Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԶԱՆՆԱ ԵՂԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԶԱՆՆԱ ԵՂԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8525 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-85)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 85 | ՌՈՒԶԱՆՆԱ ԵՂԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 սեպտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Ռուզաննա Եղիկյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռուզաննա Եղիկյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հովհաննես Բայանդուրյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 7-ին (նույն օրը դիմումն ուղարկվել է համապատասխանեցման և վերստին ներկայացվել է սեպտեմբերի 15-ին), որով Դիմողը խնդրել է.

«1. Որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը այնքանով, որքանով դրանք իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում են այնպես, որ նախկին աշխատողի աշխատանքի վերականգնման վերաբերյալ դատական ակտը չի համարվում ներկայիս նույն հաստիքը զբաղեցնող աշխատողի իրավունքներին և պարտականություններին առնչվող ակտ, և վերջինս չի ճանաչվում որպես տվյալ դատավարությանը ներգրավվելու և այդ ակտը բողոքարկելու իրավունք ունեցող անձ:

2. Ճանաչել նշված դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ վերոշարադրյալ մեկնաբանությամբ կիրառվելու մասով, իսկ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ դրանք կարող են պահպանվել սահմանադրական իմաստով, ապա արձանագրել դրանց պարտադիր սահմանադրաիրավական այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ ներկայում տվյալ հաստիքը զբաղեցնող աշխատողը համարվում է իր իրավունքներով անմիջականորեն շոշափվող անձ, ենթակա է պարտադիր ծանուցման և ունի համապատասխան դատավարությանը մասնակցելու ու դատական ակտը բողոքարկելու արդյունավետ իրավունք:

3. Արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի իմաստով դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նոր հանգամանքի հիմքով»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԿԴ/14897/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, բարձրացնում է հետևյալ հարցը. «(...) արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ, այնքանով, որքանով դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ նախկին աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դատական ակտը կարող է դառնալ գործող աշխատողի աշխատանքային պայմանագրի լուծման անմիջական իրավական հիմք, սակայն այդ նույն գործող աշխատողը չի համարվում այն անձը, որի իրավունքների և պարտականությունների վրա տվյալ դատական ակտը ազդում է, չի ծանուցվում, չի ներգրավվում դատավարությանը և զրկվում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքից, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 57-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին»:

Դիմողը, մասնավորապես, նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի այնպիսի մեկնաբանությունը, որի պայմաններում համապատասխան հաստիքը զբաղեցնող աշխատողը չի դիտարկվում որպես այնպիսի անձ, որի իրավունքների վրա կայացվող վճիռը կարող է անխուսափելիորեն ազդել, հակասում է լսված լինելու իրավունքի էությանը, քանի որ դատարանը գործնականում թույլ է տալիս վճռով իրավական հետևանքներ առաջացնել գործին չմասնակցած անձի համար:

Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, քանի որ անձի գործի արդարացի քննությունը ներառում է ոչ միայն դատարան դիմելու ձևական հնարավորություն, այլև իր իրավունքների վրա ազդող դատավարությանը մասնակցելու, տեղեկացվելու և լսված լինելու իրական հնարավորություն: Ըստ Դիմողի՝ այն դեպքում, երբ դատական ակտը փաստացի ստեղծում է անձի աշխատանքի դադարեցման իրավական հիմք կամ դրա համար որոշիչ նախադրյալ, ապա այդ անձին դատավարությանը չներգրավելը հանգեցնում է նրան, որ վերջինիս իրավունքների վերաբերյալ հարցը փաստացի լուծվում է առանց նրան լսելու: Դիմողի պնդմամբ՝ այդպիսի սահմանափակումը վնասում է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությանը: Միաժամանակ Դիմողը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը չի համապատասխանում արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին, քանի որ խնդրո առարկա գործով իր համար ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքը զրկվել է իր աշխատանքային իրավունքի վրա որոշիչ ազդեցություն ունեցող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համակցված այնպիսի կիրառությունը, որի պայմաններում անձը զրկվում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքից այն դեպքում, երբ դատական ակտը վերջինիս համար ստեղծում է աշխատանքի դադարեցման անմիջական կամ առնվազն որոշիչ իրավական հետևանք, անհամատեղելի է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների հետ: Դիմողը նշում է, որ օրենսդիրն այդ դրույթներով նախատեսել է հենց այնպիսի արտակարգ իրավիճակի համար իրավական միջոց, երբ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Դիմողի պնդմամբ՝ այն պարագայում, երբ հիշյալ նորմերը մեկնաբանվում են այնքան նեղ, որ դրանց պաշտպանական գործառույթը փաստացի դադարում է գործել այն դեպքերում, երբ անձը կորցնում է իր աշխատանքը՝ մեկ այլ անձի՝ նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ վճռի հետևանքով, նման մեկնաբանությունը չի համապատասխանում ո՛չ նորմերի նպատակին, ո՛չ դրանց սահմանադրաիրավական բովանդակությանը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խախտում է նաև Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը, քանի որ իրավունքի հասցեատերը պետք է կարողանա կանխատեսել իր վարքագծի և իրեն առնչվող դատավարությունների իրավական հետևանքները: Մինչդեռ սույն գործով ստեղծվել է մի իրավիճակ, երբ, մի կողմից՝ գործող աշխատողը համարվում է այն անձը, որի նկատմամբ նախկին աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դատական ակտն առաջացնում է աշխատանքի դադարեցման հետևանք, մյուս կողմից՝ նույն այդ անձը համարվում է դատավարական առումով «չշոշափվող» սուբյեկտ:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված համապատասխան մեկնաբանությունը հանգեցնում է նրան, որ անձի աշխատանքային իրավունքի սահմանափակման նախադրյալները ձևավորվում են առանց տվյալ անձի մասնակցության, իսկ վերջինիս համար նախատեսված դատավարական պաշտպանության միջոցները գործնականում չեն գործարկվում: Նման իրավիճակում, ըստ Դիմողի, Սահմանադրության 75-րդ հոդվածով պահանջվող արդյունավետ կառուցակարգը դառնում է ձևական, քանի որ իրավունքների պաշտպանության համար օրենքով նախատեսված ընթացակարգերը չեն ծառայում հենց այն անձի պաշտպանությանը, որի իրավունքները փաստացի շոշափվում են:

