«ՎԻԿՏՈՐ ՏԵՐ-ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 466-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 469-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-195)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 195 | «ՎԻԿՏՈՐ ՏԵՐ-ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 466-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 469-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԻԿՏՈՐ ՏԵՐ-ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 466-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 469-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վիկտոր Տեր-Հովսեփյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի, 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 469-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Վիկտոր Տեր-Հովսեփյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մարտի 10-ին։
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.
«(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 64, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով փաստաբանի լիազորությունները դադարեցնելու հիմքով իրավահարաբերությունները՝ այդ պահից դադարած ճանաչելու պաշտպանության միջոց չի նախատեսում:
(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 64, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով պայմանագրի լուծման հիմք չի դիտարկում դատավարական (վարույթային) կարգավիճակ ունեցող պայմանագրի կողմի (հանձնարարողի) կողմից փաստաբանին տրված դատական (վարույթային) ներկայացուցչության լիազորագրի վերացումը:
(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 64, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով պայմանագրի միակողմանի լուծման հիմք չի դիտարկում դատավարական (վարույթային) կարգավիճակ ունեցող պայմանագրի կողմի (հանձնարարողի) կողմից փաստաբանին տրված դատական (վարույթային) ներկայացուցչության լիազորագրի վերացումը:
(…) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 64, 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով պայմանագրի լուծման պահ չի դիտարկում դատավարական (վարույթային) կարգավիճակ ունեցող պայմանագրի կողմ հանդիսացող կողմի (հանձնարարողի) կողմից փաստաբանին տրված դատական (վարույթային) ներկայացուցչության լիազորագրի վերացման պահը»:
2. Գործի նախապատմությունը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Քաղաքացիական դատարան), քննելով թիվ ԵԴ/18602/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ընդդեմ Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանի ընդդեմ «ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության՝ իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ 2010 թվականի սեպտեմբերի 27-ի պայմանագիրը կատարողի միակողմանի հրաժարման հիմքով լուծված և դրանով նախատեսված պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 12-ից դադարեցված ճանաչելու պահանջի մասին, 2023 թվականի օգոստոսի 16-ին վճռել է.
«1. «ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել ամբողջությամբ․
2. Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանից հօգուտ «ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության բռնագանձել 64,000,000 (վաթսունչորս միլիոն) ՀՀ դրամ։
3. Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանից հօգուտ ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության բռնագանձել 1,920,000 (մեկ միլիոն ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք գումար։
4. Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանի հակընդդեմ հայցը՝ «ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության՝ իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ 2010 թվականի սեպտեմբերի 27-ի պայմանագիրը կատարողի միակողմանի հրաժարման հիմքով լուծված և դրանով նախատեսված պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 12-ից դադարեցված ճանաչելու պահանջի մասին, մերժել ամբողջությամբ։
(…)»:
Հիշյալ վճռով Քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը.
«Ինչ վերաբերում է վերոհիշյալ դատական գործերի մասով հաջողության հոնորար պահանջելու հայցվորի պահանջ ներկայացնելու իրավական հնարավորության առկայությանը, ապա Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/4708/02/17 քաղաքացիական գործով 04.03.2022 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, և հաշվի առնելով թիվ ԵԿԴ/4708/02/17 քաղաքացիական գործով հաստատված հանգամանքները, այդ թվում՝ հայցվորի կողմից պատասխանողին հաջողության հոնորար վճարելու պահանջ ներկայացնելու իրավունք ունենալը, գտնում է, որ սույն գործով հայցը հարուցելու պահին իսկ առկա են եղել ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշմամբ մատնանշված հայցվորի կողմից պատասխանողին հաջողության հոնորար վճարելու պահանջ ներկայացնելու հիմքերը։
(…)
Ստեղծված իրավիճակում, Դատարանը հաստատված է համարում հայցվորի՝ պատասխանողից հաջողության հոնորար բռնագանձելու պահանջ ներկայացնելու հիմքերի առկայությունը, և, միաժամանակ գտնում է, որ հարկադիր կատարման գործողությունների ավարտով, ինչպես նաև պայմանագրի 3․4, 3․4․1, 3․4․2, 3․4․3 և 4․1 կետով սահմանված կարգով ծագել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի՝ հաջողության հոնորար վճարելու պարտականությունը։
Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը պատասխանողից որպես հաջողության հոնարար գումար բռնագանձելու մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման»։
Անդրադառնալով վերոհիշյալ քաղաքացիական գործով հակընդդեմ հայցին՝ Քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը․
«Դատարանը, հետազոտելով հայցվորի կողմից պատասխանողին 07․10․2017 թվականին ուղղված նամակագրությունը, դրա վերաբերյալ պատասխանողից հայցվորին հասցեագրված գրությունը, դատական նիստի ժամանակ լսելով գործին մասնակցող անձանց դիրքորոշումները, ուսումնասիրելով գործին մասնակցող անձանց միջև հիշյալ գրություններին նախորդող ժամանակահատվածում, այդ թվում՝ նաև 06.10.2017 թվականին, տեղի ունեցած քննարկումներն ու գրությունները, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հայցվորի կողմից պատասխանողին 07․10․2017 թվականին ուղղված գրությունը չի կարող համարվել «Իրավաբանական օգնություն տրամադրելու մասին» 27.09.2010թ. պայմանագրի 5․3 կետի հիմքով կատարողի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցում այն պատճառաբանությամբ, որ նախ, հիշյալ գրության մեջ որևէ խոսք չկա հայցվորի կողմից պայմանագրից միակողմանի հրաժարվելու կամ այդպիսի մտադրություն ունենալու մասին, երկրորդ, դրա ուսումնասիրությունից երևում է, որ այն վերաբերում է հայցվորի և պատասխանողի միջև ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի չափի շուրջ առաջացած տարաձայնությանը՝ կապված պատասխանողի կողմից որպես հաջողության հոնորար հայցվորին 45,000 ԱՄՆ դոլար վճարելու առաջարկի հետ։
Դատարանը գտնում է, որ քննարկվող նամակագրությունն իրենից ներկայացնում է ոչ թե պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցում, այլ պայմանագրի հնարավոր լուծման դեպքում պայմանագրով նախատեսված վճարման ենթակա հոնորարի չափի մասին քննարկում, կողմերի միջև հոնորարի չափի հետ կապված անհամաձայնություն, հիշյալ հարցի կարգավորման հետ կապված սեփական տեսակետի արտահայտում, հայցվորի և պատասխանողի միջև հաջողության հոնորարի վճարման շուրջ առաջացած վեճի հնարավոր դատական լուծման հնարավորության վերաբերյալ մտորումներ, ինչն ամենևին չի կարող որակվել որպես պայմանագրից միակողմանի հրաժարում, կամ պայմանագիրը միակողմանի լուծելու ծանուցում, քանի որ այն ո´չ պարունակում է նշում պայմանագիրը լուծելու ցանկության վերաբերյալ, ո´չ նշում պայմանագիրը լուծելու ժամկետների վերաբերյալ, ո´չ էլ նշում պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում նույն պայմանագրով նախատեսված փոխադարձ պարտավորությունների կատարման հետագա ընթացքի վերաբերյալ։
Միաժամանակ, հայցվորը դատական նիստերի ժամանակ բազմիցս հայտարարել է այն մասին, որ Հայցվորի կողմից պատասխանողին 07․10․2017 թվականին հասցեագրված գրությունը հայցվորը չի համարել և չի համարում պայմանագրից միակողմանի հրաժարվելու ծանուցում։ Այս առումով, Դատարանն ավելորդ չի համարում նշել, որ Դատարանի համար Հայցվորի կողմից պատասխանողին ուղղված 07․10․2017 թվականի գրությունը պայմանագրից հրաժարվելու մասին ծանուցում որակելիս, առնվազն անտրամաբանական կթվային հայցվորի գործողություններն այն առումով, որ հայցվորի և պատասխանողի տարբեր նամակներում անընդհատ խոսելով ու քննարկելով հաջողության հոնորարի վճարման ժամկետի, չափի և կարգի մասին, քննարկվող գրության մեջ այդպես էլ որևէ կոնկրետ խոսք անգամ չկա հիշյալ հարցի վերաբերյալ վերջնական մոտեցում, դիրքորոշում կամ առաջարկ ունենալու վերաբերյալ, ինչը ևս Դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ քննարկվող գրությունը պայմանագրից հրաժարվելու ծանուցում համարվել չի կարող»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը Քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/18602/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի օգոստոսի 16-ի վճռի դեմ, 2024 թվականի ապրիլի 26-ին որոշել է.
