ԶԱՎԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 38 | ԶԱՎԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 մայիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Զավեն Սիմոնյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Զավեն Սիմոնյանը (այսուհետ նաև՝ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 5-ին)՝ խնդրելով.
«Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի և 132-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և կիրառման համապատասխանությունը ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ դրույթներին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը և 127-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և կիրառման համապատասխանությունը ՀՀ սահմանադրության 6-րդ և 79-րդ հոդվածների դրույթներին»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/4913/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Խնդրահարույց է այն իրողությունը, որ ինչպես ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, այնպես էլ
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը հաստատված են համարել, որ հայցվոր Զավեն Սիմոնյանին պատշաճ կարգով ուղարկվել է թիվ ՎԴ/4913/05/24 վարչական գործով 13.12.2024 թվականին հրապարակված վճիռը և չեն բավարարել բաց թողած ժամկետը հարգելի համարելու հայցվորի և ներկայացուցչի միջնորդությունները»:
Դիմողը նշում է, որ «(...)
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատարանը 13.12.2024 թվականին հրապարակված վճիռը պատշաճ կարգով ուղարկել է իմ ծանուցման համար տրամադրված՝ (...) հասցեով և առաքանին որի մեջ եղել է վճիռը ստացել է Արմեն Հայրապետյան տվյալներով անձնավորություն, որին իբր թե ես տրամադրած եմ եղել «Հայփոստ» ՓԲԸ-ից առաքանի ստանալու վերաբերյալ լիազորագիր, մինչդեռ ես նման լիազորագիր որևէ մեկին չեմ տրամադրել ընդհանրապես, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված գրության համապատասխան փոստատարը ըստ էության բանավոր հայտարարել է, որ իբրև Արմեն Հայրապետյանը իրեն ներկայացրել է իմ տված լիազորագիրը, ստացել առաքանին, ինչից հետո լիազորագիրը հետ է պահանջել, սակայն նման կարգ փոստային ծառայությունում առկա չէ, քանի որ լիազորագիրը մնում է փոստային ծառայությունում, հակառակ դեպքում առերևույթ փոստային ծառայության աշխատակիցը կարող է առաքանին հանձնել որևէ պատահական անձի, իսկ հասցեատերը առաքանին ստանալու հանգամանքը վիճարկելու դեպքում հայտարարի որ տվել է ինչ որ մեկին, ով ներկայացրել է լիազորագիր, ինչից հետո պահանջել է վերադարձնել։ Ընդ որում, գործում որևէ ապացույց առկա չէ, որ Արմեն Հայրապետյանին ես տվել եմ լիազորագիր առաքանի ստանալու կամ իրավաբանական ծառայություններ մատուցելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե կատարված հարցմանը, որը ստորագրել է Արմեն Հայրապետյանը, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բաց թողած ժամկետը հարգելի չհամարելու որոշման հիմքում դրել է նաև այն հիմնավորումը, որ եթե իմ վերաբերյալ նշված հարցումը կատարել է Արմեն Հայրապետյանը և փոստային առաքանին նույնպես ստացել է նա, ուրեմն հաստատված է այն հանգամանքը, որ ես պատշաճ կարգով ստացել եմ վարչական գործով վճիռը, սակայն մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք չեմ ներկայացրել և բաց եմ թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը»։
Դիմողը գտնում է, որ ինքը փաստացի զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից: Դիմողի պնդմամբ՝ «(...) Նույնիսկ, եթե առերևույթ իմ ներկայացուցիչը կամ նույն գրասենյակում աշխատող անձը՝ օրինակ Արմեն Հայրապետյանը, ում ես չեմ ճանաչել ստացել են վճիռը, սակայն պատշաճ կարգով չի հանձնել ինձ կամ սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք չի ներկայացրել, դա դեռ չի նշանակում որ ես զրկվում եմ դատական պաշտպանության դիմելու՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու կամ իմ գործի ընթացքին հետևելու իրավական հնարավորությունից: Իսկ այն, որ վարչական գործում մեկ կամ երկու միջնորդություն ներկայացնելիս որպես ծանուցման հասցե նշված է եղել (...), ապա ցանկանում եմ նշել, որ դա իրավաբանական գրասենյակի հասցեն է, որը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության մեջ նշվել է որպես ծանուցման հասցեն: Մինչդեռ նշված միջնորդությունը ներկայացնելուց հետո 14 օր անց՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցվոր Զավեն Սիմոնյանի և փաստաբան Հասմիկ Վարդանյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել նոր միջնորդություն՝ հայցի հիմքը լրացնելու մասին և միակ ծանուցման հասցե նշված է եղել միայն հայցվոր Զավեն Սիմոնյանի բնակության՝ (...) հասցեն»:
Ըստ Դիմողի՝ քննարկվող համատեքստում ստացվում է, որ «(...) ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/4913/05/24 գործով վճիռը սխալմամբ (...) տարածք ուղարկելու արդյունքում՝ որը ինձ կամ իմ լիազորած փաստաբանին 2024 թվականի հոկտեմբերի 14-ից հետո մինչև օրս այդպես էլ չի հասել: Դեռ ավելին, նման ապացույց վարչական գործում առկա չէ, ես զրկվել եմ դատական պաշտպանության իմ իրավունքը իրացնելու՝ վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու կամ այդպիսի բողոք ներկայացնելու համար որևէ մեկին լիազորելու իմ սահմանադրական իրավունքից, արդյունքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը և 132-րդ հոդվածի 4-րդ մասը սույն գործով ՀՀ վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարանների կողմից կիրառվել են ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ դրույթներին հակասող մեկնաբանությամբ, ինչի հետևանքով խախտվել են իմ իրավունքների դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, իսկ հիմնարար իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումը արգելվում է ՀՀ Սահմանադրությամբ»:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ «(...) սույն գործով ունենք մի իրավիճակ, երբ վարչական գործով վճիռը օրինական ուժի մեջ է մտել ոչ թե օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, այլ մեկ ամիս երկու օր հետո, իսկ օրենքին չհամապատասխանող յուրաքանչյուր իրավաբանական նշանակություն ունեցող փաստական տվյալ չի կարող համապատասխանել օրինականության, որոշակիության և կանխատեսելիության սկզբունքներին և այն չի կարող համարվել օրենքին համապատասխան օրինական ուժ ստացած վճիռ, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և 127-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները իրավակիրառ պրակտիկայում սույն գործով կիրառվել են ՀՀ Սահմանադրության 6-րդ և 79-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(...) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...)»:
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 54-րդ հոդվածի 2-րդ մասի և 132-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչպես նաև Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և 127-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 6 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը։
Ի սկզբանե անդրադառնալով Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասին և 132-րդ հոդվածի 4-րդ մասին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը վկայակոչել է տվյալ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանը 2016 թվականի ապրիլի 26-ի ՍԴՈ-1268 որոշմամբ, ի թիվս այլնի, անդրադառնալով Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցին, արձանագրել է հետևյալը.