Դիմողը նաև նշում է, որ այն պարագայում, երբ օրենքի դրույթը կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը թույլ է տալիս աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դատական ակտն օգտագործել մեկ այլ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու համար՝ առանց վերջինիս նախապես լսելու և նրա դատավարական կարգավիճակը ճանաչելու, նշվածը հակասում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը սահմանադրականության առումով խնդրահարույց է նաև այն պատճառով, որ այն խախտում է աշխատանքային հարաբերությունների մասնակիցների իրավունքների արդար հավասարակշռությունը: Այն փաստացի բացառում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված՝ աշխատանքում չվերականգնելու և փոխհատուցմամբ խախտված իրավունքի վերականգնման կառուցակարգի արդյունավետ կիրառությունն այն դեպքում, երբ նախկին աշխատողի վերականգնումը հանգեցնում է տվյալ պահին նույն հաստիքը զբաղեցնող այլ աշխատողի աշխատանքային իրավունքների սահմանափակման կամ դադարեցման:

Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սույն պարագայում չպետք է կիրառվի որպես ինքնաբավ և ինքնաշխատ հիմնավորում, քանի որ տվյալ նորմը կարգավորում է գործատուի և գործող աշխատողի միջև հետագա նյութաիրավական հարաբերության հնարավոր դադարեցումը, և չի կարող մեկնաբանվել այնպես, որ նախապես չեզոքացնի նույն աշխատողի՝ իր իրավունքների վրա ակնհայտորեն ազդող դատավարությանը մասնակցելու, լսված լինելու և դատական ակտը բողոքարկելու իրավունքը: Դիմողի պնդմամբ՝ այն պարագայում, երբ նախկին աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դատական ակտը գործնականում ստեղծում է մյուս աշխատողի աշխատանքի կորստի որոշիչ նախադրյալ, խնդրո առարկա նորմը չի կարող ծառայել որպես հիմք՝ վերջինիս դատավարական կարգավիճակը չճանաչելու համար:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմ(եր)ի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Դիմողը նշել է. «(...) դատարանների կայացրած դատական ակտը ոչ միայն վերաբերել է Ռուզաննա Եղիկյանի իրավունքներին, այլև բովանդակային առումով ուղղակիորեն հանգեցրել է նրա աշխատանքային իրավունքների դադարեցմանը, քանի որ հետագայում հենց այդ ակտն է դրվել նրա աշխատանքից ազատման մասին անհատական իրավական ակտի հիմքում: Հետևաբար, Ռուզաննա Եղիկյանի իրավունքների վրա դատական ակտի ազդեցությունը եղել է ոչ թե ենթադրյալ կամ վերացական, այլ կոնկրետ, փաստացի և իրավական:

Այս պայմաններում Ռուզաննա Եղիկյանը պետք է դիտարկվեր որպես անձ, որի իրավունքների և պարտականությունների վրա դատական ակտը կարող էր անխուսափելիորեն ազդել, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի ուժով ենթակա էր ներգրավման որպես երրորդ անձ: (...)»:

Բացի դրանից, Դիմողը նշել է. «(...) վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, թե տվյալ վճիռը չի ազդում Ռուզաննա Եղիկյանի իրավունքների և պարտականությունների վրա, հակասում է ոչ միայն գործի փաստական հանգամանքներին, այլև վիճարկվող դատավարական նորմերի բովանդակությանը:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանության առանցքում դրված է այն թեզը, որ անկախ Ռուզաննա Եղիկյանի՝ գործի քննությանը մասնակից լինելու հանգամանքից, գործատուն միևնույնն է պարտավոր էր կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և օրենքի ուժով ազատել նրան աշխատանքից: Սակայն հենց այս ձևակերպումն ինքնին ապացուցում է, որ դատարանը ճանաչել է տվյալ դատական ակտի՝ Ռուզաննա Եղիկյանի համար որոշիչ իրավական հետևանք ունենալու հանգամանքը: Հետևաբար՝ նույն դատարանը չէր կարող միաժամանակ եզրակացնել, թե այդ ակտը չի վերաբերում նրա իրավունքներին և պարտականություններին»:

Միաժամանակ Դիմողը դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) այն իրավիճակում, երբ նախկին աշխատողի վերականգնումը փաստացի պահանջում է ներկայիս աշխատողի աշխատանքային իրավունքի դադարեցում, դատարանը պարտավոր էր ոչ թե 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը դիտարկել որպես միակ և կանխորոշված լուծում, այլ քննարկել նաև՝ արդյոք նախկին աշխատողի խախտված իրավունքը կարող էր վերականգնվել ԱՕ 265-րդ հոդվածով նախատեսված փոխհատուցման մեխանիզմի միջոցով՝ առանց մյուս աշխատողի իրավունքները շրջանցելու»:

Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ/14897/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռուզաննա Եղիկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Վ. Վարդանյան

25 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-85

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-85
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել