Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԾՈՎԱԶԱՐԴԻ «ՀԱՅՐԱՊԵՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԾՈՎԱԶԱՐԴԻ «ՀԱՅՐԱՊԵՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1417 սեպտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 սեպտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | «ԾՈՎԱԶԱՐԴԻ «ՀԱՅՐԱՊԵՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

17 սեպտեմբերի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «...Ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 6-րդ և 31-րդ հոդվածներին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 246-րդ հոդվածի երկրորդ մասը, 255-րդ հոդվածի յոթերորդ կետը և 249.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109- րդ հոդվածի 2-րդ կետը և դրա իրավակիրառ պրակտիկան ՀՀ Սահմանադրության 1-ին, 3- րդ, 91-րդ, 14.1-րդ, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։

1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներից, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, չպարունակելով դատավարական գործընթացում հիմքերի նույնությունն ստուգելու կոնկրետ կառուցակարգ, առաջացնում է դատարանների կողմից

«կամայականությունների» կիրառման հնարավորություն ոտնահարելով անձանց դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը։

Դիմողն իր դիմումում ներկայացրել է նաև այլ փաստարկներ։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննությունը մերժելու հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ.

դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 246-րդ հոդվածի 2-րդ մասը, 249-րդ հոդվածը, 249.1-րդ հոդվածը, 255-րդ հոդվածի 7-րդ կետը և 305-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չեն կիրառվել, դրանք դիմողի նկատմամբ կիրառվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2632/02/11 քաղաքացիական գործով 2012թ. մայիսի 21-ի կայացրած դատական ակտով, որն օրինական ուժի մեջ է մտել 2012թ. նոյեմբերի 21- ին, որից հետո դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում չի իրացրել սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքը։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Մասնավորապես, դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը որն ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից է հանդիսացել, և

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, և

որի նկատմամբ օրենքի վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով, և

որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետին, ապա դիմողը չի ներկայացրել վերջինիս ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ իրավական հիմնավորումներ։ Մասնավորապես, դիմողի փաստարկները վերաբերում են ընդհանուր իրավասության դատարանի կողմից օրենսգրքի վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափությանը, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանի կողմից իր գործով կայացված դատական ակտի իրավաչափությանը։ Հետևաբար, դիմողի փաստարկները սահմանադրական վեճ առաջացնելու առումով անհիմն են։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4- րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

Միաժամանակ, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Բացի դրանից, դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վերոհիշյալ նորմի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

17 սեպտեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 սեպտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել