Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՖԵՈԴՈՐ ՊԵՏԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՖԵՈԴՈՐ ՊԵՏԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-120 սեպտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 սեպտեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 1 | ՖԵՈԴՈՐ ՊԵՏԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

20 սեպտեմբերի 2018թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատական կազմը` Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Ա. Թունյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Ֆեոդոր Պետիկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` Ֆեոդոր Պետիկյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան վերստին ներկայացվել և մուտքագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 3-ին), խնդրելով կայացնել որոշում այն մասին, որ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի դրույթներին:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.

1. Դիմողը գտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործի նախապատրաստական փուլում, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի պահանջներից, ինքը բանավոր միջնորդություն է ներկայացրել, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի խնդրելով դատարանին իրեն աշխատանքի չվերականգնելու դեպքում պարտավորեցնել գործատուին վճարելու օրենքով սահմանված համապատասխան հատուցում:

Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածում նշված չէ միջնորդության ներկայացման գրավոր եղանակի մասին, իսկ ինքը միջնորդությունը ներկայացրել է բանավոր, ինչը հաստատվում է դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչով, մինչդեռ դատարանները գտել են, որ ինքը նման միջնորդություն պատշաճ կարգով չի ներկայացրել:

Դիմողը գտնում է, որ խախտվել է իր իրավունքը օրենդրության ոչ հստակ ձևակերպման պատճառով, դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածը յուրովի մեկնաբանելու և կիրառելու պատճառով:

2. Խնդրո առարկա գործի շրջանակներում կայացված դատական ակտերի վերլուծությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթը նրա նկատմամբ կիրառվել է Վերաքննիչ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ: Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ. «…Բողոք բերած անձը նշել է, որ Դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը, մասնավորապես` ‹‹....դատաքննության նախապատրաստության փուլում հանդես գալով հայտարարությամբ` խնդրել է Դատարանին փոխել հայցի հիմքը և առարկան....: Հաջորդ նիստին նախագահող դատավորին գրավոր միջնորդություն է ներկայացրել հայցի հիմքը և առարկան փոխելու վերաբերյալ, սակայն դատավորը հրաժարվել է այն ընդունել.…»: Նշվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն գործով ձեռք չի բերվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր, որ հայցվորի կողմից հայցի հիմքն ու առարկան փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարանին և որի ընդունումը մերժվել է Դատարանի կողմից: Հետևաբար` Դատարանի կողմից դատավարական նորմի խախտում տեղի չի ունեցել: Միաժամանակ, ուսումնասիրելով դատական նիստերի արձանագրման և համառոտագրման ձայնային կրիչները, Վերաքննիչ դատարանը պարզել է, որ 2017 թվականի մարտի 29-ի դատական նիստի ընթացքում հայցվոր Ֆեոդոր Պետիկյանը, բողոքարկելով պատասխանողի գործողությունները, Դատարանին ընդամենը հայտնել է, որ գործատուի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3- րդ մասի համաձայն իրեն առաջարկ չի եղել այլ աշխատանքի վերաբերյալ, միաժամանակ` ընդունելով նաև, որ գործատուի մոտ տեղի է ունեցել հաստիքի կրճատում…»: Վերաքննիչ դատարանի որոշման նշյալ հատվածի ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ դատական նշյալ ատյանի արտահայտած իրավական դիրքորոշումները չեն վերաբերում դրույթի իրավական բովանդակությանը, դրանք արձանագրում են բացառապես վիճարկվող դրույթով նախատեսված իրավունքի դիմողի կողմից իրացման առկայության կամ բացակայության փաստը, այսինքն կոնկրետ գործով ներկայացված ապացույցների գնահատման արդյունքում է դատարանը եկել համապատասխան եզրահանգման առ այն, թե արդյո՞ք հայցվորի կողմից ներկայացվել է միջնորդություն, թե ոչ: Վերոշարադրյալը վկայում է, որ դիմողը բարձրացրել է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` ՀՀ Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Ֆեոդոր Պետիկյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

20 սեպտեմբերի 2018 թվականի

ՍԴԴԿՈ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 սեպտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել