելու վերջինիս վերապահված իրավասության միջոցով: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն իր 2022 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշմամբ նշել է. «(…) Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր առաքելությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելն է, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելը: Որպես իր վերոնշյալ առաքելության իրականացման կարևորագույն երաշխիք Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ, որի իրացման շրջանակներում կարող է բարձրացնել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանության հարցը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ վերոնշյալ կարգավորումն առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը հետևելու գործառույթի արդյունավետ իրացման, այլև Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանները հստակեցնելու առումով»: 2022 թվականի մարտի 29-ի ՍԴԱՈ-62 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) Մարդու իրավունքների պաշտպանին սահմանադիրը Սահմանադրական դատարան դիմելու բացարձակ հայեցողություն չի վերապահել, այլ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրել է վերջինիս Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը այդպիսով կանխորոշելով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող սահմանադրաիրավական վեճի առարկան և շրջանակը, որոնք հանգում են օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ հարցերին»: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում սահմանադրական համապատասխան լիազորությունն իրացնելիս Մարդու իրավունքների պաշտպանը կաշկանդված է սահմանադրի կողմից նախանշված սահմանադրական արդարադատություն հայցելու համապատասխան պահանջներով, որպիսիք պահպանելու հարցում հետևողական մոտեցում ցուցաբերելը բարձրացված սահմանադրաիրավական խնդրի Սահմանադրական դատարանում քննության առարկա դառնալու և այդպիսով սահմանադրական արդարադատության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման գրավականն է: Վիճարկվող հոդվածով ամրագրված կարգավորումների ուսումնասիրության և դրանց սույն դիմումով ներկայացված դիրքորոշումների հետ համադրման արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի հիմնական մտահոգությունները հանգում են վիճարկվող հոդվածում 30.07.2021թ. ՀՕ-320-Ն օրենքով կատարված լրացմամբ ամրագրված կարգավորումների սահմանադրականության խնդրին, որոնցով մասնավորապես նախատեսվում է Օրենքի 22¹-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետը «թույլտվության» բառից հետո լրացնել «օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները,» բառերով: Դիմողը համապատասխան դիրքորոշումներ է ներկայացնում նաև Օրենքի 22¹-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ», «ե» կետերով ամրագրված սահմանափակումների, ինչպես նաև նույն հոդվածի վերջին պարբերությամբ ամրագրված կարգավորման վերաբերյալ: Վիճարկվող կարգավորումների Սահմանադրության 52-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին ենթադրյալ հակասությունը դիմողը հիմնավորում է այն պատճառաբանությամբ, որ «(…) Օրենքի 221-րդ հոդվածով ամրագրված սահմանափակումների պատճառով ուղղակիորեն սահմանափակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալու յուրաքանչյուրի բացարձակ սահմանադրական իրավունքը և այդ իրավունքի պաշտպանությանն ուղղված Պաշտպանի գործառույթները, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստագրման աշխատանքներ իրականացնելու մանդատը, այդպիսով անմիջականորեն խախտվում է յուրաքանչյուրի Սահմանադրության 52-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը», մինչդեռ ի հիմնավորումն սույն փաստարկի հետազոտության առարկա դարձնելով դիմողի ներկայացրած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ նախ դիմողը չի ներկայացրել բավարար հիմնավորումներ առ այն, որ վիճարկվող կարգավորումներն անմիջականորեն հանգեցնում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 52-րդ հոդվածով երաշխավորված Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի խախտման կամ սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից վկայակոչված փաստարկներն առավելապես վերաբերելի են Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող լիազորությունների և վերջինիս գործունեության երաշխիքների վիճարկվող կարգավորումների համատեքստում ենթադրյալ հակասությանը, որպիսիք դուրս են Սահմանադրության 2-րդ գլխի կարգավորման տիրույթից և գլխավորապես ամրագրված են Սահմանադրության 10-րդ գլխով (191 և 193-րդ հոդվածներ), ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով, մինչդեռ սահմանադիրը դիմողին իրավասություն է վերապահել դիմել Սահմանադրական դատարան համապատասխան նորմատիվ իրավական ակտերի բացառապես Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված դրույթներին համապատասխանության հարցով: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 4.2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Դիմումի շրջանակներում դիմողը, թեև Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է վիճարկվող կարգավորումների Սահմանադրության 27, 40, 42, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարց, այնուամենայնիվ, դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները չեն բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված փաստարկված դիմում ներկայացնելու օրենսդրական պահանջը: 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «(…) Սահմանադրական դատարանի բացառիկ առաքելությունը սահմանադրական արդարադատության իրականացումն է Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ առաջացած բոլոր վեճերը լուծելու և վերջնարդյունքում Սահմանադրության գերակայությունն ու դրա միատեսակ կիրառությունն ապահովելու միջոցով: Թեև Սահմանադրական դատարանի որոշումները կանխորոշիչ նշանակություն ունեն պետության իրավական քաղաքականության մշակման և կերտման հարցում, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել այլ պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական լիազորությունները պատշաճ կարգով կատարելու երաշխավորի առաքելություն գնահատելով դրանց գործողությունների իրավաչափությունը, եթե, իհարկե, դրան հնարավոր չէ հասնել բացառապես սահմանադրաիրավական նորմերի մեկնաբանման եղանակով»: Նույն աշխատակարգային որոշման շրջանակներում անդրադառնալով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից դիմումին ներկայացվող պահանջներին Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու, հանգամանքը»: Սույն դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ դիմողի կողմից չի հիմնավորվել վիճարկվող կարգավորումների Սահմանադրության 27, 40 և 42-րդ հոդվածներին ենթադրյալ հակասությունը, քանզի դիմողի փաստարկներն առավելապես վերաբերելի են կոնկրետ դեպքերին և իրադարձություններին, որոնք ինքնին սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում և չեն կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա դառնալ, մասնավորապես խնդրո առարկա տարածքի բնակիչների կողմից անվտանգության հարցերի հետ կապված սահմանապահ զորքերի զինծառայողների հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը, լրագրողների մասնագիտական աշխատանքին ենթադրյալ խոչընդոտները, ՌԴ սահմանապահ զորքերի նկատմամբ ՀՀ ներպետական մարմինների որևէ վերահսկողական լծակ չունենալու հանգամանքը և այլն: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի կողմից բերված հիմնավորումները բավարար չեն բարձրացված հարցերը սահմանադրաիրավական վեճ դիտարկելու և գործի հետագա քննությունը շարունակելու համար: Ինչ վերաբերում է վիճարկվող հոդվածի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին ենթադրյալ հակասությանը, ապա Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող իրավակարգավորումների խնդրո առարկա հիմնական իրավունքներին ենթադրյալ անհամապատասխանության հիմնավորումների բացակայության պայմաններում հիմնազուրկ է նաև դրանց իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին համապատասխանության հարցի բարձրացումը: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի շրջանակներում վկայակոչված վերոնշյալ դիրքորոշումները չունեն սահմանադրաիրավական վեճի բովանդակություն, ուստի` դիմողի կողմից չեն առաջադրվել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցեր: Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
7 հունիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-103
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-103
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