«1. Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի:
2. Թիվ ԵԴ/18602/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.08.2023 թվականի վճիռը՝ սկզբնական հայցադիմումով ներկայացված Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանից հօգուտ «ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության 64.000.000 (վաթսունչորս միլիոն) ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջը բավարարելու մասով, թողնել անփոփոխ:
3. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.08.2023 թվականի վճիռը՝ հակընդդեմ հայցի մասով բեկանել և թիվ ԵԴ/18602/02/22 քաղաքացիական գործի վարույթն ըստ հակընդդեմ հայցի՝ Վիկտոր Սուրենի Տեր-Հովսեփյանի ընդդեմ «ԻՆՎԵՍԹՄՆԹ ԼՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության՝ իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ 2010 թվականի սեպտեմբերի 27-ի պայմանագիրը կատարողի միակողմանի հրաժարման հիմքով լուծված և դրանով նախատեսված պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 12-ից դադարեցված ճանաչելու պահանջի մասով, կարճել:
(…)»:
Հիշյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը, համադրելով սույն գործում առկա փաստերը, ելնելով Պայմանագրում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ինչպես նաև Պայմանագրի պայմանների և ամբողջական իմաստի համադրման կանոնի կիրառմամբ, գտնում է, որ տվյալ պարագայում հայցվոր Ընկերության կողմից Պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցված են եղել, որոնց արդյունքում Պատասխանողը հասել է իրեն անհրաժեշտ վերջնական արդյունքին՝ որպես սեփականություն ստանալով անշարժ գույքը:
(…)
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ սույն գործով հաստատվել է Հայցվորի՝ Պատասխանողից հաջողության հոնորար բռնագանձելու պահանջ ներկայացնելու հիմքերի առկայությունը, և հարկադիր կատարման գործողությունների ավարտով, ինչպես նաև Պայմանագրի 3․4, 3․4․1, 3․4․2, 3․4․3 և 4․1 կետերով սահմանված կարգով ծագել է Վիկտոր Տեր-Հովսեփյանի՝ հաջողության հոնորար վճարելու պարտականությունը։
(…)
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ պատասխանողն ակնկալվող վերջնական արդյունքին հասել է իրավունքի պաշտպանության այլ եղանակ ընտրելու արդյունքում, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում՝ դրա կատարման միջոցների ընտրությունը, որևէ կերպ չի կարող գնահատվել որպես իրավունքի պաշտպանության այլ եղանակ և դրա հետ պայմանավորել վերջնական արդյունքը, քանի որ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի՝ հաջողության հոնորարի վճարման պայման է հանդիսացել բացառապես վերջնական արդյունքի հասնելը:
(…)
Վերոգրյալի հիմքով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև հաջողության հոնորարի վճարման պարտականությունը կախվածության մեջ է դրվել դրամական միջոցները և/կամ այլ գույքը փաստացի ստանալու պահից, ինչի արդյունքում հոնորարի վճարման պահը հետաձգվել է, այնուամենայնիվ վճարման պարտավորությունը՝ որպես Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման հանդիպական պարտավորություն, ծագել է մինչև 2017 թվականի հոկտեմբերի 12-ը Ընկերության կողմից իրականացված գործողությունների հետևանքով, ինչի արդյունքում հետագայում վրա է հասել Պայմանագրով նախատեսված վերջնական արդյունքը: Հաշվի առնելով, որ հոնորարը վճարելու հանդիպական պարտավորության ծագման համար անհրաժեշտ նախապայմանը սույն դեպքում Ընկերության կողմից կատարվել է մինչև բողոքաբերի վկայակոչած ժամկետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 12-ը, ապա Պայմանագիրը նշված օրվանից լուծված համարելու հանգամանքը էական նշանակություն չի կարող ունենալ հաջողության հոնորարի վճարման պարտավորության ծագման հարցում:
Վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցով ներկայացված պահանջը՝ Պայմանագիրը կատարողի միակողմանի հրաժարման հիմքով լուծված և դրանով նախատեսված պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 12-ից դադարեցված ճանաչելու մասին, առարկայազուրկ է:
(…)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակը ենթադրում է, որ հայցադիմումով ներկայացվող պահանջը պետք է ուղղված լինի կողմերի միջև առկա իրավահարաբերությունը դատական ակտով դադարեցնելուն, այլ ոչ թե իրավահարաբերությունը դադարած լինելու դեպքում, այն այդպիսին ճանաչելուն: Այլ կերպ ասած, պայմանագրից բխող քաղաքացիական իրավահարաբերությունները դատական կարգով դադարեցնելու պահանջ ներկայացված լինելու պարագայում այդ պարտավորությունները դադարում են գոյություն ունենալ այն պահից, երբ օրինական ուժի մեջ է մտել նշված պահանջը բավարարող դատական ակտը:
