ԼԵՆԱ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 մայիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 31 | ԼԵՆԱ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 մայիսի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Լենա Եսայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Լենա Եսայանը (ներկայացուցիչ Գ. Չաքմիշյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի մայիսի 3-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ մասը (սույն պարագրաֆում պարունակվող գրավի մասին ընդհանուր կանոնները կիրառվում են հիփոթեքի նկատմամբ») և 234-րդ հոդվածի 4-րդ մասը (սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է»), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի 1-ին պարագրաֆին չվերաբերելու առումով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 63-րդ հոդվածներին հակասող»:
2. Դիմողը հայտնել է, որ թիվ ՇԴ/5185/02/19 քաղաքացիական գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի փետրվարի 19-ի վճռով բավարարվել է անշարժ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին իր հայցը: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ վերոնշյալ վճիռը բեկանվել է և հայցը մերժվել: Այս որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 23-ի որոշմամբ: Դիմողը նշել է, որ հաստատելով վարկային պայմանագրում և դրա կատարումն ապահովող հիփոթեքի պայմանագրում պարտավորությունների չափի անհամապատասխանության փաստը, ինչը հիփոթեքի պայմանագրի առոչինչ լինելու հիմք է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավացիորեն բավարարել է հայցը և կիրառել գործարքի անվավերության հետևանք, այն է վերացնել անշարժ գույքի նկատմամբ գրավի հետ կապված իրավունքների պետական գրանցումը, և իր եզրահանգումը հիմնավորել է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 234, 303 և 304-րդ հոդվածներով: Հղում կատարելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերին, 253-րդ հոդվածին, 226-րդ հոդվածի 5-րդ մասին, 262-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին դիմողը եզրահանգել է, որ գրավի պայմանագրի համար սահմանված ընդհանուր կանոնները, այդ թվում պայմանագրի առոչինչ լինելու վերաբերյալ ընդհանուր դրույթները, կիրառվում են նաև գրավի պայմանագրի տեսակ հանդիսացող հիփոթեքի պայմանագրի նկատմամբ, եթե այլ կանոններ սահմանված չեն հիփոթեքին վերաբերող պարագրաֆում: Հիփոթեքին վերաբերող պարագրաֆում, ի հավելումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի 1-ին պարագրաֆի ընդհանուր կանոնների, սահմանված են հավելյալ (հատուկ) պարտադիր պայմաններ, իսկ գրավի պայմանագրի պայմանները շարադրելու ընդհանուր պահանջի խախտման սանկցիան գրավի պայմանագրի առոչինչ լինելը, վերացված չէ, այն վերացնելու կամ չկիրառելու դրույթ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի 2-րդ պարագրաֆում չկա: Դիմողը վկայակոչել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիրքորոշումն առ այն, որ «(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի 2-րդ պարագրաֆով սահմանված են հիփոթեքի վերաբերյալ իրավակարգավորումները, որոնց ուսումնասիրությունից հետևում է, որ դրանցով սահմանված չեն հիփոթեքի պայմանագրի կանոնները չպահպանելու իրավական հետևանքները, մասնավորապես անվավերությանը կամ առոչինչ գործարք լինելու վերաբերյալ»: Եզրահանգելով, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ, դիմողը գտնում է, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ մասը և 234-րդ հոդվածի 4-րդ մասը հնարավոր է կիրառել դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությանը հակառակ իմաստով, ինչը տեղ է գտել վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ, ապա դա հակասում է Սահմանադրության 1-ին և 63-րդ հոդվածներով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին: Ըստ դիմողի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հիշյալ դրույթները դատարանի կողմից սխալ մեկնաբանվելու պատճառով դրանք չեն կիրառվել այն իմաստով, ինչպիսին ամրագրված է իրավանորմերով: Արդյունքում, դիմողի պնդմամբ, խախտվել են իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով սահմանված և երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունքները:
3. Քննության առնելով դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով միջնորդությամբ դիմողի ներկայացրած հիմնավորումները, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի միջնորդությունը ենթակա է բավարարման:
4. Քննության առնելով դիմումը և ուսումնասիրելով դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոշարադրյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների (...) համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող է լինել այն վեճը, որի հիմքում դրված է ոչ թե կոնկրետ գործի փաստական կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության գնահատման հարցը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նշել է, որ «(...) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Դիմումի ուսումնասիրումից հետևում է, որ դիմողը Սահմանադրական դատարանին առաջադրում է այն հարցը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ մասը և 234-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ իր պնդման, վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մեկնաբանվել ու կիրառվել են սխալ այն իմաստով, որը չի բխում վիճարկվող նորմերի շարադրանքի բառացի բովանդակությունից։ Այսինքն դիմողը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 5-րդ մասի և 234-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանության և կիրառման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Բացի դրանից, ձեռնպահ մնալով դիմողի կողմից իրավական որոշակիության սկզբունքի խախտման վերաբերյալ դիմումում շարադրված փաստարկների բավարարության և վերաբերելիության գնահատականից, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ դիմումը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող նորմերի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ դիմողի փաստարկումներ և դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հիմնավորումներ, ինչը սույն դիմումը դարձնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի ու 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Լենա Եսայանի պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
2. Լենա Եսայանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Թունյան
Ե. Խունդկարյան
23 մայիսի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մայիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