«(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-1052 որոշմամբ քննության առարկա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և ՍԴՈ-1254 որոշմամբ քննության առարկա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների տրամաբանության հետ,
(...):
Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումներով քննության առարկա իրավակարգավորումների և սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների բովանդակային համարժեքությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա իրավակարգավորումների առնչությամբ:
(...)
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուժով իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի այն ընկալմամբ, որ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից` այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում:
(...)
Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1249 որոշմամբ ամրագրել է և ՍԴՈ-1254 որոշմամբ կրկին արձանագրել, մասնավորապես, այն իրավական դիրքորոշումները, համաձայն որոնց` «…երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: ... երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով»:
Այսինքն` բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության պատճառաբանվածության այլ պայման Սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներով չի ամրագրել: Տվյալ իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակությունից բխող պայմանն այն է, որ այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետից հետո, ապա պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները»։
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը վկայակոչված ՍԴՈ-1268 որոշմամբ որոշել է.
«(...)
(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:
(...)»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը վկայակոչված ՍԴՈ-1268 որոշմամբ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը՝ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը դատարանի հայեցողությանը թողնվելու և համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի չճանաչվելու մասով:
Այս համատեքստում անդրադառնալով սույն անհատական դիմումի առանցքում ընկած՝ թիվ ՎԴ/4913/05/24 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կայացված՝ «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ տվյալ որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է հետևյալը.
«ՀՀ վարչական դատարանի (...) 23.10.2024 թվականի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, իսկ միջնորդությունը բավարարելու մասին Դատարանի 03.10.2024 թվականի որոշումն ուղարկվել է միջնորդության մեջ նշված ծանուցման՝ (...) հասցեով, որը ստացվել է 09.10.2024 թվականին (հիմք՝ թիվ (...) հետադարձ ծանուցման անդորրագիր (...)):
Դատարանի 13.12.2024 թվականի վճիռն ուղարկվել է նույն հասցեում, որն ստացվել է 18.12.2024 թվականին, ինչը հավաստվում է գործում առկա հետադարձ ծանուցման անդորրագրով (...), մինչդեռ բողոքը Վերաքննիչ դատարան առաքելու համար փոստային ծառայությանն է ներկայացվել 12.08.2025 թվականին (հիմք՝ (...) ծրար), այսինքն՝ բացակայում են իրավունքի ուժով դատավարական ժամկետը վերականգնելու հիմքերը:
(...)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը բողոքաբերին հասանելի է դարձվել վերջինիս կողմից նշած ծանուցման հասցեում, իսկ ներկայացված փաստարկները բավարար չեն միջնորդությունը բավարարելու համար, հետևապես բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման»։
Խնդրո առարկա վարչական գործով Վճռաբեկ դատարանը 2025 թվականի նոյեմբերի 5-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում՝ արձանագրելով, որ «(...) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, (...)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ սույն վարչական գործով կայացված դատական ակտերի համաձայն՝ չի հիմնավորվել վերաքննիչ բողոքի ներկայացման համար սահմանված համապատասխան ժամկետը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից (Դիմողից) անկախ պատճառներով բաց թողնված լինելու հանգամանքը, որի հիման վրա էլ արձանագրվել է տվյալ դատավարական ժամկետն իրավունքի ուժով վերականգնելու հիմքերի բացակայությունը:
Անդրադառնալով Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասին և 127-րդ հոդվածի 1-ին մասին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.
ինչպես արդեն վկայակոչվել է, անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը քննարկվող համատեքստում ևս տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողի կողմից այս առումով բարձրացվել է Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և 127-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 6 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարց:
Այս համատեքստում անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 6-րդ հոդվածին՝ հարկ է արձանագրել, որ այն ամրագրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի (սույն պարագայում՝ դրույթների, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման։
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից քննարկվող համատեքստում վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումով չի հիմնավորում Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 127-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 132-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը։
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Զավեն Սիմոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
15 մայիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-38
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-38
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