Սույն դեպքում Պատասխանողը հակընդդեմ հայցադիմումով ներկայացրել է իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ 2010 թվականի սեպտեմբերի 27-ի պայմանագիրը կատարողի միակողմանի հրաժարման հիմքով լուծված և դրանով նախատեսված պարտավորությունները 2017 թվականի հոկտեմբերի 12-ից, այսինքն՝ իրավահարաբերությունը դադարեցված ճանաչելու պահանջ, որպիսի պահանջը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, հետևաբար հակընդդեմ հայցադիմումի մասով առկա է գործի վարույթը կարճելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»:
Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:
3. Դիմողի դիրքորոշումները
Վիկտոր Տեր-Հովսեփյանը (այսուհետ՝ Դիմող) հայտնում է, որ «(…) փաստաբանի և դատավարական (վարույթային) կարգավիճակ ունեցող (հանձնարարող) անձի միջև դատավարական (վարույթային) ներկայացուցչության հարաբերություններում առաջնայինը վերջինիս կողմից փաստաբանին տրված լիազորագիրն է, և դրա վերացմամբ դադարում են այդ հարաբերությունները, իսկ օրենսդիրը, ապահովելու համար արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, պարտավոր է կանոնակարգել, սահմանափակել փաստաբանի տնտեսական գործունեության ազատության իրավունքը»:
Անդրադառնալով վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությանը՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը, 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 469-րդ հոդվածի 3-րդ մասն իրավական, դատական պաշտպանության միջոց չի նախատեսել անձի՝ իր ներկայացուցիչ փաստաբանի լիազորագիրը վերացնելու հիմքով նրա հետ իրավահարաբերությունը դադարեցնելու, կնքած պայմանագիրը լուծելու համար:
Դիմողի կարծիքով՝ անձի՝ իր փաստաբանի հետ պայմանագիրը վերանայելու պաշտպանության միջոցի բացակայությունը չհաղթահարվող իրավական բաց է, քանի որ չի ապահովում դատարանի մատչելիության, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ կենսագործումը:
Օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով վիճարկվող դրույթներում առկա ենթադրյալ օրենսդրական բացին՝ Դիմողը հայտնում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի, 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 469-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման թերություն, և օրենսդիրը չի կարող ձեռնպահ մնալ, վերջինս չունի հայեցողության ազատություն՝ չսահմանելու նյութաիրավական նորմեր, որոնք կապահովեն անձի՝ իր փաստաբանի հետ իրավահարաբերությունը դադարեցնելու, պայմանագիրը լիարժեքորեն վիճարկելու իրավունքը:
Այս համատեքստում Դիմողը նաև հայտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով հնարավոր չէ հաղթահարել տվյալ իրավական բացը, և իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:
4. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) նշում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոցները սահմանելիս չի սահմանափակել պաշտպանության եղանակները և նույն հոդվածի 13-րդ կետով ամրագրել է օրենքով նախատեսված պաշտպանության այլ եղանակներ։
Բացի դրանից, Պատասխանողը գտնում է, որ օրենսդիրը չի կարող սպառիչ թվարկել խախտված իրավունքների պաշտպանության հնարավոր բոլոր եղանակները, և միաժամանակ դատարաններն էլ չպետք է սահմանափակվեն միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-12-րդ կետերում նշված պաշտպանության եղանակներով և յուրաքանչյուր գործով պետք է քննարկման առարկա դարձնեն այդ իրավահարաբերությունը կարգավորող այլ նորմերով՝ իրավունքի պաշտպանության միջոցների սահմանված լինելու հարցը։
Միաժամանակ Պատասխանողի կարծիքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ անձն ունի իր կողմից կնքված պայմանագիրը որոշակի ընթացակարգով լուծված համարելու իրավունք, հետևաբար՝ այդ իրավունքը ենթադրում է նաև դատական պաշտպանության հնարավորություն։ Ուստի՝ նման պայմաններում Պատասխանողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետը և 466-րդ հոդվածի 3-րդ մասը համակարգային կիրառմամբ ապահովում են դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքները։
Պատասխանողը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 2-րդ մասը, նշում է, որ «պայմանագիրը լուծված համարելու» պահանջի քննարկումը հանգեցնում է իրավահարաբերության դադարեցման (պահանջը բավարարելու դեպքում)։ Հետևաբար՝ «պայմանագիրը լուծված համարելու» պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված իրավունքի պաշտպանության եղանակներից։
Վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ Պատասխանողը գտնում է որ Դիմողի այն պնդումը, որ փաստաբանին տրված լիազորագրի վերացումն անխուսափելիորեն պետք է հանգեցնի անձի և փաստաբանի միջև կնքված պայմանագրի լուծման, անհիմն է, քանի որ փաստաբանին տրված լիազորագիրը և փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը հետապնդում են տարբեր նպատակներ, տարբեր իրավական հետևանքներ են առաջացնում համապատասխան սուբյեկների համար և կարգավորում են տարբեր իրավահարաբերություններ։
