Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1124 մայիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 մայիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

24 մայիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբª Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վարտգեզ Գասպարին 2017թ. մայիսի 4-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 4, 5, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 75, 78, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով այն սահմանում է ամբաստանյալի անկախ իր կամքից դատական քննությանը ներկայանալու պարտականություն.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու (…)» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 4, 5, 27-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր նույն դրույթին իր մեղադրանքի գործով մասնակցելու իրավունքից հրաժարված և այդ մասին հայտարարած լինելու պայմաններում, որպես ամբաստանյալի դատական նիստերին մասնակցությունն ապահովելու համար վերջինիս նկատմամբ խափանման միջոց կիրառելու հնարավորություն ընձեռող դրույթ իրավակիրառ պրակտիկայում տված մեկնաբանության մասով»:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.

1. Դիմողը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ, նշում է, որ դատարանի իրեն կալանավորելու նպատակով կայացրած որոշմամբ կիրառված դրույթները հակասում են Սահմանադրությամբ երաշխավորված` անձնական անձեռնմխելիության, անձնական ազատության և այլ իրավունքներին, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամբաստանյալին տրվում է լայն իրավունքների համակցություն, այդ թվում` ամբաստանյալի` ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը:

Դիմողը գտնում է, որ ամբաստանյալին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերապահված իրավունքների համատեքստում չկա որևէ իրավաչափ նպատակ պարտադրել իրեն մասնակցելու իր գործով քննությանը, ինչի արդյունքում խախտվում է իր անձնական անձեռնմխելիության իրավունքը:

Դիմողի կարծիքով, եթե արդարադատության շահերի տեսանկյունից հնարավոր է ամբաստանյալին զրկել իր իրավունքների իրացման հնարավորությունից, ապա չկա իրավաչափ նպատակ ստիպել նրան իր ցանկության բացակայության պայմաններում մասնակցել այդ նույն դատաքննությանը և օգտվել իր իրավունքներից: Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի` «Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է…» դրույթը հնարավոր է մեկնաբանել բացառապես որպես ամբաստանյալի կամավոր ներկայությունը դատաքննությանն ապահովելու` դատարանի դրական պարտավորությունը սահմանող դրույթ, այլ ոչ` ամբաստանյալի կամքին հակառակ նրա պարտադիր մասնակցությունը սահմանող դրույթ:

2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ամբաստանյալին ընձեռում է մի շարք իրավունքներ, որոնց իրացման համար անհրաժեշտ է նրա մասնակցությունը գործի դատական քննությանը, և եթե անձը չի ցանկանում օգտվել իր իրավունքներից, չի ցանկանում դրանք իրացնել, հետևաբար, կարող է նաև չմասնակցել գործի դատական քննությանը: ՀՀ քրեական դատավարության 65-րդ հոդվածը, ամրագրելով մեղադրյալին վերապահվող իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլնի, նախատեսում է նաև, որ մեղադրյալը պարտավոր է ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատավորի օրինական կարգադրություններին, մինչև ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը, դատարանի նիստում պահպանել կարգուկանոն: Նույն օրենսգրքի 302-րդ հոդվածն ամրագրում է դատական քննությանն ամբաստանյալի պարտադիր մասնակցությունը, որը չպահպանելը հանգեցնում է դատական քննության հետաձգմանը: Բացի դրանից, օրենսգրքի 395-րդ հոդվածը, սահմանելով բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը, ի թիվս այլնի, ամրագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է` առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում: Իսկ օրենսգրքի 398-րդ հոդվածը քրեադատավարական օրենքի էական խախտում է դիտում, ի թիվս այլնի, նաև դեպքը, երբ գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ, բացառությամբ նույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված դեպքի: Այսինքն, օրենսդիրը, ամբաստանյալի համար սահմանելով որոշակի պարտականություններ, դրանց կատարման հետ պայմանավորել է մի շարք իրավական հետևանքներ:

Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը վիճարկում է ոչ թե օրենսդրորեն սահմանված պարտականության անհամաչափությունը Սահմանադրությամբ ամրագրված այս կամ այն իրավունքին, այլ փորձում է իր կողմից դրսևորված վարքագծով պայմանավորել համապատասխան պարտականության չիրականացման հնարավորությունը և իրավաչափությունը, ինչը սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Եվ քանի որ դիմողը վիճարկվող դրույթները դիտարկել է համակարգային ամբողջության մեջ պայմանավորելով մեկը մյուսով, այն է դատական նիստերին իր չմասնակցելու մասին նախապես հայտարարելը պետք է բավարար լինի նրա մասնակցության պարտադիրությունը բացառելու համար, հետևաբար նման իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ իր նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար, ՍԴ դատական կազմը գտնում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7- րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված` խնդրո առարկա դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում: Միաժամանակ, դիմողը պատշաճ ձևով չի հիմնավորել, թե վիճարկվող դրույթների «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

3. Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև դիմողի կողմից դատական պաշտպանության միջոցների սպառումը, այսինքն` անձի կողմից օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունների օգտագործումը: Այս պահանջի բովանդակության տարբեր տեսակետներ են վերհանվել Սահմանադրական դատարանի գործունեության ընթացքում: Այսպես, 2012 թվականի ապրիլի 12-ի ՍԴԴԿՈ/1-9 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը տվյալ գործով ներկայացված պահանջի վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ տվյալ գործի փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2011 թվականի` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշմամբ վերացվել է ԵԿԴ/2315/02/11 քաղաքացիական գործով 30.09.2011 թվականի նույն դատարանի որոշմամբ ձեռնարկված և 14.10.2011 թվականի որոշմամբ ձևափոխված հայցի ապահովումը: Այսինքն` քաղաքացու իրավունքների խախտման փաստը, որպես այդպիսին, վերացվել է, ինչպիսին սույն գործի պարագայում է (խոսքը վերաբերում է սույն գործով դիմողի այն փաստարկին, որն առնչվում է նրան կալանավորելուն, այլ ոչ թե բերման ենթարկելու հետևանքով նրա ազատության անձեռնմխելիության իրավունքի ենթադրյալ խախտմանը): Իսկ այս դեպքում բացակայում է այն նպատակը, որին միտված է սահմանադրական կոնկրետ վերահսկողությունը, այն է` վերականգնել քաղաքացու` հակասահմանադրական նորմի կիրառման արդյունքում խախտված իրավունքները: Այսինքն, կոնկրետ վերահսկողության պարագայում ենթադրվում է, որ հակասահմանադրական նորմի կիրառման արդյունքում քաղաքացու իրավունքների խախտման փաստը միշտ պետք է առկա լինի, խախտված իրավունքը չպետք է վերականգնված լինի իրավունքների դատական պաշտպանության գործընթացներում, ինչը ենթադրում է, որ իրավունքների խախտումը պետք է կրի շարունակական բնույթ, և այդ իրավունքների վերականգնումը հնարավոր չլինի դատական պաշտպանության այլ գործընթացների համատեքստում: Այս համատեքստում է, որ իրավունքների խախտման հանգամանքի առկայությունը դիտարկվում է դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման համատեքստում համակարգային փոխկապակցվածության մեջ:

Համաձայն 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` սահմանադրական դատարան կարող են դիմել` ... «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այն է` դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը,

որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

24 մայիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 մայիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել