«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ք
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-114)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 հոկտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 114 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ, 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1․ Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ՝ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մայիսի 23-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված իր դիմումում խնդրել է.
«ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը ու 121-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատարանը կաշկանդված չէ կալանքը տեխնիկապես լրանալու փաստով, և եթե լրացել է դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, սակայն մինչև դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու հարցի քննությունը, ապա, կալանքից ազատվելով հանդերձ, մեղադրյալը ձեռք չի բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, հետևաբար նրա նկատմամբ չի գործում առանց նոր հանգամանքների նույն մեղադրանքով կրկին չկալանավորվելու դատավարական վերոհիշյալ երաշխիքը:
2. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ի մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք կարող է կիրառել՝ անկախ այն հանգամանքից, թե մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված եղել է, թե՝ ոչ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից:
Օրենսգրքի՝ «Կալանքից ազատված անձին կրկին կալանավորելը» վերտառությամբ 121-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին»:
Օրենսգրքի` «Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի քննարկումը» վերտառությամբ 316-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է.
«1. Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2022 թվականի հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, 482-րդ հոդվածի 1-ին մասով և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախաձեռնված թիվ 58236222 քրեական վարույթի շրջանակում 2022 թվականի հոկտեմբերի 17-ին Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել երկու միջնորդություն՝ Դիմողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումներով Գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են:
Գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ին որոշում է կայացվել Դիմողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին: Նույն օրը Դիմողին ներկայացվել է մեղադրանք, և Դիմողը ձերբակալվել է:
Քննիչի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է (այսուհետ՝ նաև Դատարան) ներկայացվել միջնորդություն՝ Դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին, որը Դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ մասամբ բավարարվել է, և Դիմողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամկետով:
Դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Դիմողի կալանքի ժամկետը 1 ամսով՝ մինչև 2023 թվականի հունվարի 18-ը, երկարաձգվել է:
2023 թվականի հունվարի 3-ին գործով մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քրեական վարույթն ստացել է թիվ ՀԿԴ/0002/01/23 համարը:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հ. Դոլմազյանի՝ 2023 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառվել է կալանք՝ որպես խափանման միջոց՝ 3 ամիս ժամկետով:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հ. Դոլմազյանի նշյալ որոշման դեմ Դիմողի պաշտպանի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մերժվել է:
Վերաքննիչ քրեական դատարանի նշյալ որոշման դեմ Դիմողի պաշտպանի կողմից 2023 թվականի ապրիլի 20-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մերժվել է:
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը պնդում է, որ Հակակոռուպցիոն դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, «այն է՝ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված՝ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության սկզբունքը, քանի որ վերջինիս նկատմամբ կալանքը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքի խախտմամբ ու անտեսմամբ»:
Դիմողն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ լրացել է մեղադրյալի կալանքի ժամկետը, և առկա չէ դատարանի որոշում՝ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, ապա օրենքի ուժով մեղադրյալը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, որպիսի փաստն էլ հենց հանդիսանում է խոչընդոտ, որ կալանքի ժամկետի երկարաձգման հարցը լուծում ստանա:
Դիմողը փաստում է, որ կալանքի ժամկետը լրանալու փաստն անվերապահորեն արձանագրում է մեղադրյալին կալանքից ազատելու անվերապահ հիմքը կամ իրավիճակը, այսինքն՝ անձը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, հետևաբար՝ նրա կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտության իրավիճակ այլևս չկա, քանի որ կալանքի ժամկետը լրացել է (չի կարող երկարաձգվել մի ժամկետ, որն արդեն լրացել է, հետևապես՝ գոյություն չունի): Ըստ Դիմողի՝ այդ պարագայում անձն Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի ուժով նույն մեղադրանքով, առանց նոր էական հանգամանքների չի կարող կրկին կալանավորվել:
Դիմողը նշում է, որ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով դատարաններն Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին տվել են այնպիսի մեկնաբանություն, որ «եթե նույնիսկ լրացել է մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը, ապա, միևնույն է, նախնական դատալսումների ընթացքում դատարանն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կիրառել խափանման միջոց, այդ թվում՝ կալանք»:
Դիմողը փաստում է, որ Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով դատարանների կողմից տրված նման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ անձնական ազատության իրավունքին այնքանով, որքանով նման մեկնաբանությունը թույլ է տալիս նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալի նկատմամբ կիրառել խափանման միջոց, այդ թվում՝ կալանք՝ օրենքով նման լիազորության բացակայության պայմաններում:
Անդրադառնալով Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին՝ Դիմողը պնդում է, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը լիազորված չէ մեղադրյալի նկատմամբ կիրառել կալանք, եթե մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառված եղել է, որի ժամկետը, սակայն, լրացել է, և անձը ձեռք է բերել կալանքից ազատվածի կարգավիճակ:
Դիմողը նշում է, որ վերոնշյալ նորմը դատարանների կողմից կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք կարող է կիրառել՝ անկախ այն հանգամանքից, թե մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված եղել է, թե՝ ոչ:
Ամփոփելով` Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը դատարանների կողմից թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով «... կիրառվել է ավելի լայն մեկնաբանությամբ, քան, ինքնին, տվյալ դատավարական նորմի կարգավորումն է՝ այն մասին, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք կարող է կիրառել այն դեպքում, երբ մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել»:
4. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ` նաև Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 3-րդ, 27-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա կամ ՄԻԵԿ) 6-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի դատական ակտերը, գտնում է, որ կալանքը մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոց է, որի նպատակն է քրեական գործով վարույթի ընթացքում անձի ոչ պատշաճ վարքագծի կանխումը։ Ի տարբերություն ձերբակալման՝ կալանավորումը, լինելով խափանման միջոցներից մեկը, ունի այլընտրանք և խափանման բոլոր միջոցների շարքից ընտրվում է այն ժամանակ, երբ խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելուն առավելապես կարող է նպաստել խափանման միջոցի հենց այդ տեսակը։
Պատասխանողն ընդգծում է` քանի որ կալանքը կապված է անձին փաստացի անազատության մեջ պահելու, այն է՝ անձին հասարակությունից ֆիզիկապես մեկուսացնելու փաստի հետ, սույն պայմաններում էլ ավելի պետք է կարևորել հիմնարար իրավունքների, հատկապես` անձնական ազատության իրավունքի սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունը։
Պատասխանողը հավելում է, որ անձնական ազատության իրավունքի պաշտպանության արդյունավետության նպատակով անձի կալանքի ժամկետը լրանալուն պես անձն ազատ է արձակվում՝ հնարավորություն ստանալով ամբողջությամբ օգտվելու ոչ միայն անձնական ազատության իրավունքից, այլև անմեղության կանխավարկածից, որն իր հերթին ապահովում է Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների էության անխախտելիությունը։
Ըստ Պատասխանողի՝ Օրենսգրքի վիճարկվող դրույթներն ինչպես համակարգային ամբողջության մեջ, այնպես էլ յուրովի, իրենց կարգավորիչ դերով անձի հիմնարար իրավունքների և հատկապես Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանված անձի անձնական ազատության իրավունքի պատշաճ իրացման երաշխիքներ են:
Պատասխանողը գտնում է նաև, որ սույն դիմումում հիմնավորված չէ, թե ենթադրյալ վիճելի դրույթներով, որոնք անձի հիմնարար իրավունքների և հատկապես Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանված՝ անձնական ազատության իրավունքի պատշաճ իրացման երաշխիքներ են, ինչպե՞ս են խախտվել Դիմողի հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Հետևաբար, ըստ Պատասխանողի` Դիմողը, իր դիմումի շրջանակում ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացրել է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ուսումնասիրելով դիմումը, դրան կից ներկայացված նյութերը, Պատասխանողի բացատրությունը, ինչպես նաև սույն գործում առկա փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասով, ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոնշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում՝ 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(....) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել նորմատիվ ակտի, որոշակի դեպքերում անհատական իրավական ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:
Քննարկվող համատեքստում ուսումնասիրելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերը, Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Դիմողի ներկայացրած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով Օրենսգրքի համապատասխան դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց, որպիսին չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ:
Վիճարկվող դրույթների համակողմանի վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանը փաստում է, որ դրանք վերաբերում են նախնական դատալսումներում խափանման միջոցի հարցի քննության ընդհանուր կարգին և արդեն կալանքից ազատված մեղադրյալին կրկին կալանավորելու օրենսդրական նախապայմաններին:
Այս համատեքստում հատկանշական է օրենսդրի մոտեցումն առ այն, որ ի տարբերություն առաջին անգամ կալանավորվող անձանց՝ կալանքից ազատված անձանց կրկին կալանավորելու համար օրենսդրությամբ ներկայացված են ավելի խիստ պահանջներ, այն է՝ կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին (Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մաս):
Միևնույն ժամանակ օրենսդիրն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է կալանքից ազատելու դեպքերը:
Թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանը, քննելով մեղադրյալի Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին հարցը, 2023 թվականի հունվարի 18-ին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու հիմքը չի վերացել: Ավելին, Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես վարույթն իրականացնող մարմին, գնահատելով մինչ սույն որոշումը կայացնելը նախնական դատալսումների ընթացքը, հետևության է հանգել, որ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանն ազատության մեջ գտնվելու պայմաններում սույն գործով պայմանավորված կարող է կատարել նոր հանցանք: Ըստ այդմ, Հակակոռուպցիոն դատարանը, ըստ էության, կայացրել է Դիմողի համար անբարենպաստ ելքով դատական ակտ:
Հետագայում վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանն իրականացնում է մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննարկում (սեփական նախաձեռնությամբ, թե համապատասխան միջնորդության հիման վրա), ապա անկախ նրանից, որ նրան անազատության մեջ պահելու ժամկետը լրանում է հընթացս, միևնույն է՝ դատարանն իրավասու է քննարկելու և լուծելու համապատասխան միջնորդությունը կամ հարցը, այդ թվում՝ կիրառելու խափանման միջոց, եթե առկա կլինեն դրա իրավաչափության պայմանները: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ արձանագրել է, որ բողոք բերած անձի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Հետևապես` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի մասով Դիմողը, ըստ էության, վիճարկում է Հակակոռուպցիոն դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի օրինականությունը, որպիսի հարցը չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ: Վերը շարադրվածից Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ այս պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասին և 316-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դատարանների կողմից տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության որոշման մասով, ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստան Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի մասով, կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 հոկտեմբերի 2023 թվականի
ՍԴԱՈ-114
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-114
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