Բացի դրանից, ըստ Պատասխանողի՝ յուրաքանչյուր մասնավոր դեպք օրենսդիրը չի կարող կանխատեսել և սահմանել որպես իրավահարաբերությունների դադարման որոշակի հիմք կամ պայմանագրերի լուծման որոշակի հիմք, այլ սահմանում է կանոն, որի շրջանակներում կողմերին հնարավորություն է տալիս, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով, նախատեսելու փոխադարձ համաձայնությամբ ընդունելի կարգավորումները։
Այսինքն, ըստ Պատասխանողի՝ դատական ներկայացուցչության լիազորագրի վերացման փաստը որպես պայմանագրի լուծման իմպերատիվ հիմք չսահմանելն ինքնին չի բացառում նման հիմքի սահմանումը կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Ի լրումն վերոգրյալի՝ Պատասխանողը նաև հայտնում է որ վիճարկվող դրույթներում առկա չէ օրենսդրական բաց, քանի որ Օրենսգրքի 437 և 438-րդ հոդվածների ուժով կողմերը կարող են պայմանագրով նախատեսել ցանկացած՝ օրենքով չնախատեսված պայման, եթե տվյալ պայմանի բովանդակությունը սահմանված չէ օրենքի իմպերատիվ նորմով։
Պատասխանողի կարծիքով՝ օրենսդիրը, չսահմանելով դատական ներկայացուցչության լիազորագրի վերացումը՝ որպես փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի իմպերատիվ լուծման հիմք, միաժամանակ սահմանել է դրան ուղղված համապատասխան իրավական երաշխիքներ՝ պայմանագրի ազատության սկզբունքի համատեքստում։
Պատասխանողը գտնում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր և բավարար փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը։
Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը խնդրում է «Վիկտոր Տեր-Հովսեփյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի, 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 469-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։
5. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, Դատական դեպարտամենտից և Սնանկության դատարանից պահանջված և ստացված դատական գործերը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:
Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածով ամրագրված է Սահմանադրական դատարանի կողմից գործի վարույթը կարճելու հիմքերը։ Մասնավորապես՝ նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր։ Իսկ նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին.
Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ այն վեճերը, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը) սահմանադրականության գնահատման հարցեր։
Տվյալ դեպքում վիճարկվող նորմերի վերաբերյալ Դիմողի կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում, 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 469-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է օրենսդրական բաց, քանի որ վիճարկվող հոդվածներով դատական պաշտպանության միջոց չի նախատեսվել անձի՝ իր ներկայացուցիչ փաստաբանի լիազորագիրը վերացնելու հիմքով նրա հետ իրավահարաբերությունը դադարեցնելու, կնքած պայմանագիրը լուծելու համար:
Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցերին (մասնավորապես՝ ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143): Այսպես՝ 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:
Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև սույն գործով զեկուցող դատավորի կողմից Դատական դեպարտամենտից և Սնանկության դատարանից պահանջված և ստացված թիվ ԵԿԴ/2705/02/09 , ԵԿԴ/4708/02/17 , ԵԴ/18602/02/22 , ՍնԴ/4019/04/24 և ՍնԴ/0017/02/25 դատական գործերի ուսումնասիրությունից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթների առնչությամբ բարձրացված հարցը (որը ներկայացված է որպես օրենսդրական բաց) ուղղակիորեն կարգավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 466, 469 և 780-րդ հոդվածներով։ Նման պայմաններում Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը կենթադրի Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/18602/02/22 քաղաքացիական գործի շրջանակում դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում։
Վերոնշյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթների կիրառմամբ դատարանների կողմից կայացված դատական ակտերին, ըստ էության օրենսդրական բացի համատեքստում քողարկված ձևով բարձրացնում է այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականությանը, այլ դատական ակտերի օրինականության, այդ դատական ակտերով վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարցին, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։
Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ դիմումով Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց առաջադրված չլինելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վիկտոր Տեր-Հովսեփյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի, 466-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 469-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 դեկտեմբերի 2025 թվական
ՍԴԱՈ-195
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-195
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
