««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-135)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 135 | ««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 242-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Արդշինբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.
«ՀՀ Սահմանադրության 60, 61, 63, 79 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու և ամբողջական գրավադրված գույքից բաժանվելու արդյունքում վերջինիս որպես սեփականություն հատկացված բնակարանը չի կարող հանդիսանալ կոոպերատիվին պատկանող անշարժ գույքի վերաբերյալ կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա և այդ պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ գրավադրված անշարժ գույքից առանձնացված մեկ այլ՝ ինքնուրույն գույքային միավորի նկատմամբ ևս գրավառուի գրավի իրավունքի առկայությունը հաստատված համարելու և այդ իրավունքը գրանցելու համար»։
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/12475/05/18 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթները բավարար չափով որոշակի չեն, հնարավորություն չեն տալիս իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթներով ամրագրված պահանջներին, քանի որ հստակ չէ կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գրավադրված գույքի բաժանման արդյունքում վերջինիս որպես սեփականություն անցած բնակարանի նկատմամբ գրավի իրավունքը պահպանում է իր ուժը, թե՝ ոչ։
Դիմողն ընդգծում է, որ եթե գրավի իրավունքը չի պահպանում իր ուժը, այլ կերպ՝ գրավը դադարում է, ապա օրենքի ո՞ր նորմի հիմքով է այն դադարում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի, թե՞ 242-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, թե՞ այդ բոլոր դրույթներին դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության հիմքով։
Դիմողի պնդմամբ՝ «(...) Վերաքննիչ դատարանն իր 06.06.2022թ. որոշմամբ իրավակիրառ պրակտիկայում սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին հաղորդել է հետևյալ հակասահմանադրական բովանդակությունը՝
1. կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գրավադրված գույքի բաժանման արդյունքում վերջինիս որպես սեփականություն անցած բնակարանի նկատմամբ գրավի իրավունքը չի կարող պահպանել իր ուժը, այլ կերպ՝ նախատեսվել է գրավի իրավունքի դադարման օրենսգրքում գոյություն չունեցող նոր հիմք՝ այն է՝ փայավճարի լրիվ մուծումը,
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերումը բացառում է նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի կիրառելիությունը,
3. կոոպերատիվի անդամի կողմից իր փայավճարը լրիվ մուծելու արդյունքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը չի համարվում հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով ձեռք բերված գույք,
կոոպերատիվի անդամի կողմից փայավճարը լրիվ մուծելու հետևանքով վերջինիս տրամադրված բնակարանը բաժանվում է ամբողջական գույքից և օբյեկտիվ իրականության մեջ շարունակում է գոյություն ունենալ որպես կոոպերատիվի անդամին սեփականության իրավունքով պատկանող առանձին գույքային միավոր՝ առանց գրավի իրավունքի ծանրաբեռնվածության»:
Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/12475/05/18 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 13-ին կայացրած որոշմամբ հետևյալ իրավական բովանդակությունն է հաղորդել վիճարկվող դրույթներին. «(...) ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 36 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը հայցվորը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, (...) հետևաբար երրորդ անձի նախկին գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի (...) նկատմամբ պահպանվել չէր կարող, և հայցվորը չէր կարող զբաղեցնել գրավատու Կոոպերատիվի տեղն ու չէր կարող կրել վերջինիս բոլոր պարտականությունները»:
Դիմողը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին տրված մեկնաբանությունը գրավառու բանկերի համար ստեղծում է անորոշ իրավիճակ և կարող է առաջացնել խիստ բացասական հետևանքներ, մասնավորապես՝ բանկերն այլևս գրավադրված գույքն առանձին գույքային միավորների բաժանելու և այլ անձանց անուններով գրանցելու համաձայնություն չեն տա, որը կարող է հանգեցնել տնտեսական լուրջ խնդիրների: Դիմողի պնդմամբ՝ իրավակիրառ պրակտիկայում տրված նման մեկնաբանությունն անհիմն կերպով սահմանափակում է գրավառուի իրավունքները՝ զրկելով վերջինիս իր իրավաչափ և օրինական սպասելիքներից:
Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, չեն բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները, ուստի՝ հակասում են Սահմանադրությանը։
Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/12475/05/18 վարչական գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված բովանդակության համաձայն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ գրավի առարկան մեկ անձից մյուսին ի սեփականություն անցնելիս, առանց որևէ իրավական հիմքի, գրավի իրավունքը կարող է դադարել, որն էլ հանգեցնում է անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված՝ սեփականության իրավունքի խախտման։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ՝ 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասին, 172-րդ հոդվածի 6-րդ մասին և 242-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 60, 61, 63 և 79-րդ հոդվածներին:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին հակասելու վերաբերյալ պնդում, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման փաստը, հետևաբար նաև՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Գրավի իրավունքի պահպանվելը գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ուրիշ անձի անցնելիս» վերտառությամբ 242-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է երեք հիմք, երբ գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Դրանք են՝
1) գրավ դրված գույքը հատուցմամբ օտարելը, 2) գրավ դրված գույքն անհատույց օտարելը, կամ 3) համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելը:
Այսպիսով, օրենսդրի կամքն այս առումով հստակ է, և միայն վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում է գրավ դրված գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում իր ուժը:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները» վերտառությամբ 170-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար: Այնուամենայնիվ, համաձայն տվյալ դրույթի՝ նշված իրավակարգավորումից բացառություն են կազմում օրենքով սահմանված դեպքերը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածով հստակ սահմանված են սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը: Դրանցից է նաև նշված հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմքը, համաձայն որի՝ սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:
Ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի հենց 2-րդ մասով է ամրագրված՝ գույքի օտարման գործարքի հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերումը:
Մինչդեռ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նույն՝ 172-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված է սեփականության իրավունքի ձեռքբերման առանձին հիմք, այն է՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
Գործի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս արձանագրել, որ սույն պարագայում հենց վերոնշյալ՝ սեփականության իրավունքի ձեռքբերման առանձին հիմքով էլ տեղի է ունեցել սեփականության իրավունքի ձեռքբերումը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին:
Սույն անհատական դիմումով չի հիմնավորվում նաև վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին։ Մասնավորապես՝ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար նաև՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր համապատասխան իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 79-րդ հոդվածի հնարավոր խախտման համատեքստում:
Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««Արդշինբանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի, 172-րդ հոդվածի 6-րդ մասի և 242-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
10 նոյեմբերի 2023 թվականի
ՍԴԱՈ-135
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-135
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
