«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 49-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-83)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 ապրիլի 2020թ. ՍԴԱՈ - 83 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 49-ՐԴ ԳԼԽԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 49-ՐԴ ԳԼԽԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի և 49-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Քրեական գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ (քրեական գործ ԵԱԴԴ/0059/01/17) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան և խնդրել որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի և 49-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Դիմողի կողմից վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ հետևյալ դրույթների սահմանադրականությունը. Ա/ Հոդված 41. Դատարանի լիազորությունները
1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:
2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես
1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները.
2) գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը.
3) քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով.
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.
5) դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.
6) դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.
7) դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.
8) օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:
3. Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Բ/ Օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխի 427-438-րդ հոդվածները, որոնցով սահմանվում և կարգավորվում են դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և դրանց ի կատար ածելումը, դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությունը, դատական որոշումը ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովումը, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծումը, դատական որոշման կատարման հետաձգումը, տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելը, պատիժը կրելուց ազատելը հիվանդության պատճառով, պատժից պայմանական վաղակետ ազատելը և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը, դատապարտյալի հետախուզումը և մի շարք այլ հարցեր: Դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի հոկտեմբերի 14- ին:
2. Դիմողը կարծում է, որ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու առումով գործնականում կարող են առաջանալ և առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ հանցանքների համակցության մեջ ընդգրկված հանցանքների վերաբերյալ գործերը զուգահեռ քննվում են տարբեր առաջին ատյանի դատարանների կողմից, կամ առաջին ատյանի դատարաններից մեկը գործի քննությունը սկսում է այն ժամանակ, երբ մյուս առաջին ատյանի դատարանն ավարտած է լինում գործի քննությունը, սակայն դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի լինում և գտնվում է բողոքարկման փուլում: Ըստ դիմողի նման պայմաններում անձի նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու համար առաջին ատյանի դատարաններից մեկը պետք է դատավճիռ կայացնի միայն այն ժամանակ, երբ մյուս առաջին ատյանի դատարանը, ինչպես նաև վերադաս դատարանները (վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկումների դեպքում) կավարտեն մյուս գործի քննությունը և կայացված դատավճիռը կմտնի օրինական ուժի մեջ: Դիմողը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելու ժամկետը մեկ այլ գործի քննության ավարտով պայմանավորելը անհամատեղելի է քրեական գործի արդար դատաքննության բաղադրիչ հանդիսացող ողջամիտ ժամկետների հետ, վտանգում է պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, տուժողների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ մինչև մյուս գործի քննության ավարտը կարող են հոսել Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները, և մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ տուժողը զրկվի քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայց հարուցելու և դրա հիման վրա բավարարում ստանալու հնարավորությունից:
Դիմողը գտնում է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի և 49- րդ գլխի դրույթները այնքանով, որքանով չեն նախատեսում դատական ակտի կատարման փուլում տարբեր դատավճիռներով նշանակված պատիժները համակցելու անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգ և դատարանի լիազորություն, առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածների պահանջներին»:
3. Պատասխանողի կարծիքով «դիմումում բարձրացված խնդիրները կարող են առաջանալ նաև այն դեպքերում, երբ հանցանքների համակցության մեջ ընդգրկված հանցանքների վերաբերյալ գործերը զուգահեռ տարբեր առաջին ատյանի դատարանների կողմից քննելիս դրանք միացվեն և քննվեն մեկ դատարանի կողմից մեկ վարույթում, և, ըստ էության, առկա իրավակարգավորումների պարագայում ևս, քրեական գործերից մեկի ավարտը պայմանավորվում է մյուսով, որն էլ կարող է վտանգել ինչպես քրեական գործի քննության արդյունավետությունը, ողջամիտ ժամկետում քննությունը, այնպես էլ` ՀՀ քրեական օրենսգրքով երաշխավորված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, քանի որ օբյեկտիվորեն կարող են անցնել քննվող
հանցագործություններից որոշների կամ դրանցից որևէ մեկի վաղեմության ժամկետները»:
Պատասխանողը նշում է նաև, որ նկարագրված իրավիճակում խախտվում է կրկին անգամ չդատվելու սկզբունքը, որն իր բովանդակությամբ ենթադրում է պետության պարտականությունը` նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը:
Պատասխանողը հարկ է համարում նշել,որ տվյալ իրավիճակում առկա է ոչ թե Օրենսգրքի վիճարկվող դրույթներում առկա իրավունքի բացի սահմանադրականության հարց, այլ կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայություն, որի հաղթահարումը գտնվում է օրենսդիր մարմնի իրավասությունների շրջանակում:
4. Ուսումնասիրելով դիմումը և պատասխանողի գրավոր բացատրությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելը (1-ին մասի 1-ին կետ) և դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ):
Դիմումի, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում է, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է կարճման, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ իրավունքի այնպիսի բացի հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ:
Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է օրենսդրական բացի հիմնահարցերին (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922,
ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143):
4.1. Վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 04.09.2019թ. ՍԴՈ-1476 որոշմամբ գտել է.
«1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»:
4.2. Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որոնք խախտում են կամ կարող են խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Դատարանի կարծիքով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգի և դատարանի լիազորության բացակայության պայմաններում մի շարք խնդիրներ կարող են առաջանալ վաղեմության ժամկետներն անցնելը, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կիրառումը, տուժողների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրականացման անհնարինությունը և այլն: Կոնկրետ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունն այն է, որ որևէ կոնկրետ գործով դիմում ներկայացնելիս դատարանները պետք է հիմնավորեն, որ նշված բացասական հետևանքները ոչ թե կարող են վրա հասնել, այլ կոնկրետ գործի շրջանակներում անխուսափելիորեն վրա են հասնելու:
Միաժամանակ, դատարանն իր դիմումով ներկայացրել է բարձրացված խնդրի լուծման հնարավոր տարբերակները, ինչն արդեն իսկ բացառում է այնպիսի օրենսդրական բացի առկայությունը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով:
Բացի դրանից, և΄ դիմողի, և΄ Ազգային ժողովի կողմից ներկայացվել են տարբեր երկրների սույն դիմումով բարձրացված խնդրի լուծման տարբերակներ, ինչը նշանակում է, որ դիմողի կողմից բարձրացված հարցը չունի Սահմանադրությունից ուղղակիորեն բխող որևէ շատ կոնկրետ լուծում, այլ այդ հարցի լուծումները կարող են տարբեր լինել, իսկ դրանցից որևէ մեկի ընտրությունը պայմանավորված նաև դիմողի կողմից բարձրացված խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությամբ, Ազգային ժողովի հայեցողության տիրույթում է:
Հետևաբար դիմողի կողմից բարձրացված իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ուստի նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի և 49-րդ գլխի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
14 ապրիլի 2020 թվականի
ՍԴԱՈ-83
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-83
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
